Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Անմահության մարտիկ երգող Ռուբոն
2019-05-24 17:34:30

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Արագածոտնի մարզի Պարտիզակ գյուղում է ապրում 2014-թի օգոստոսի 4-ին դիպուկահարի կրակոցից զոհված երգող Ռուբոյի ընտանիքը: Ռուբոն՝ Արամ Գրիգորյանը, շրջապատի ուրախությունն էր, նրա երգերը հնչել են թե պատերազմի դաշտում, թե խաղաղ պայմաններում:

Ռուբոյի բանաստեղծությունները տեղ են գտել ամիսներ առաջ հրատարակված Աննա Կոստանյանի  «Անմահության մարտիկները» գրքում:

Անձնագրում՝ Արամ, շրջապատում՝ Ռուբո, Արցախի պաշտպանական դիրքերում՝ չեչեն, այս անուններով են ճանաչում Վերին Բազմաբերդցի երգող Ռուբոյին, ում երգերը հյուսվում էին հայրենիքի ու մոր սիրուց: Նա գրում էր բանաստեղծություններ, հետո մտմտում մեղեդի, որն արդեն երգ դարձած թնդյունով շառաչում էր Արցախի լեռներում, հասնում  թշնամուն, հասկացնելով՝ եկել է  իր պապերի կիսատ թողած վրեժը լուծելու:

Բազմաբերդում մշեցու և սասունցու ընտանիքում ծնված Արամ Գրիգորյանը՝ Ռուբոն, Խորհրդային բանակում ծառայելուց հետո զենք է վերցրել ու  մեկնել Արցախ՝ պաշտպանելու հայրենի հողը: Մասնակցել է Մեղրու և Նոյեմբերյանի սահմանների պաշտպանությանն,  ապա հասել Արցախ:

Չեչեն Ռուբոյի սերը հայրենիքն էր, ավելի ուշ մտածել էր իր կյանքի մեկ ուրիշ սիրո մասին: Կինը՝ Մարինե Գրիգորյանը պատմում է, որ ամուսինն իրենից 11 տարի մեծ էր, ամուսնացել է 30 տարեկանում

«Ինքը 23 տարի ծառայել է հայրենիքին, պայմանագրային զինծառայող էր: Ամուսնացանք ու գնացինք Արցախ, Հավսաթաղ գյուղ»: 

Խաղաղ պայմաններում ապրող կնոջ համար շարունակ հնչող կրակոցները անսովոր են եղել, ապրել է դժվարությամբ, վախը սրտում: Հավսաթաղը Քարվաճառի շրջկենտրոնից 30 կմ հեռավորության վրա էր՝ ձորակում: Մարինեն ասում է՝  կարծես թոնրի մեջ լինեին, գյուղի դիրքն էր այդպիսին, որտեղից լսվող կրակոցները միշտ վախ են պատճառել.

«Անլույս, չկություն, ոչ մի բան չկա, ես այնտեղ երեխա եմ կորցրել: Ինքը 2 ամիս ծառայության մեջ էր, ես մենակ տանը»:

Այգի են հիմնել, անասնապահությամբ զբաղվել,  9 տարի հետո  2008թ-ին վերադարձել Վերին Բազմաբերդից քիչ հեռու գտնվող Պարտիզակ գյուղ  և տուն գնել: Ռուբոն իր շրջապատի ուրախությունն էր, նրա հետ նույնիսկ դիրքերում թեթև է անցել:

2014 թ-ի ամռանը հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակը հանգիստ չի տվել նրան: Լսել էր իր գյուղում կազմակերպված դիվերսիոն հարձակման մասին՝ 17 տարեկան երեխային մատաղ էին արել տատ ու պապի գերեզմանին: Ռուբոն ցասումով է լցվել ու գնացել Արցախ:

2014թ օգոստոսին 2-ին բարձրացել է  դիրքեր՝ տանը թողնելով կնոջը, 3 անչափահաս երեխային և հարազատ մորը փոխարինող, բայց  Ռուբոյին հարազատ մոր պես սիրող Վիկտորիային, ով դեմ էր տղայի մեկնելուն:

«Տատի ջան, ըսից, իմալ չերթամ, ես չերթամ, ընի  չերթա, թուրքեր գիքան գլցվին Էրևան, իմալ ես չերթամ, ինք շատ հայրենասեր տղա էր: Նստավ մեքենան, դառավ, մեքենայից իջավ, եկավ, ընձի ու էրեխին ըդենց գրկառնվավ, ըսից՝ տատի ջան, ես հընդը կերթամ, իմ հույս քու վրեն է»:

2 օր հետո, 2014թ օգհոստոսի 4-ին Ռուբոն զոհվել էր  դիպուկահարի կրակոցից, նրա  որդին՝ Ռազմիկը 1 տարի 2 ամսական էր, կրտսեր աղջիկը՝ Վիկտորիան՝ 3, ով մի քիչ աղոտ, բայց  հիշում է հորը:

Վիկտորիան երազում է նկարչուհի դառնալ, նրա նկարներում վառվռուն գույներ են: Հպարտությամբ է խոսում հոր և հայրենիքի սիրո մասին, այն  արտահայտում  Սասունցի Դավիթ էպոսից մի հատված արտասանելով, որտեղ չի նշմարվում երեխայի խոսքի արատը՝ կակազությունը:

Արամ Գրիգորյանը՝ երգող, չեչեն Ռուբոն հուղարկավորվել է հայրենի Վերին Բազմաբերդ գյուղում, մշակույթի տան դիմաց, հրապարակում, որտեղ կանգնեցվել է նրա արձանը, իսկ մշակությի տանը բացվել՝ հիշատակի անկյուն:  Արամ Մկրտչի Գրիգորյանը  հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով:

Մարինեն ու Վիկտորիան դժվարությունների միջով անցնելով են խնամում երեխաներին, ասում են գյուղում ոռոգման ջուր չկա, որ կարողանան հող մշակել, ապրում են զոհվածի թոշակով և կենսաթոշակով: Բարեգործական կազմակերպության միջոցով վերջերս վերանորոգել են բնակարանը:

0:00
0:00