Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Խամրո՞ղ, թե՞ բորբոքվող հիշողություն
2019-05-28 17:29:29

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

 

Մայիսի 27-ը ֆիդայապետ Գևորգ Չաուշի մահվան օրն էր: Սա պատմության այն եզակի դեպքերից է, երբ հերոսի մահվան օրը վերածվում է իսկական տոնի և, երբեմն, համազգային տոնախմբության: Հատկապես մշեցիների և սասունցիների ժառանքների կողմից մայիսի 27-ին մեծ ֆիդայապետ Գևորգ Չաուշի մահվան օրը որպես ֆիդայիների ոգեկոչման տոն նշելը երկար տարիների ավանդույթ է եղել:

 

Երեկ նույնպես ծաղիկներ ու ծաղկեպսակներ են խոնարհվել՝ ոգեկոչելով Գեւորգ Չաուշի և ազատագրական պայքարի մյուս ֆիդայիների հիշատակը:   

 


«Սասունցի Դավիթը». փոքրիկ Էրիկն ասաց իր ամենասիրած հերոսի անունը: Նա գիտե, որ իր արմատները Արեւմտյան Հայաստանի Տարոն աշխարհի Գըրմավ գյուղից են: Զգում է, որ մի քիչ Սասունցի Դավիթ էին նաեւ ֆիդայիներն ու հայդուկապետ Գեւորգ Չաուշը: 
«Ինքը կռվել ա թշնամիների հետ ու մահացել ա»:  

 

Հենց այդ օրը՝ մայիսի 27-ին, ամեն տարի Երեւանի Գ. Չաուշի անունը կրող հրապարակում տեղադրված մեծ հայդուկապետի արձանի մոտ, ինչպես նաեւ Աշնակ գյուղում, որտեղ գործում է Չաուշի տուն-թանգարանը, «Սասուն-Տարոն» հայրենակցական միության նախաձեռնությամբ  նշվում է Ֆիդայատոնը:

 

«Չէի ուզենա, որ մեր պատմական անցյալի հանդեպ հիշողությունը, մեր ազգային մտածողությունը, մեր պատմագիտական մտածողության խտությունը տարեցտարի նոսրանար: Միմիայն հերոսական անցյալով հոգեւոր սնունդն է բերում հերոսական ներկայի ու գալիքի: Բոլոր ժամանակների համար է ասված Մուշեղ Գալշոյանի խոսքերը՝ հայ ֆիդայիների ըմբոստ ճակատները մենք դեռ պիտի համբուրենք: Այսօրվա ներկայությունը սասունցիների ու մշեցիների եւս մեկ համբույր էր հայ ֆիդայինների ըմբոստ ճակատներին»:

 

Սեդրակ Հովհաննիսյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, թե  մտահոգություն ունի՝ այդ հիշողությունը կորցնելու առումով: «Մեր հայրենասիրական ոգին ե՞րբ է բարձրանում, երբ որ այսպիսի մարդկանց ենք հիշում: Էդպես է»:
 

Շարքերի անհրաժեշտ խտությունը չկա, ասաց զրուցակիցս, ապա սրտնեղեց.  «Միայն սասունցիների, մշեցիների համա՞ր էր Գեւորգ Չաուշը պայքարում: Էդպես չէր… »: 

 

Նրանց նվիրումը, ազնվությունն ու անձնազոհությունը մեզ պարտավորեցնում է լինել նույնքան պատասխանատու հայրենիքի ու մեր կողքի մարդու հանդեպ՝ հավելում է Կամո Արեյանը. «Հայրենիքը յուրաքանչյուրիս կողքի հայն է:  Օրը  մեզ  հրամայաբար հուշում է՝ անշեջ կրակի պես պահել հիշողությունը, չդավաճանել Ավետյաց երկրի հանդեպ  ունեցած  ո՛չ միայն հիշողությունը, այլ նաեւ՝  նպատակը: Ոչ ոք բարոյական իրավունք չունի ձեռք բարձրացնելու այդ հիշողության եւ այդ հիշողությամբ թելադրված բոլոր նպատակների վրա»:  

 

Գրող, հրապարակախոս, «Էրգրականչ» եւ «Տարոնականչ» գրքերի հեղինակ Վրեժ Սարուխանյանի՝ ձեւակերպմամբ՝ Գեւորգ Չաուշը հայոց գենի ըմբոստության եւ հպարտության սիմվոլն է:

Պատահական չէ հայտնի պատմությունը. «Քուրդ բեկը, ձեռքերը բարձրացնում է երկինք ու ասում՝ անիծվի այն մարդը, ով զենք կբանացնի էսպիսի հերոսի վրա: Ուզում եմ ասել, որ ամեն հայ պիտի մտածի, որ Գեւորգ Չաուշից իր մեջ արյան կանչ եւ մի կայծ կա, բոլորս պիտի հպարտ լինենք, որ հայ ենք»:

Առանց այդ հերոսների անձնական անձնազոհության եւ ազգային ինքնագիտուակցության՝ դժվար, թե հնարավոր լիներ վերակերտել հետագա հաղթանակներն ու իրողություն դարձնել անկախ Հայաստանը:

 

Արցախյան ազատամարտի կամավորներից շատերն են խոստովանել, որ իրենց առաջին «զենքը» եղել է Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը», որտեղ եւ մարմնավորված էին հայ ֆիդայիներն ու ֆիդայապետ Գեւորգ Չաուշը:

 

«Մեր նորօրյա կամավոր ֆիդայիներից մեկը ուսապարկից հանում է Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» եւ, ցույց տալով ավտոմատն, ասում է՝ ահա՛, սա իմ զենքը եւ իմ «առաջին զենքը»՝ «Ռանչպարների կանչը»:
 

Այս գիրքն է ինձ բերել Արցախ: Իսկ այդ գրքում Գեւորգ Չաուշն է, Արաբոն, Մախլուտոն, Փեթարա Մանուկը, Փեթարա Ախոն… բոլոր մեր հայ ֆեդայիները: Այսօր հայ ֆեդայության տոնն է նաեւ. Գեւորգ Չաուշն իր նահատակությամբ դարձավ Մեծ պատարագիչը հայ ֆիդայության այդ մեծ փաղանգի»,-հավելում է «Սասուն-Տարոն» հայրենակցական միության ղեկավարը:

 

Արցախյան ազատամարտիկ Մայիս Դավթյանը, որին ընկերները, նմանեցնելով, նաեւ Չաուշ են կոչել, ասում է, որ այդ անունը կրելը հպարտություն է ու շատ ծանր պարտականություն. «Շատ-շատ բան պետք է անեմ՝ հասնելու Գեւորգ Չաուշին: Ամեն մարդ ուզում էր նմանվել Գեւորգ Չաուշին, որովհետեւ իր կուսակցությունը իր հողը եւ հայրենիքն էր: Էսօր մեր ցանկացած զինվոր շնչում եւ ապրում է Չաուշի ոգով»:

Գեւորգ Չաուշի հուշարձանին ծաղիկ դնելու Էրիկը եկել էր պապիկի հետ ու ամաչելու չափ սրտնեղած էր. «Ուշացանք»:

Էրիկի պապը՝ Մելիք Սիմոնյանը ուշանալու համար «դարդ» չի անում: Կարեւորը՝ անցյալի հիշողությունն արդեն փոքրիկ թոռանը փոխանցված է՝ ասաց. «Անցյալը չմոռանանք. հիմնականը դա է: Առանց անցյալի՝  նորը չենք կարա կառուցել»:


0:00
0:00