ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Պաշտոնապես տրված է ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը
2018-11-26 08:26:44

Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 2 դաշինք:

  1. ՀՀԿ
  2. «Քաղաքացու որոշում»
  3. ՀՅԴ
  4. «Իմ քայլը» դաշինք
  5. «Լուսավոր Հայաստան»
  6. «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ»
  7. «Ազգային Առաջընթաց»
  8. «Մենք» դաշինք
  9. «Օրինաց երկիր»
  10. «Սասնա ծռեր»
  11. «Բարգավաճ Հայաստան»

ՀՀԿ ցուցակում 127 թեկնածու կա, ցանկը գլխավորում է Վիգեն Սարգսյանը, երկրորդ և երրորդ տեղերում Արփինե Հովհաննիսյանը և Դավիթ Շահնազարյանն են։

«Քաղաքացու որոշում» Սոցիալ Դեմոկրատական կուսակցությանն ունի 81 թեկնածու, առաջին եռյակում են Սուրեն Սահակյանը, Արտակ Կիրակոսյանը, Ռուզաննա Տոռոզյանը։

ՀՅԴ ցուցակի 152 թեկնածուներից առաջին երեք տեղերում են Արմեն Ռուսատմյանը, Արսեն Համբարձումյանը, Արթուր Խաչատրյանը։

«Իմ քայլը» դաշինքի ցուցակում 183 թեկնածու կա, առաջին տեղում Նիկոլ Փաշինյանն է, երկրորդում՝ Արարատ Միրզոյանը, երրորդում ՝ Լենա Նազարյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակում 157 թեկնածու է նշված, առաջին եռյակում կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է, Մանե Թանդիլյանը, ապա՝ Արման Բաբաջանյանը։

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության համապետական ցուցակում 85 թեկնածու է ներկայացված, առաջին եռյակում են Լևոն Շիրինյանը, Մարիամ Մանուկյանը, Գևորգ Հովսեփյանը։

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակում 84 թեկնածու կա: Սա միակ քաղաքական ուժն է, որի համապետական ցուցակը կին է գլխավորում։ Առաջին եռյակում են՝ Լուսինե Հարոյանը, Սամվել Մելիքյանը, Արամ Մանուկյանը։

«Մենք» դաշինքը, որի կազմում են «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, 134 թեկնածու է ներկայացրել, առաջին եռյակում են կուսակցությունների նախագահները՝ Արամ Սարգսյանը և Խաչատուր Քոքոբելյանը, «Ազատ դեմոկրատներ»-ի փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։

«Օրինաց երկիր» կուսակցության համապետական ցուցակում 132 թեկնածու կա, առաջին եռյակում են, ինչպես միշտ, Արթուր Բաղդասարյանը, Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը։

«Սասնա Ծռեր» կուսակցության ցուցակում 174 թեկնածու է նշված, առաջին եռյակում են Վարուժան Ավետիսյանը, Ստեփան Գրիգորյանը, Գարեգին Չուգասզյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում 176 թեկնածու կա, եռյակում են Գագիկ Ծառուկյանը, Միքայել Մելքումյանը, Արթուր Գրիգորյանը։

Քարոզչության համար ընտրական օրենսգրքով սահմանված է 12-օրյա ժամկետ, այն կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը: Ազգային Ժողովի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին:

Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են գործող ԸՕ-ով: ԸՕ-ում փոփոխությունների փաթեթը, որով նախատեսվում էր անցում պարզ համամասնական ընտրակարգի, հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում չարժանացավ խորհրդարանի հավանությանը:

Ազգային ժողովը կձևավորվի համամասնական ընտրական համակարգով, որը բաղկացած է երկու աստիճանից։ Թեկնածուները ընտրություններին կարող են մասնակցել միայն կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների համապետական կամ տարածքային ցուցակում ընդգրկվելով։ Հայաստանի Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով և պետք է ունենա առնվազն 101 պատգամավոր:

ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկի առթիվ ուղերձ է հղել նախագահ Արմեն Սարգսյանը:
Նա կարևորել է առաջիկա ընտրությունները՝ մեր երկրի զարգացման և հեռանկարի առումով: Վստահություն է հայտնել, որ «ազատ, հավասար ու օրինական ընտրություններն» այլևս կլինեն մեր նոր պատմության անբաժանելի մասը ։

«Դիմում եմ ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցություններին և դաշինքներին. հույս ունեմ, որ մեծագույն պատասխանատվությամբ եք մոտեցել ձեր քաղաքական հայտերի՝ թիմերի և ծրագրերի ձևավորմանը: Դրանք ուղենշելու են Հայաստանի հետագա զարգացման ճանապարհները:»,- ասվում է ուղերձում։

Նախագահը դեմել է նաև քաղաքացիրենին.

«Ծրագրերի քննարկման ժամանակ եղե՛ք պահանջատեր, լսե՛ք բոլորին, որպեսզի տեղեկացված և գիտակցված կերպով կատարեք ձեր ընտրությունը։ Կայացրե՛ք ձեր որոշումը Հայաստանի զարգացման ձեր պատկերացումներին, ձեր արժեքներին համապատասխան: Հիշե՛ք, որ բոլորիցս և յուրաքանչյուրիցս է կախված Հայաստանի ապագան»։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին մասնակցելու համար նոյեմբերի 26-ից արձակուրդ է վերցրել:

Տես նաև՝