Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փանա՞ խանի, թե՞ Խուդաբաշյանների տուն. մի շենքի պատմություն
2019-05-25 16:13:33

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

19-րդ դարի սկզբին պարսկական լծից Արևելյան Հայաստանի ազատագրումը պայմանավորել է Երևանի քաղաքաշինության և ճարտարապետության որոշակի առաջընթաց: Մինչև Ալեքսանդր Թամանյանի՜ Երևանի գլխավոր հատակագծի իրագործումը մայրաքաղաքում նշմարվում էին պարսկական լծի ճարտարապետական նմուշներ, որոնց հետքերը հիմա էլ կան Երևանի որոշ թաղամասերում:

Երևանի հայտնի կռվարար բակում՝ «Բոքսի հայաթում», արևելյան զարդաքանդակներով մի երկհարկանի շենք է մնացել։ Ասում են պարսից տիրապետությունից է մնացել։ Բնակիչների ու շրջապատի համար հայտնի է որպես Փանա խանի պալատ: Սախարովի հրապարակի հարևանությամբ գտնվող Փանա խանի պալատն արդյո՞ք կապ ունի հրապարակի առաջին անունը կրողի՝ Փանա խանի հետ, կամ ո՞վ է եղել Փանա խանը։ Մասնագետներն անգամ դժվարանում են հստակեցնել:

Այնուամենայնիվ, որոշ կցկտուր տեղեկություններ այս կառույցի մասին հայթայթեցի: Պարսկական տիրապետության հետ կապ չունի։ Շենքը կառուցվել է 1880- 90-ական թվականներին, եղել է պարսիկ մեծահարուստ վաճառականի տուն: Շենքի շրջակայքում վաճառականն ունեցել է նաև տարբեր նշանակության շինություններ՝ նախատեսված ծառաների բնակության, անասունների և այլևայլ գործարքներ կազմակերպելու համար: Սա մի վարկած։ Ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը պնդում է՝ շենքը պատկանել է Խուդաբաշյաններին։

«Խուդաբաշյանների տան մուտքի հատվածն է պահպանվել: Ո՞ր Խուդաբաշյանների: Այ դա չգիտեմ: Մեկը ցարական ժամանակաշրջանում շատ հայտնի թարգմանիչ է եղել, մյուսը՝ ճարտարապետ 19-րդ դարի սկզբին»,-ասում է Ստեփան Նալբանդյանը:

Հիմա Փանա խանի պալատ կոչվածը ծվարել է խորհրդային շենքերի շրջապատում: Այստեղ այժմ բնակվում է 4 ընտանիք, որոնցից յուրաքանչյուրը շենքի կենսագրության իր պատմությունն ունի։ Մտնենք Պողոսյանների բնակարան: Ընտանիքի 16 տարվա հարսի՜ Գայանեի հետ շրջում եմ իրենց կացարանով ու անցյալից մնացած դրվագների ականատեսը դառնում:

«Էս հատվածում եղել են աստիճաններ, որով ուտելիքը բարձրացրել են խանին: Էս հատվածում բուխարին է եղել: Մենք փակել ենք հատվածը, բայց մինչ օրս այդ հատվածը մնացել է վերևում, օդանցքը մնացել է: Իմ գալուց հետո նոր մենք այդպես ձևափոխել ենք։ Վերանորոգեցինք, փակեցինք հատվածը: Այստեղ պատերի հաստությունը մոտ 1 մետր է: Սա ծառայեցնում եք այժմ որպես սենյակ: Սա մաքրության սենյակն է եղել»,-նշեց Գայանեն:

Գայանեի տեղեկությունները չէին սահմանափակվում միայն դեսից-դենից հավաքած տեղեկություններով: Տան հարսը սիրով ու գորովանքով էր հիշում իր լուսահոգի սկեսրայրի պատմածները, որի պապը ծնվել է հենց այս պատմական տանը և այս շենքի հասցեով ստացել ծննդյան վկայականը:

«Այդ վկայականը տրվել է ինչ-որ իշխանավորի կողմից՝ նշելով, որ ծնվել է պարսից խանի տանը: Վկայականները չկա՞ն: Ո՛չ, չենք պահպանել»:

Մոտ 130 տարվա կենսագրությամբ հողածածկ տանիքով ու 1 մետր հաստությամբ պատերով շինության նորոգման Պողոսյանների փորձերը ձախողվել են: Հիմքերը խարխուլ են ու քարերին ձեռք տալն այնքան էլ անվտանգ չէ:

«Մենք նույնիսկ այս ամբողջ հատվածները չենք կարողանում վերանորոգել: Մի քարին ձեռք տալուց ամբողջը քանդվում է: Իրան նորոգելու կամ ձևափոխելու համար պետք է ամբողջությամբ քանդել ու նորից սկսել շինարարություն: Իսկ նման մտադրություններ կան: Չէ՛, դժվար, նախ ահավոր ծախսատար է: Իսկ երկրորդն էլ քանդելու իմաստ չկա: Որպես բնակարան ծառայում է»:

Գաղտնքի չէ, որ Երևանում նախկինում եղել են նաև ադրբեջանական թաղամասեր ևս, որոնք նույնպես կրում են իրենց կրոնին ու ցեղին հատուկ դրոշմներ: Փանա խանի պալատի շուրջբոլորը բացառություն չէ:

«Մեջիթը (մզկիթը. խմբ.) հակառակ կողմից կա: Դա մեր ընտանիքը չի ասում, կան հին բնակիչներ, որոնք բնակվել են այստեղ։ Մինչև այս տները կկառուցվեին, սեփական տներ են եղել այս հատվածներում: Դա ասում են այստեղ բնակվող բնակիչները»։

Այս շենքի հնաբնակներից 84-ամյա Ստյոպա Հակոբյանի հետ շրջեցինք ամբողջ բակում, ուսումնասիրեցինք շենքը: Ալեհեր ծերունին դժվարությամբ, բայց մտաբերեց իր ապրած տարիների պատմությունները: Այն շենքը, որի մասին խոսեցինք վերևում, ունի նաև շարունակություն, որը բուն շենքից առանձնանում էր ցանկապատով: Խորհրդային Միության տարիներին այդ հատվածը ծառայել է որպես ադրբեջանցի կանանց ակումբ: Հենց այս ակումբի վերաբերյալ են պապիկի հիշողությունները:

«Իրենց տնօրենը մեր տան վերևն էր ապրում: Այդտեղ իրանք ունեին պարի, թատերական խմբակներ: Ես փոքր էի, դպրոցական տարիքի: Առաջին երկրորդ դասարանի: Գնում էինք այնտեղ, իրանք երգում, պարում էին, թատերական բեմադրություններ էին անում»:

Խորհրդային Միության փլուզումից հետո ադրբեջանցի կանանց ակումբի շենքը մաս-մաս վաճառվել է։

«Սրա մասը բեմի ետևն էր: Նրա շարունակությունը այդ մասն էլ դահլիճն է: Հիմա ոչ թե քանդել են, այլ բաժան-բաժան վաճառել են>>:

Իգդիրից գաղթածների զավակ Ստյոպա պապը, ծանր հոգոց քաշելով, հիշեց նաև 1946 թվականին Երևանում տեղի ունեցած ջրհեղեղը, երբ ջուրը ողողել էր իրենց 48 քառակուսի մետր տարածությամբ բնակարանը: Դրանից հետո ծնողները մի փոքր վերանորոգել են։ Սա իրենց տան վերջին վերանորոգումն է՝ ասում է։ Շենքն ունեցել է նաև մեծ ու գեղեցիկ բակ: Դրանից, սակայն, այսօր մի փոքր հատված է պահպանվել: Մնացածը կողքի շենքերի բնակիչներն են զավթել։ Ստյոպա Հակոբյանը սեփական պատմությունը ներկայացնելուց հետո հիշեց նաև, թե հարևաններից ով ինչպես է հայտնվել շենքում:

«Մեր այդ վարիչն իր ընտանիքի հետ գնաց Բաքու, իսկ այստեղ եկավ բաքվեցի մի հայ ընտանիք: Այդ հայ ընտանիքը ինտելիգենտ ընտանիք էր: Ամուսինը հրշեջ ծառայությունում էր աշխատում և երբ տուն ստացան և տեղափոխվեցին, իրենց բնակարանը հանձնեցին հրշեջ ծառայությանը: Նրանք էլ այն տվեցին իրենց վարորդներից մեկին»:

Վարորդի հարսն ու աղջիկները շարունակում են ապրել այս շենքում: Նրանց պատմությունը միայն տան տատիկը՜ վարորդի հարսը, գիտեր: Սակայն սկեսրայրի անունը երկար դադարից հետո չկարողացավ մտաբերել ու օգնության կանչեց ՜ թոռնուհուն: «Ալվինա՛ մի հատ նրա անունն ասա, որ հրշեջ ծառայությունում էր աշխատում: Սկեսրայրիս»,-ասում է տատիկը: «Արզումանյան Արամայիս»,-պատասխանեց թոռնուհին՝ Ալվինան:

Շենքի մյուս բնակիչները բոլորը գրեթե նորաբնակներ էին, որոնք շենքի պատմության մասին իմ հարցերից միայն զարմանում էին: Խորհրդային Միության տարիներին այս շենքը պահպանվել է պետության կողմից, սակայն նորանկախ Հայաստանում դրանով ոչ ոք չի հետաքրքրվում:

0:00
0:00