Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ադրբեջանը պատմություն է ստեղծում նաեւ Վրաստանի հաշվին
2019-05-29 16:29:51

Գիտա էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի

 

Ադրբեջանը չի կարող հարևանի պատմությունն իրենը դարձնել։ Վրաստանում հազարավոր քաղաքացիներ կրկին պատրաստ են հասնել վրաց-ադրբեջանական սահման՝ հաստատելու, որ Դավիթ Գարեջին վրացական հուշարձան է, ադրբեջանական նավթով այն չի վաճառվում։

Հիշեցնենք՝ երեկ Վրաստանի շուրջ 15 հազար քաղաքացի պատ է կազմել սահմանին՝ Վրաստանի իշխանություններին կոչ անելով արագ լուծել սահմանազատման հարցը, որի պատճառով համալիրի մի մասը ադրբեջանական հատվածում է և վերջիններիս թույլ է տալիս իրենցը համարել այն։

Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու հոգևորականներն ակցիան կազմակերպել են այն բանից հետո, երբ ադրբեջանցի սահմանապահները թույլ չէին տվել զբոսաշրջիկներին ու վրացի հոգևորականներին մուտք գործել վանական համալիր։


Թբիլիսիից 60 կմ դեպի հարավ-արևելք՝ վրաց-ադրբեջանական սահմանի վրա գտնվող Դավիթ Գարեջին 6-րդ դարի վրացական քարանձավային վանքերի համալիր է, որի պատկանելիության շուրջ հարցը ծագել է ընդամենը վերջերս։

Կովկասագետ Մամուկա Արեշիձեն «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է, որ այն ադրբեջանական գիտական շրջանակներն առաջ քաշեցին 20-րդ դարի վերջերին

«Վերջին շրջանում արդեն թեման դարձել է ադրբեջանցի քաղաքական գործիչների քննարկման առարկան, հետո արդեն ավելացրել են, թե վանական համալիրն ալբանացիների մշակութային ժառանգությունն է, այսինքն ադրբեջանական է, քանի որ իբրև թե ադրբեջանցիները ալբանացիների հետևորդներն են»,-ասում է փորձագետը՝ զարմանալով, ըստ ադրբեջանական կողմի, ստացվում է՝ քրիստոնեական բոլոր կոթողները, որոնք գտնվում են այժմյան Ադրբեջանի տարածքում, ադրբեջանական են։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որ երեկ հասել էին Դավիթ Գարեջի, նշում են, որ ադրբեջանական նավթով այս հարցը չի լուծվելու։

 «Հասկանալի է, որ Ադրբեջանն այժմ փորձում է իր պատմությունը կերտել մեր պատմության հաշվին։ Եւ այդ երկիրը համարվում է մեր ռազմավարական գործընկերը։ Վրաստանի ռազմավարական գործընկերները պետք է լինեն ժողովրդավարական, մարդու իրավունքները հարգող։ Ռազմավարական գործընկերոջը արժեքներով են ընտրում, ոչ թե տնտեսական հանգամանքներով»,-ասում է Գարեջիի ակցիայի կազմակերպիչներից Իրակլի Կակաբաձեն:


Վրաստանի Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ղեկավար Նիկոլոզ Անթիձեն «Ռադիոլուր»-ին փոխանցեց
.«Հուշարձանների պահպանության գործակալությունն այս հարցում դեռևս չի կարող միջամտել, սա միջկառավարական խնդիր է, քաղաքական հարց, բայց մեր մասնագետները, անշուշտ, ներգրավված են հանձնաժողովի աշխատանքներում։ Դավիթ Գարեջիի պատմությունը սկսվում է 6-րդ դարից, դա վրացական է, երբևէ նման հարց չի ծագել»։

Երկրի ընդդիմությունը ստեղծվածում մեղադրում է իշխանություններին։ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին պնդում է. «Մեր հասարակությունը վստահ պետք է լինի, որ այն իրավիճակը, որ առկա է Ռուսաստանի հետ հարաբերություններում մեր տարածքները բռնակցելու պատճառով, երբևէ չի կարող կրկնվել մեր ռազմավարական գործընկերոջ հետ դա լավ գիտենք ինչպես մենք, այնպես էլ Ադրբեջանում»։

Այժմ վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովը երկարատև ընդմիջումից հետո վերսկսել է սահմանազատման հարցով աշխատանքները։ Կառավարական մակարդակով Վրաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանի 66 տոկոսը: Համաձայնեցված չէ ցամաքային սահմանի 34 տոկոսը, և հատկապես վիճելի տարածք է համարվում հենց Կախեթիի շրջանին կից հատվածը, որտեղ գտնվում է պատմական հուշարձանը։

0:00
0:00