Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դատական համակարգը բարեփոխումների կարիք ունի. քաղաքագետներ
2019-05-24 18:24:33

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայաստան-Արցախ հարաբերություններ, Արցախի շուրջ ծավալվող իրադարձություններ, ներքաղաքական խմորումներ  ու դատաիրավական բարեփոխումներ։ Փորձագիտական շրջանակներում այսօր քննարկման թիրախում են հայտնվել նշված թեմաները։

Ինչ է կատարվում Հայաստանի ու Արցախի միջև ու Արցախի շուրջ՝ արտաքին տիրույթում։ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանի կարծիքով՝ Հայաստանի ու Արցախի միջև ոչինչ էլ չի կատարվում։

Այն, ինչ կատարվում  է, կատարվում է Երևանի ու Ստեփանակերտի էլիտաների միջև։

«Ինչու, որովհետև բնական է՝ եթե Հայաստանում տեղի է ունեցել իշխանության փոփոխություն, այդ ամբողջը պետք է տեղի ունենար նաև Արցախում։ Ցավոք, տեղի չունեցավ»,- ասում է Պապյանը։

«Հայաստանի ու Արցախի  իշխանությունները պետք է համահունչ լինեն, դա բնական վիճակ է»,-կարծում է քաղաքագետը։ Այն, ինչ կատարվում է Արցախի շուրջ արտաքին տիրույթում։

«Ռուսաստանի և Թուրքիայի միջև մերձեցման միտում կա։ Դրան զուգահեռ լարվում են Արևմուտք և Թուրքիա հարաբերությունները։ Աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ են տեղի ունենում և դա անմիջականորեն մեզ հետ կապ ունի, որովհետև Թուրքիան ոչ միան հարևան է մեզ, այլև մեր թշնամու դաշնակիցը»,- նշում է Արա Պապյանը:

Ինչ պետք է անի Հայաստանն այս իրավիճակում, Պապյանի բնորոշմամբ՝  հնարավորինս արագ պիտի ամբողջացնի  հեղափոխությունը, ներառյալ դատաիրավական համակարգը, երկիրը բերի կայունության և գնա տնտեսական ու ռազմական զարգացման ճանապարհով։

Դատաիրավական համակարգի բարեփոխումները նա պատկերացնում է հեղափոխական, կտրուկ լուծումներով։ Դատաիրավական ոլորտում կտրուկ գործողությունները, ինչպիսին էր օրինակ, վարչապետի կոչով դատարանների շրջափակումը,  քաղաքական վերլուծաբան Արմեն Բադալյանը վտանագավոր է համարում։ Այստեղ նա նաև քաղաքական միտում է տեսնում։

«Դատարանների շրջափակումը տեղի ունեցան այն ժամանակ, երբ փոխվեց երկրորդ նախագահի խափանման միջոցը։ Վարչապետը շատ է ասում, որ Հայաստանում սուպերվարչապետական համակարգ այլևս չկա, բայց մենք տեսանք, որ նա կոչ արեց՝ միաժամանակ հանձնարարելով  ոստիկանությանը չխառնվել։ Դա փաստում է, որ սուպերվարչապետական համակարգ, այնուամենայնիվ գործում է»,- ասում է վերլուծաբանը ։

Ըստ նրա, իր կոչով վարչապետն ըստ էության ոստիկանությանը ներքաշեց  քաղաքական գործընթացի մեջ, չնայած հայտարարել էր, որ ոստիկանությունը պետք է լինի ապաքաղաքական կառույց, ինչով էլ հիմնավորում էր այն նախարարություն չդարձնելու որոշումը։

Ո՞վ և ի՞նչն էր խանգարում իշխանությանը, որպեսզի դատաիրավական բարեփոխումներ իրականացնի մեկ տարվա ընթացքում, հարցին քաղտեխնոլոգն արձագանքում է` չիմացությունը, ինչպես բազմաթիվ ոլորտներում։

«Մեկ տարվա ընթացքում իշխանությունը գոնե բարեփոխումների հայեցակարգ պետք է մշակեր»,-ասում է Բադալյանը։

Դատարանների դռները փակելով` բարեփոխումներ իրականացնելն անընդունելի է համարում նաև քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Դա շատ խոցելի քայլ էր և երկրի ներսում և հատկապես երկրից դուրս։ Այն վտանգեց մեր ժողովրդավարական իմիջը։ Այսօր գուցե դեռևս դրսում ոչ ոք դա չի օգտագործում, ապա հետագայում դա դարակներից հանելու և օգտագործելու են մեր դեմ»,-ասում է Հակոբյանը։

«Ավգյան ախոռները Հայաստանում պետք է մաքրել»,-Լևոն Շիրինյանի այս հայտարարությունը վերաբերում է ինչպես նախկին ամբողջ համակարգին, այնպես էլ դատաիրավական ոլորտին.

«Ժողովրդի կամքը բարձր է ցանկացած օրենքից և թղթից»,- ասում է Շիրինյանը։

Դատաիրավական համակարգի բարեփոխումների վերաբերյալ բոլոր փորձագետների տեսակետները համընկնում են մեկ հարցում՝  համակարգը բարեփոխումների կարիք ունի։

Վերադառնալով Երևանի ու Ստեփանակերտի միջև գոյություն ունեցող խմորումներին հարաբերությունների  դրական միջավայրն ապահովելու  առումով Վիգեն Հակոբյանը, նրա իսկ բնորոշմամբ՝ մեծ պոտենցիալ կա Նիկոլ Փաշինյան-Բակո Սահակյան մարդկային ու պաշտոնական հարաբերություններում։

0:00
0:00