Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱԱԾ-ում դատավորների վրա «դոսյեներ» չկան
2019-05-24 19:26:20

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

ԱԺ-ում այսօր տեղի են ունեցել «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներ: Դրան նախաձեռնել էր Աժ նախագահ Արարատ Միրզոյանը:

Հատկանշական է, որ «անցումային արդարադատության» գործիքակազմը հասկանալու համար քննարկումները ծրագրվել էին շատ ավելի վաղ, քան տեղի ունեցան դատաիրավական եւ հետագայում քաղաքական դաշտում տեղի ունեցած զարգացումները:

Աժ-ում հավաքված անցումային արդարադատության կողմնակիցներն այսօր ծափերով միանգամից՝ նիստերի դահլիճում արձագանքեցին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին:

Օրենսդիրներ, քաղաքական գործիչներ եւ իրավագետներ՝ բոլորը միասին այսօր փորձել են հասկանալ «անցումային արդարադատություն» ասվածը. ինչից սկսել, ինչպես կիրառել եւ ուր հասնել: Մասնագետների մի մասը համոզված է՝ աշխատանքները պետք է սկսել այլ տեղից՝ Սահմանադրությունից եւ օրենքներից: Այս պնդումները հիմնավորողներից մեկը  խորհրդարանական լսումների մասնակից Հրայր Ավինյանն է:

«Շատ նրբորեն շրջանցում ենք այն հարցը, որ երկիրը կառավարում են օրենքները: Հիմա այսօր, եթե չենք կատարում ոչ մի փոփոխություն, փոխում ենք միայն կատարողին, ի՞նչ երաշխիքներ կա, որ գնում ենք ճիշտ ճանապարհով: Այսինքն՝ մենք հիմա այս «անցումային արդարադատություն» կոչվածից հետո պետք է գնանք մոմ վառենք, որ նոր իշխանությունները լավը լինեն, հա՞»:

Չգնալ «Լինչի դատաստանի» եւ «քաղաքական կախաղանների» ճանապարհով. այս համոզմանն են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում: Անցումային արդարադատությունը աշխարհի տարբեր երկրներում կիրառվել է ամենաբարի նպատակներով, բայց երկրներ կան՝ տխրահռչակ վերջաբան են ունեցել՝ զգուշավոր է ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:

« Միթե՞ բավարար չէ ՀՀ օրենսդրությունը, քաղաքական կամքն էլ կա: Հենց այսօրեական գործող օրենքներով գործողություններ իրականացնել: Մենք չպետք է բերենք փողոցային մակարդակի»:

«Լուսավոր Հայաստան»-ը այսօր այդպես էլ չմասնակցեց քննարկումներին: Նախապես ծրագրված այս քննարկումներից առաջ փորձում էին մայիսի 22-ին նույն թեմայով, բայց սեփական օրակարգով եւ ձեւակերպումներով արտահերթ նիստ հրավիրել։ Խորհրդարանական մեծամասնությունը չհամաձայնեց: Այսօրվա վերաբերմունքը թերեւս խորհրդարանական ընդդիմության պատասխանն էր:  

Արտախորհրդարանական քաղաքական ուժերից մասնակցությունը լսումներին ավելի մեծ էր: «Անցումային արդարադատության» հարցում նրանք ավելի պահանջատեր են: Շտապողականությունը հիմնավորում է Հայ ազգային կոնգրեսից նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը:   

« Եկեք իրար չխաբենք՝ իշխանափոխությունը դեռեւս ավարտուն չէ եւ երրորդ իշխանությունն այսօր սաբոտաժ է անում: Մենք ունենք 4 գործ ՄԻԵԴ-ից հետո դիմել են Վերաքննիչ դատարան, չորս գործն էլ վարույթ չի ընդունվել, մերժվել է: Ակնհայտ է սաբոտաժ է»:

Անցումային արդարադատության գործիքակազմը միջազգայնորեն հստակ սահմանված է՝ տեղեկացնում է արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը: Հետհեղափոխական միջազգային փորձից հայտնի է, օրինակ՝ Չիլիում Պինոչետի վարչակազմից հետո ստեղծվեց ճշմարտության հանձնաժողովը:

Առաջին փուլում խնդիր էր դրված բացահայտել սպանություններն ու անհետ կորածներին, երկրորդ փուլում արդեն՝ ձեռք բերված փաստերից հետո բացահայտել խոշտանգումների դեպքերը: 

Հաշվարկվել է, որ Հայաստանի դեպքում առավել կիրառելի է «վեթթինգ» կոչվածը: Բառը երբեմն թարգմանվում է զտում՝ խեղաթյուրելով նաեւ գործընթացի իմաստը։ Իրականում այն ճիշտ է ընկալել իբրեւ գնահատում: Հեղափոխություններից հետո ընդունված է օգտագործել նաեւ «լուստրացիա» ձեւակերպումը: Այն վեթթինգի շատ ավելի խիստ դրսեւորումն է: Միջազգային կառույցների կողմից «լուստրացիայի» կիրառումը չի խրախուսվում, անգամ դրական փորձ չկա՝ ասում է փոխնախարարը:

« Վեթթինգ իրականացվում է ստուգելու հանրային պաշտոն զբաղեցնող բարեվարքությունը: Բարեվարքություն 3 հիմնական կոմպոնենտով՝ վերաբերմունքը մարդու իրավունքներին, վերաբերմունքը մասնագիտական Էթիկայի կանոններին եւ գույքային դրությունը: Գնահատում, որը ՄԻԵԴ նախադեպային իրավունքի լույսի ներքո  ունի հստակ պահանջներ՝ լինել կանխատեսելի եւ թափանցիկ»:

Վեթթինգ՝ այլ կերպ ասած գնահատում, Հայաստանում իրականում կարելի էր իրականացնել դեռ 2012 թվականից, երբ շրջանառության մեջ էր դրվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց ունեցվածքի եւ գույքի հայտարարագրման մեխանիզմը: Ժամանակակից Հայաստանում այն չի գործել: Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյան.

« Մի քանի օր է տարբեր կայքեր հրապարակում են դատավորների հայտարարագրերը ահռելի գումարների, ունեցվածքի մասին: Ես այսօր գեթ մեկ դեպք չգիտեմ, որ որեւէ դատավոր հանրությանն ասի, որ այս միջոցներն օրինական են եւ ներկայացնի ապացույցներ»:

Դատավորներին ԱԱԾ-ից վախենալ պետք չէ՝ «դոսյեներ» այնտեղ չկան: Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր այլ հարցով էր ԱԺ-ում, բայց պատրաստ է աշխատել նաեւ հանուն «անցումային արդարադատության», եթե անհրաժեշտ լինի:

«Չգիտեմ՝ օրենք է լինելու, թե որոշում է լինելու, «վեթթինգի» ընթացակարգի մասին, Եթե ԱԱԾ-ն ունենա այդ գործընթացում իր անելիքները՝ միանշանակ կիրականացնի իր անելիքները: Անհրաժեշտություն եմ տեսնում, որպեսզի հասարակության շրջանում չմնան կասկածներ որեւէ պետական պաշտոնյայի կապերի, անցյալի, գործունեության օրինականության, ունեցվածքի եւ այլնի, եւ այլնի մասին:  

«Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին» օրենքը «անցումային արդարադատության» գործիքակազմ չի ընկալվում: Եթե անցումային արդարադատությունը ժամանակավոր քայլեր են, ապա ապօրինի գույքի բռնագանձումը, ըստ օրենքի՝ ժամկետներ չունի: Վարչապետի որոշմամբ ձեւավորված աշխատանքային խումբն արդեն ավարտել է համապատասխան օրենքի նախագծի մշակումն ու այն ուղարկել միջազգային փորձաքննության:

0:00
0:00