Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սարդարապատի հերոսամարտերի անհայտ էջերը
2019-05-28 18:12:57

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Պատմական հայրենիքի բզկտված մի փոքր հողակտորի վրա, հարյուրամյակների դադարից հետո 1918-ի մայիսյան այս օրը վերականգնվեց Հայոց պետականությունը՝ կյանք տալով  Հայաստանի առաջին հանրապետությանը։ 

Սովորաբար մեզ թվում է, թե ամեն ինչ գիտենք արդեն 101-ամյա այդ իրադարձությունների մասին, բայց մեր գիտելիքները հիմնականում  պարփակվում են  Սարդարապատի,  Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերի պատմություններով, մինչդեռ՝ այստեղ էլ քիչ չեն պատմության չգրված ու չընթերցված էջերը, հերոսամարտերի՝ պատմությունից դուրս մնացած կարևոր դրվագները, որոնց էլ այսօր անդրադարձել է Ռադիոլուրը:

Խորհրդային տարիներին միտումնավոր, թե տեղեկությունների ոչ բավարար լինելու պատճառով մայիսյան հերոսամարտ հասկացողությունը տասնամյակներ շարունակ սահմանափակվել է միայն երեք ճակատամարտով՝ Սարդարապատ, Բաշ Ապարան ու Ղարաքիլիսա։

«Կարին» ավանդական երգի- պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանն անդրադառնում է մեր պատմության այդ կարևորագույն էջի անտեսված դրվագներին։ Նրա բնորոշմամբ, սովետական եղբայրության կեղծ քարոզներով խեղդվել են Ջավախքում՝ հատկապես Սաթխա գյուղում տեղի ունեցած հերոսական ճակատամարտերի մասին տեղեկությունները։  Այս պատմության անտեսված դրվագներից է նաև  Ախլցխայի հերոսամարտը, որը տևել է ոչ թե օրեր, այլ գրեթե կես տարի.

«Դեռևս 1917-ի դեկտեմբերից Ախլցխայում ընթանում էին ինքնապաշտպանական մարտեր: Թուրքերն ամբողջովին շրջափակել էին քաղաքն ու փորձում էին հյուծել ինքնապաշտպանական ուժերին: Հայկական գումարտակն ու ընդհանուր ինքնապաշտպանությունը ղեկավարում էր Ախլցխայի քաղաքապետ,  Հայոց Ազգային խորհրդի նախագահ Զորի Զորյանը: Թուրքերն այդպես էլ չկարողացան կոտրել հայերի դիմադրությունը»:

«Ոչ մի լուրջ մասնակցություն չունենալով, և Ախլցխայի հերոսամարտը Հայոց Ազգային Խորհրդի և հայ ժողովրդի ուսերին թողնելով, վրաց մենշևիկներն այս տարածքը հետագայում հանձնեցին թուրքական պետությանը: Ախլցխացի հայերի ջանքերով այն վերստին ազատագրվեց, այս անգամ արդեն խորհրդային ղեկավարների քմահաճույքով Վրաստանին ընծայվելու համար»,-ասում է Գինոսյանը:

«Մեծ հերոսամարտ է տեղի ունեցել նաև Դամալայում։ Այն Ախալցխայի ու Ախալքալաքի միջև ընկած միակ հայկական գյուղն էր՝ շրջապատված 80 թուրքական գյուղերով։ Այն երբեմն փոքրիկ Զեյթուն էին կոչում։ Եղել է դեպք, երբ 20 հոգանոց հայկական ջոկատը 300 հոգանոց թուրքական ջոկատ է կոտորել։ Հերոսամարտեր են տեղի ունեցել նաև Շիրակի տարածաշրջանի Սառնաղբյուր գյուղում, չնայած որ Ալեքսանդրապոլը հանձնվեց թուրքերին»։

Ալեքսանդրապոլը գրավելուց հետո թուրքական 50-հազարանոց  զորքը  չորս հիմնական ուղղություններով շարունակում է առաջխաղացումը: Հայկական ուժերի ընդհանուր հրամանատար, գեներալ Թովմաս Նազարբեկյանին կոչ է արվում գնալ ու հանձնվել Ղարաքիլիսա հասած թուրքերին։

Ղարաքիլիսայում թուրքերին չեն հանձնվում, բայց զորքին Նազարբեկյանն առաջարկում է, այսպես ասած, ցրվել տներով, և Սարդարապատ ուղարկված հեռագրում էլ նշվում է, թե ստիպված են նահանջել, քանի  անզոր են պաշտպանել այդ դիրքը։  Դեպքերի պատմական ընթացքը փոխում է կապիտան Մովսեսովը՝ Գուրգեն Տեր-Մովսիսյանը։

« Գուրգեն Տեր-Մովսիսյանը հրաժարվում է ենթարկվել հրամանին՝ նշելով, որ դա դավաճանություն է։  Գնում է ճակատ և նույն օրն էլ զոհվում։ Իհարկե, Ղարաքիլիսան ընկավ, բայց դա շատ կարճ տևեց։ Այդ կռիվների շնորհիվ փրկվեց Սարդարապատը և հայոց պետականությունը»։ 

Հրետանավոր կապիտան Տեր-Մովսիսյանը Ղարաքիլիսայի ճակատամարտի ամենավառ հերոսներից է: Պատմական այս իրադարձությունների առանցքային հերոսներից էր նաև Գևորգ 5-րդ կաթողիկոսը։ Մայիսի 21-ին թուրքերը զավթում են Սարդարապատ կայարանն ու ավելի մոտենում Երևանին ու Էջմիածնին։ Զորավար Սիլիկյանը հեռախոսով Երևանի պարետ Շահխաթունուն հայտնելով թուրքական հարձակման մասին, տեղեկացնում է նաև, որ գաղտնի հեռագրով խնդրել է Արամ Փաշային, այսինքն Արամ Մանուկյանին, որ վերջինս համոզի կաթողիկոսին թողնել Էջմիածինն ու մեկնել ամառանոց:

Կաթողիկոսի պատասխանն  ավելի քան կտրուկ էր. «Եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանել այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա, և հոգ չէ, թե կզոհվեմ հազարամյա տաճարի շեմին»:

Մայիսյան հաղթանակներն այսպիսի խենթություների արդյունք էին։ Գինոսյանի բնորոշմամբ, սրանք հերոսամարտերի հատվածական դրվագներ չեն, այլ փոխկապակցված իրադարձությունների մի ամբողջ շղթա, որն իր ամբողջական տեսքով պատմության մեջ ամրագրվելու, ուսումնասիրվելու կարիք ունի դեռ։ «Այս տեսանկյունից  նաև ռազմական քարտեզագրության  մեծ վակուում կա, որը պետք է օր առաջ լրացնել։ Սարսափելի է հատկապես  կրթական վակուումը»,- նկատում է Գինոսյանը։

0:00
0:00