Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանում հաստատվելու դժվար ճանապարհը
2019-05-25 17:39:46

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Առաջին հանրապետությունն ստեղծվեց պատմական ծանր ժամանակներում։ Մեծ եղեռնից մազապուրծ հազարավոր գաղթականներ էին ծվարել Արեւելահայաստանի այս հատվածում։ Գաղթականներից հետո 20-ականների կեսերին հայրենադարձվեցին ցեղասպանությունից այլ երկրներում ապաստանած հազարավոր նոր հայեր։ Նրանց արդեն մինչեւ 40-ականների վերջը պոլսեցիներ էին ասում։ Հետո արդեն եկան նոր հայրենադարձներ։ Նրանց անվանեցին ախպարներ։

Հայրենադարձների անունն այդպես մնաց մինչեւ 80-ականների վերջը։ Սա արդեն Ադրբեջանից փախստականների Հայաստանում ապաստանելու ժամանակն էր։ Այս եկողներին էլ բաքվեցի անունը տվեցին։ Հետո արդեն, մեր ժամանակներում սիրիահայ փախստականները եկան։ Ու տարբեր ժամանակների Հայաստանում ապաստանած մեր հայրենակիցներին միավորում էր մեկ բան՝ նոր տեղում նոր տուն հիմնելու, նոր իրավիճակին հարմարվելու ամենեւին ոչ հեշտ ճակատագիրը։ Եթե գաղթականներն ու հայրենադարձները հարմարվելու խնդիրը երկար տարիների ընթացքում հաղթահարեցին, կամ հեռացան, ապա բաքվեցի եւ սիրիացի փախստականների ինտեգրումը երեւի դեռ շատ ժամանակ կպահանջի։

Ադրբեջանից բռնագաղթած տատիկը Հայաստանում է արդեն 30 տարի: Նույնքան ժամանակ էլ ապրում է հանրակացարանում, որը տրամադրվել էր փախստականներին՝ ժամանակավորապես: Սակայն, այդ ժամանակավորը ձգվում է արդեն շուրջ 30 տարի: Հանրակացարանային սենյակները սեփականության իրավունքով տրվել են բռնագաղթածներին ու վերջ, դրանով պետությունն իր անելիքը ավարտած է համարել՝ ասաց:

Բռնագաղթածների խնդիրներով զբաղվող պետական կառույցում, սակայն, վստահեցնում են, որ նրանց չեն մոռացել: Թավշյա հեղափոխությունից հետո Միգրացիոն պետական ծառայության ղեկավար նշանակվեց Արմեն Ղազարյանը:

Խնդիրներն արդեն գույքագրվել են եւ փորձ է արվում ուղենշել այն ճանապարհները, որոնցով դրանք հնարավոր կլինի լուծել՝ վստահեցնում է Միգրացիոն ծառայության նոր ղեկավարը: Միգրացիոն ծառայության պետը փախստականների բնակապահովման խնդիրն առաջնային է համարում: Ասաց, որ 895 ընտանիքի հանդեպ պետությունը պարտավորություն ունի ստանձնած, 641 ընտանիքը՝ Երեւանում:

Միգրացիոն ծառայությունը գույքագրել է ոչ միայն 30 տարվա վաղեմության խնդիրները: Նոր խնդիրներ նույնպես կան: Մասնավորապես, Սիրիայում տեղի ունեցած պատերազմի ընթացքում սիրիահայերի՝ Հայաստան հոսքի հետ կապված: Սիրիահայ մեր հայրենակիցը, որ նույնպես չցանկացավ ներկայանալ, պատմեց, որ 7 տարի Հայաստանում ապրելուց հետո, ստիպված տեղափոխվել է Ռուսաստան:

Մեր հերոսն ասաց, որ հիմա Ռուսաստանում գործերը վատ չեն, սակայն, սիրտը ձգտում է դեպի Հայաստան:

0:00
0:00