Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ջրային պաշարներ կան, դրանց կառավարման խնդիր՝ ևս
2019-05-24 19:15:57

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում ընթացիկ տարվա ջրային պաշարներն այսօրվա դրությամբ գնահատվում են շուրջ 730 մլն խորանարդ մետր: Այս ցուցանիշն անցած տարվա համեմատ ավելի է շուրջ 130 մլն խորանարդ մետրով: Ջրառաջարկի եւ ջրապահանջի մեջ, սակայն, նախնական հաշվարկներով լինելու է դեֆիցիտ եւ անխուսափելի է լինելու կրկին Սեւանի օգնությանը դիմելը:

Ջրաբան-փորձագետները, սակայն, մտահոգություններ են հայտնում ջրային պաշարների կառավարման հետ կապված՝ ահազանգելով, որ ամեն տարի բնության տվածը պրոբլեմ  է դառնում երկրի համար վատ կառավարման հետևանքով:

Հայաստանում ընթացիկ տարվա ջրային պաշարներն այսօրվա դրությամբ գնահատվում են շուրջ 730 մլն խորանարդ մետր: Այս ցուցանիշն անցած տարվա համեմատ ավելի է շուրջ 130 մլն խորանարդ մետրով:

Այս մասին «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց Ջրային կոմիտեի ոռոգման հարցերով վարչության պետ Կարեն Դաղբաշյանը: Նրա փոխանցմամբ՝ ձնհալոցքը շարունակվում է եւ այս տեմպերի դեպքում ակնկալվում է, որ ջրամբարների 80 տոկոսում կունենանք լրիվ լցվածություն:

Ջրային կոմիտեի ներկայացուցչի խոսքով, ջրառաջարկի եւ ջրապահանջի մեջ լինելու է դեֆիցիտ եւ անխուսափելի է լինելու կրկին Սեւանի օգնությանը դիմելը:

Ջրաբանները, սակայն, կարծում են, որ Հայաստանում ջրային պաշարները նորմալ վիճակում են: Ջուրը շատ է, բայց մենք չենք կարողանում պահել եւ օգտագործել: Ասում են, որ դա կառավարման խնդիր է:  Ջրային ռեսուրսների վատ կառավարման պատճառով դիմում են Սեւանի օգնությանը՝ վնասելով ջրային այդ պաշարը՝ ասում է ջրաբան Էվելինա Ղուկասյանը: 

        

Ջրաբան, բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանի կարծիքով նույնպես՝ այս տարածաշրջանում մենք ունենք անհրաժեշտ քանակությամբ և՛ ոռոգման, և՛ խմելու ջուր, սակայն՝ կա ջրային պաշարների կառավարման խնդիր:

 

«Ունենք վատ կառավարման խնդիր։ Մենք չենք տնօրինում մեր ունեցած պաշարները։ Դա կուտակելն է, ցանցը սարքին պահելն է։ Գիտենք, որ ոռոգման համակարգը լրիվ քայքայված է, ջուրը չի հասնում տեղ, Սևանից բացթողումներ են արվում, բայց այդ ջրի ընդամենը 30 տոկոսն է տեղ հասնում, 70 տոկոսը կորչում է: Սա կառավարման խնդիր է»:

 

Ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանի գնահատմամբ էլ՝ վատ կառավարմամբ է պայմանավորված նաեւ վերջին տարիների նկատված ջրերի որակի անկումը: Ջրերի 1/3-ը վատ վիճակում է գտնվում՝ ասում է մասնագետը։

 

«Ընդ որում, այդ վատ կառավարման մեջ մասնակցություն ունի եւ բնակչությունը, ե՛ւ տեղական իշխանությունները, ե՛ւ պատասխանատուները, եւ բարձր իշխանությունները: Այսինքն, դա համակարգային բնույթ է կրում եւ քանակի առումով վատ կառավարումը բերում է նրան, որ լիուլի, ըստ էության, մեզ բավարարող մեր ջրային պաշարները իրականում, գործնականում չեն բավարարում»:

 

Ջրային կոմիտեի ոռոգման հարցերով վարչության պետ Կարեն Դաղբաշյանը, սակայն, ասում է, որ ջրի կառավարումն իրականացվում է շատ օպերատիվ եւ, նույնիսկ, օրական 2-3 անգամ օպերատիվ տեղեկատվությունը վերլուծվում է:

 

Բացի այդ, նրա խոսքով, ջրի կորուստները հիմնականում համայնքային ներտնտեսային ցանցում են տեղի ունենում, քանի որ դրանց շուրջ 70 տոկոսը հողային հունով են: Հետեւաբար, այդ բեռը պետք է կիսեն նաեւ համայնքները՝ մաքրելով ցանցերը, որպեսզի կորուստները մեծ չլինեն:

Ջրաբան-փորձագետները նաեւ շեշտում են, որ եղած ջուրն արդյունավետ օգտագործելու համար պետք է ջրամբարներ կառուցել: Ջրային տնտեսության քաղաքականություն պետք է ունենանք, որտեղ կասվի, որն է առաջնային խնդիրը, որը երկրորդական եւ այդպես, ըստ հերթականության գնալ խնդիրների լուծման:

Հարցի հետ կապված մենք պարզաբանումներ ենք խնդրել նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունից:

Գործակալության պետ Էդգար Փիրումյանը հիշատակեց ոլորտը կարգավորող երեք հիմնական օրենքները, որոնք եւ ներառում են պետություն-ռեսուրս-սպառող շղթան: Մշակվել են եւ արդեն ԱԺ-ում են գտնվում նոր օրենսդրական բարեփոխումներ, որոնք կնպաստեն առնվազն ջրի քանակական խնդրի լուծմանը:         

Քաղաքականությունը, սակայն, դինամիկ գործընթաց է եւ այն անընդհատ փոփոխվում է՝ ելնելով տվյալ պահին առկա խնդիրներից ու մարտահրավերներից՝ եզրափակեց Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետը:

0:00
0:00