ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայկական գինիները կլցնեն չինական շուկան
2018-11-26 14:54:49

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

2019 թվականին հայկական գինի արտադրող ընկերություններն իրենց արտադրանքով կլցնեն չինական շուկան՝ կարծում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախագահ Զարուհի Մուրադյանը: Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանը ստորագրել է Չինաստան մեկ միլիոն շիշ նռան գինի արտահանելու հուշագիր:

«Ուղարկել ենք նմուշները: Իրենք այնտեղ պետք է փորձաքննության ենթարկեն, արդեն հստակ ո՞ր ընկերությունից քանի հատ են պահանջելու»:

Հայկական կոնյակը, գինիների տեսականին ու մրգային օղիները գերել են չինացի գինի սպառողներին: Զարուհի Մուրադյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ներկայացնում է Շանհայում կայացած միջազգային ցուցահանդեսում չինացի գործընկերների տպավորությունները.

«Լինելով այնտեղ, համտեսելով չինական ուտեստները՝ հարց էր առաջանում՝ արդյոք գինիները համադրելի՞ են իրենց ուտեստների հետ,։ Ի զարմանս ինձ բավականին շատ գրագետ փորձագետներ մոտեցան մեր տաղավարին, շատ տպավորված էին և իրենց համար դա մի նոր բացահայտում էր»:

Հայկական պատվիրակությունը համտեսել է նաև չինական գինիները: Զարուհի Մուրադյանը փաստում է՝ մեր ուժը մեր սորտերի, մեր յուրահատուկ համային հատկանիշների մեջ է: Աշխարհում մեր գինիները հատուկ ուշադրության են արժանանում հենց սորտային բաղադրությամբ: Գինի արտադրող ընկերություններից մեկի մարքետինգի և հաղորդակցության բաժնի պետ Անի Մուրադյանի խոսքով՝ Շանհայում կայացած ցուցահանդեսի ընթացքում ներկայացրել են իրենց ամբողջ 6 տեսականին։ Չինաստանը մեծ շուկա է, պահանջներն էլ տարբեր, դեռ չգիտեն, որոնք կարտահանեն:

«Դեռ պարզ չէ: Որովհետև կան հետաքրքրվողներ, որոնց հետաքրքրում է միայն կարմիր գինին, ոմանց հետաքրքրեց միայն սպիտակը , ոմանց էլ բոլորը: Բայց ինձ թվում է մեծամասնություն է կազմում կարմիր գինիների տեսականին»:

Հիմնադրամը նաև ծրագիր է իրականացնում անհայտ գինեգործներին աջակցելու ուղղությամբ: Սկսել են Վայոց ձորի մարզից: Արդեն 17 ֆերմերի հետ աշխատում են։ Հաջորդ քայլով լավագույն ֆերմերներին տրամադրվելու են սարքավորումներ, տարրաներ և նաև գույք, որպեսզի իրենք դառնան հյուրատներ և կարողանան իրենց գինիները հրամցնել զբոսաշրջիկներին: Ծրագիրը շարունակվում է նաև Տավուշում ու Արագածոտնում: 2019 թվականին նախատեսվում է 30 տնայնագործ ֆերմերի տրամադրել աջակցություն: Նրանք նույնպես իրենց արտադրանքը միջազգային շուկայում ներկայացնելու հնարավորություն կունենան, եթե.

«Եթե քանակները համապատասխանի արտահանման ապա, այո»:

Չինական շուկան հետաքրքիր ու կարևոր է հայկական գինի արտադրող ընկերությունների համար և, ըստ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի նախագահ Զարուհի Մուրադյանի, շուկայի վրա պետք է աշխատել, քանի որ չինացիները Հայաստանի ու հայերի մասին քիչ բան գիտեն:

0:00
0:00