Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դատավորների ընդհանուր ժողովը կարեւորում է բարեփոխումների անհրաժեշտությունը
2019-05-27 23:48:06

Նկատի ունենալով վերջին օրերի ընթացքում արդարադատության շուրջ տարբեր հարթակներում ծավալված քննարկումները, համընդհանուր հասարակական ուշադրությունը դատական իշխանության նկատմամբ, ինչպես նաեւ` զանգվածային տարբեր միջոցառումների ժամանակ դատավորների հասցեին հնչող քննադատությունները, Դատավորների ընդհանուր ժողովը հանդես է գալիս հետեւյալ հայտարարությամբ.

Դատավորների ընդհանուր ժողովը եւս կարեւորում է դատական համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը` այն համարելով համընդհանուր իրավական առաջընթացի ու զարգացման էական նախապայման, սակայն դա պետք է ունենա հստակ եւ հիմնավոր պատճառաբանված հայեցակարգ` տեսանելի ակնկալվող վերջնարդյունքով:

Դատաիրավական բարեփոխումների արդյունավետությունը հնարավոր է ապահովել բացառապես իրավական ճանապարհով եւ իշխանության բոլոր ճյուղերի կառուցողական երկխոսության արդյունքով:

Դատավորների ընդհանուր ժողովը,  որպես դատական իշխանության  բաձրագույն մարմին, արտահայտելով դատավորների կամքը, պարտադիր է համարում ժողովի պատվիրակների մասնակցությունը դատական իշխանության բարեփոխումներին, միջոցառումներին եւ քննարկումներին` համապատասխան մասնագիտական աջակցություն ցուցաբերելով հնարավոր գործիքակազմի եւ նաագծերի մշակման հարցում:

Դատավորների ընդհանուր ժողովը հայտարարում է, որ ՀՀ-ում որեւէ դատավոր դեմ չէ, որ հանրային վստայության ամրապնդման տեսանկյունից հասարակության ներկայացուցիչները տեղեկություններ ստանան դատավորների գույքային դրության վերաբերյալ:

Դատավորների ընդհանուր ժողովը ողջունում է դատական իշխանության նկատմամբ վստահության ամրապնդմանն ուղղված ցանկացած միջոցառում, որը սահմանված կլինի օրենքով եւ կիրականացվի օրենքի խստիվ պահպանմամբ:

Դատավորների ընդհանուր ժողովը կոչ է անում իրավասու մարմիններին ցանկացած  օրենսդրական նախագիծ մշակելիս այն բխեցնել ՀՀ սահմանադրության պահանջներից եւ ՀՀ միջազգային պարտավորություններից, եւ իրապես առաջնորդվել մեր երկրում արդարադատության որակի բարձրացման գաղափարով:

Դատավորների ընդհանուր ժողովը կարեւորում է յուրաքանչյուրի կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը, ընդգծում է, որ ցանկացած առողջ, ողջամիտ քննադատություն, որպես կարծիքի ազատ արտահայտման միջոց, ընդունելի է նաեւ դատական իշխանության համար, քանի որ հնարավորություն է տալիս շտկելու առկա թերացումները:

Այդուհանդերձ, Դատավորների ընդհանուր ժողովը նշում է, որ այդ ամենը չի կարող ուղեկցվել դատավորների պատիվն ու արժանապատվությունը արատավորող, դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող արտահայտություններով, ինչպես նաեւ` դատարանների բնականոն գործունեությունը խոչընդոտելով, ինչը խաթարում է դատական իշխանության նկատմամբ եղած հասարակական վստահությունը:

Դատավորների ընդհանուր ժողովը խստորեն դատապարտում է դատավորների հանդեպ ցանկացած անհարգալից դրսեւորում եւ կոչ է անում զերծ մնալ դատական իշխանության հեղինակությունը նսեմացնող, դատավորներին արատավորող արտահայտություններից, դատարանների բնականոն ընթացքը խոչընդոտող ցանկացած գործողությունից:

Դատավորների ընդհանուր ժողովը արձանագրում է, որ ԲԴԽ անգործությունը չի արտահայտում դատավորների անհատական կամքը, եւ այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը: