Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ավստրիայի նախագահը արձակեց Կուրցի գլխավորած նախարարների կաբինետը
2019-05-28 16:55:19

Ավստրիայի նախագահն այսօր արձակել է կանցլեր Սեբաստիան Կուրցի նախարարների կաբինետը: Մայիսի 27-ին Ավստրիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել Կուրցի պահպանողական կառավարությանը: Սա պատմական իրադարձություն է երկրի համար. 1945 թվականից ի վեր առաջին դեպքն է, երբ երկրի խորհրդարանը պաշտոնանկ է անում կանցլերին։

Կուրցին անվստահություն հայտնելու հարցը բարձրացվել էր ընդդիմության կողմից՝ երկրում հասունացած սկանդալի ֆոնին, որին հանգեցրել էր երկրի՝ արդեն նախկին փոխկանցլեր և Ավստրիայի «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հայնց Քրիստիան Շտրախեի մասնակցությամ տեսագրության հրապարակումը։ Գերմանական լրատվամիջոցների հրապարակած տեսանյութում Շտրախեն երիտասարդ մի կնոջ հետ, որը ներկայանում է որպես ռուս օլիգարխ Իգոր Մակարովի զարմուհի, քննարկում է 2017-ի հոկտեմբերի 15-ի ընտրությունների ֆինանսավորումը՝ խոստանալով դրա դիմաց պետպատվերների տրամադրում: Հենց 2017-ի ընտրությունների արդյունքներով էլ Շտրախեն դարձել էր փոխկանցլեր:

Ռուս մեծահարուստ Իգոր Մակարովը տեսանյութի հրապարակումից հետո հայտարարել էր, որ զարմուհի չունի, իսկ ապացույցներ, որ աղջիկը կապ ունի ռուս օլիգարխի հետ, այդպես էլ չէին ներկայացվել: Շտրախեն հրաժարական էր տվել, թեև ընդգծել էր, որ որևէ օրենք չի խախտել:

Աղմկահարույց պատմությունից հետո կանցլեր Սեբաստիան Կուրցը հրաժարվել էր աշխատել սկանդալի մեջ հայտնված և կոալիցիոն կառավարության մաս կազմող Շտրախեի կուսակցության հետ՝ հայտարարելով նոր՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին՝ կոալիցիայից հեռացած «Ազատություն» կուսակցության նախարարների փոխարեն նշանակելով իր կուսակիցներին։ Սա էլ ընդդիմության դժգոհությունն էր առաջացրել: Սոցիալ-դեմոկրատները առաջ էին քաշել միանգամից երկու անվստահության հարց՝ կանցլերին ու նրա ղեկավարած կառավարությանը մեղադրելով իշխանությունը իր ձեռքում կենտրոնացնելու մեջ:

Կանցլեր Կուրցի կառավարությունը պետք է իշխանության ղեկին մնար մինչև սեպտեմբերին նշանակված արտահերթ ընտրությունները: Բայց ավստրիական ընդդիմությունը համարեց, որ նա ևս պետք է կիսի պատասխանատվությունը կոալիցիոն գործընկերոջ մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութի համար:

Տեսագրության հրապարակումը փոխեց Կուրցի կարիերան երկրի ներսում, բայց չանդրադարձավ 32-ամյա առաջնորդի վարկանիշի վրա։ Ավստրիայի Ժողովրդական կուսակցությունը նրա գլխավորությամբ, հաջող արդյունքներ է գրանցել կիրակի տեղի ունեցած Եվրախորհրդարանի ընտրություններում: 

Այս պահին որևէ բան չի խանգարում Ավստրիայի պատմության մեջ ամենաերիտասարդ կանցլերին մասնակցել սեպտեմբերին կայանալիք արտահերթ ընտրություններին։ Ավելին, փորձագետների կարծիքով, հենց Կուրցի կուսակցությունն ունի հաղթելու ամենամեծ հնարավորությունը: