ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ահաբեկիչները Հալեպը ռմբակոծել են ինքնաշեն ականներով
2018-11-26 10:02:45

Հալեպի բնակելի թաղամասերը կիրակի երեկոյան կրկին հայտնվել են ահաբեկչական զինված խմբավորումների կրակահերթերի տակ: Սիրիական աղբյուրների համաձայն տուժածներ չկան:

Նախօրեին տեղի ունեցած քիմիական հարձակման ժամանակ կիրառվել են ինքնաշեն 120 միլիմիտրանոց ականներ, որոնք լցոնված են եղել թունավոր նյութերով` vesti.ru-ի փոխանցմամբ՝ տեղեկացրել է ՌԴ Զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանական զորքերի փոխգնդապետ Կոնստանտին Պոտյոմկինը: Նրա խոսքով, զինամթերքի բեկորների նախնական ուսումնասիրության արդյունքում այդպիսի եզրահանգման են եկել ռուսաստանցի մասնագետները:

Մասնագետները իրավիճակը պարզելու համար մոնիտորինգ են իրականացնում նաև Հալեպի բնակելի շրջաններում՝ հավելել է փոխգնդապետը:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տվյալներով քիմիական զենքից վնասվել է 46 մարդ, այդ թվում 8 երեխա:

ՌԴ ՊՆ-ի ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը երեկ տեղեկացրել էր, որ ռուսական օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել շաբաթ Հալեպում քիմիական հարձակում իրականացրած ահաբեկիչների դիրքերին: Նա նաև նշել էր, որ ավիահարվածների արդյունքում ահաբեկիչների բոլոր թիրախները ոչնչացվել են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հալեպում գործող ահաբեկչական խմբավորումները թունավոր նյութերով ռմբակոծել են քաղաքի բնակելի թաղամասերը:

Սիրիայի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կոչ անելով դատապարտել Հալեպի հարձակումը:

Սիրիական պատերազմի ընթացքում առաջին անգամը չէ, որ քիմիական զենք է օգտագործվում: ՄԱԿ-ի տվյալներով քիմիական զենք է կիրառվել առնվազն 30 անգամ, որի համար կազմակերպությունը մեղադրել է և՛ սիրիական կառավարությանը, և՛ զինված խմբավորումներին:

Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոսության նախնական տվյալներով՝ տուժածների շրջանում հայեր չկան: