Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երկինքը բաց է բոլորի առաջ
2019-05-25 12:25:10

Ալիսա Գևորգյան
«Ռադիոլուր»

Երկնքի հանդեպ կիրքը նրան դեռ մանկուց էր գցել իր ճանկը։ Արմեն Միքայելյանը երազում էր դառնալ ավիակոնստրուկտոր։ Երազանքն իրականություն դարձնելու վճռորոշ պահին սկսվեց արցախյան պատերազմը։ Երկրին զինվոր էր պետք․․․։ Կյանքի 27 տարիները հայկական բանակին նվիրած գնդապետ Միքայելյանն այսօր էլի երկնքին է վերադարձել, չնայած՝ երբեք էլ երկնքից չի հեռացել։ 3-րդ դասարանից նա ավիամոդելավորմամբ է զբաղվում՝ որպես հոբբի։ Բնօրինակներին միայն չափսերով զիջող նրա ինքնաթիռները վաղուց գրավել են երկինքը։ 

3-րդ դասարանից ավիամոդելավորման խմբակ է հաճախել, միութենական չեմպիոն է դարձել մի քանի անգամ։ Դպրոցական տարիներին նաև հունա-հռոմեական ըմբշամարտով է զբաղվել, հասել մեծ հաջողությունների, կրկին միութենական չեմպիոն է դարձել:

Երազում էր դառնալ ավիակոնստրուկտոր, բայց սկսվեց պատերազմը՝ փոխելով ապագայի նրա բոլոր պլանները։ Չփոխվեց միայն կյանքի գլխավոր սկզբունքը. էլ ով պիտի պաշտպանի իմ հայրենիքը, եթե ոչ ես. «Մասնակցել եմ. Արծվաշենի բնակչության տարհանմանը, Կապանի օպերացիային, արժանացել խրախուսանքների:1993 թվականի մարտին մասնակցել եմ Քելբաջարի, այժմ՝ Քարվաճառի գրավմանը: 1994թ. փետրվարին մասնակցել եմ Քելբաջարի ազատագրման համար մղվող մարտերին: Մասնակցել եմ Նոյեմբերյանի, Իջևանի, Շամշադինի շրջանների պաշտպանությանը»։

Պատերազմից հետո Արմեն Միքայելյանը որոշեց շարունակել կրթությունը որպես կադրային սպա։ Ավարտեց Վազգեն Սարգսյանի անվան բարձրագույն ռազմական ինստիտուտը, ապա՝ Մոսկվայի բարձրագույն զինվորական ակադեմիան։

ՀՀ տարածքի տարբեր զորամասերում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, երկար տարիներ ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի Գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների բաժնի պետն էր , կազմակերպել է հայկական Ա.Թ.Ս-ների նախագծման և պատրաստման աշխատանքները, ինչպես նաև դրանց կիրառումը հայկական բանակում: Մոտ 27 տարի հայրենիքին ծառայելուց հետո 2017 թվականից անցել է երկարամյա ծառայության թոշակի։

Այժմ զբաղվում է ավիամոդելավորմամբ՝ արդեն որպես հոբբի: Երբեք չի մոռանա, թե ինչ ճակատագրի արժանացավ իր ձեռքով պատրաստած առաջին օդանավը։ 3-րդ դասարանի աշակերտ էր.«Փոքր տարիքում ավիամոդելավորման խմբակ էի հաճախում։ Այնտեղ պատերին ինքնաթիռներ կային։ Տանը հիշելով, ինչ-որ բան էի պատրաստել փայտից։ Շատ ոգևորված տարա, որ մեր խմբակի ղակավարը տեսնի։ Նայելուց հետո հարցրեց․«Տանը վառարան ունեք»։ Զարմացած պատասխանեցի՝ այո։ Նա էլ թե՝ սա տար և գցի այդ վառարանը»։

Նրա պատրաստած ինքնաթիռներն այսօր հայտնվում են ոչ թե վառարանում, այլ երկնքում։ Ստեղծում է արդեն գոյություն ունեցող ու մեծ մասսայականություն վայելող ինքնաթիռների մոդելներ՝ նախապատվությունը տալով խորհրդային շրջանի, հատկապես երկրորդ համաշխարհայինի տարիներին կիրառված ինքնաթիռներին։ Հետաքրքիր է ավիամոդելավորման վերաբերյալ գնդապետ Միքայելյանի բնորոշումը՝ երկնքի հանդեպ կիրքը սկսվում է հենց ավիամոդելավորումից:

Ցանկացած մոդել ծնվում է մտքից, ուսումնասիրվում է մոդելի ու անգամ մոդելի հեղինակի ամբողջ պատմությունը։ Նախագծից հետո բարդ ու համբերատար աշխատանք։ Արմեն Միքայելյանի արհեստանոցում առաջին անգամ նավի վրայից օդ բարձրացած ամերիկյան շատ հայտնի ռմբակոծչի գործարկմանն ականատես եղանք:

Ինչպես արդեն նշվեց, Արմեն Միքայելյանը լուրջ ներդրում ունի նաև հայկական անօդաչու թռչող սարքերի ստեղծման գործում։ «ՀՀ ռազմական ավիացիոն ինստիտուտում ի սկզբանե նպատակ է դրվել՝ ստեղծել մոդելներ, որոնք չեն զիջի աշխարհում գոլություն ունեցող լավագույն ԱԹՍ-ին։ Կարծում եմ՝ դա մեզ հաջողվել է»,- ասում է գնդապետ Միքայելյանը։ Զորացրված զինվորականն այս ոլորտում կուտակած փորձը նոր սերնդին, մասնավորապես ապագա զինվորներին փոխանցելու նպատակ ու ծրագրեր ունի

«Փնտրում եմ տարածք, որտեղ հնարավոր է ակումբ բացել և երիտասարդներին փոխանցել ԱԹՍ-րից օգտվելու գիտելիքները։ Բանակում այդ գիտելիքները կօգնեն ոչ միայն այդ սարքերից ավելի հեշտ օգտվել , այլև զենքից պաշտպանվելու հնարավորություն կտան, ինչը ևս շատ կարևոր է»։

Աշխատանքի համար գնդապետ Միքայելյանն այսօր սեփական ավտոտնակն է հարմարեցրել։

Աշակերտներ ունենալու, փորձը երիտասարդներին փոխանցելու համար ավելի լայն տարածք է փնտրում։ Ավիամոդելավորողների շրջանում ավանդույթ կա ՝ ունենալ մոդելներ զավակների անուններով։ Գնդապետ Միքայելյանն էլ ավանդույթը չի խախտել․ «Շահանեն» ու «Ագապին» նրա ամենասիրելի ինքնաթիռներն են:

0:00
0:00