Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչո՞ւ են դատավորները դժգոհ ԲԴԽ-ից
2019-05-28 19:10:08

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Գևորգ Դանիելյանն արդեն դիմել է ԱԺ նախագահին՝ կառույցի անդամի թափուր տեղի համար թեկնածու առաջադրելու խնդրանքով: Տեղեկությունը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հաստատեց ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը:

Գևորգ Դանիելյանն այս լիազորությունը ստանձնել է որպես կառույցի՝ տարիքով ամենաավագ անդամ:

Բարձրագույն դատական խորհուրդն ունի 10 անդամ, Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո տեղերից մեկը թափուր է: Այն լրացնելու հերթը խորհրդարանինն է, քանի որ, ըստ օրենսդրության, կառույցի 10 անդամներից 5-ին ընտրում է ԱԺ-ն, մյուս 5-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովը:

Եվ քանի որ Գագիկ Հարությունյանն ընտրվել էր Ազգային ժողովի կողմից, նրա թափուր տեղը լրացնելու լիազորությունը կրկին խորհրդարանինն է: Ազգային ժողովը նոր թեկնածու առաջադրելու և ընտրելու համար 3 ամիս ժամանակ ունի: Դրանից հետո տասնօրյա ժամկետում էլ խորհուրդն իր կազմից նախագահ կընտրի:

Մինչ այդ, սակայն, խորհուրդը քննարկելու հարցեր ունի: Երեկ 5 ժամից ավելի տևած նիստից հետո Դատավորների ընդհանուր ժողովը հայտարարություն ընդունեց, որի ինտրիգը ԲԴԽ-ին վերաբերող հատվածն է:

Ժողովն արձանագրում է, որ Բարձրագույն դատական խորհրդի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, և այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը:

ԲԴԽ-ում այս մեղադրանքը դեռ չեն մեկնաբանում: Կառույցի ժամանակավոր ղեկավարն ասում է՝ իրենց դիրքորոշումը կներկայացնեն պատասխան հայտարարությամբ: Ինչես դատավորները հավաքվեցին ու քննարկումից հետո ձևակերպեցին իրենց ասելիքը, այդպես էլ խորհուրդը կվարվի՝ որպես կոլեգիալ մարմին՝ մեզ հետ զրուցում ասաց Գևորգ Դանիելյանը:

Փաստաբան Կարեն Մեժլումյանը կարծում է, որ ԲԴԽ-ից դժգոհությունը օբյեկտիվ հիմքեր ունի: Նա կարծում է, որ կառույցը շատ ավելի օպերատիվ պետք է լիներ, քան, օրինակ, Դատավորների ժողովը և պետք է արդեն արձագանքած լիներ դատական ոլորտին վերաբերող թեժ քննարկումներին:

«Տեսանք, որ Բարձրագույն դատական խորհուրդը ոչինչ չի անում, ժամանակին համարժեք որևէ բան չի ասում կամ անում»,-ասում է Մեժլումյանը:

Փաստաբանը պատճառները տեսնում է նաև կառույցի կազմի մեջ: Ասում է՝ դատավորները փաստորեն դժգոհում են այն կառույցից, որի անդամների կեսին իրենք են ընտրել. «Ես կասեի նշանակել, որովհետև հասկանալի է, թե այն ժամանակ ովքեր են որոշել, որ հենց այս անդամները պետք է լինեն խորհրդում: Երբ այդ դատավոր անդամները նշանակվում էին , մենք զարմանում էին, մենք տեսնում էին, որ նրանք անելիք չունեն: Մենք իրենց չէինք ասոցացնում այն անձանց հետ, որոնք պետք է ԲԴԽ-ն հասցնեին իր առաքելությանը»:

Հայտարարության մյուս հատվածների առնչությամբ փաստաբանը վերապահումներ չունի: Կարևորում է, որ դատավորներն ըստ էության դեմ չեն իրենց գույքի և ունեցվածքի վերաբերյալ հանրությանը տեղեկություններ ներկայացնել:

0:00
0:00