Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Օրենսդիրները՝ ընդդեմ մոլախաղերի, բուքմեքերները՝ ընդդեմ մենաշնորհի
2019-05-29 17:34:45

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը բողոքի ալիք է բարձրացրել: Ըստ նախագծի՝  Բուքմեյքերական գրասենյակները 1.5 տարի ժամանակ ունեն հարմարվելու սահմանափակումներին։

Իսկ գազալցակայաններում և այլ վայրերում տեղադրված ավտոմատացված սարքավորումները 10 օրում պետք է ապամոնտաժվեն: Հեղինակների կարծիքով` օրինագծում փոփոխությունների ընդունումը կարևոր քայլ է խաղամոլության դեմ պայքարի գործում։


Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ նախագիծն իրականում բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանում առցանց վիճակախաղերի համար։

«Ոչ մենաշնորհին», «Օնլայն մոլախաղերը պետությանը հարկ չեն վճարում», «Մեկ հոգու շահերի համար 1500 մարդու գործազուրկ մի դարձրեք» և նմանատիպ բովանդակությամբ պաստառներով այսօր Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները։

Նրանք բողոքում էին «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի, պատգամավորներ Սիփան Փաշինյանի եւ Նաիրա Զոհրաբյանի առաջարկած փոփոխությունների դեմ։

Բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները ցանկանում էին հանդիպում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։ Պահանջում էին կամ  հետ կանչել նախագիծը, կամ այն տարածել բոլոր՝ այդ թվում օնլայն վիճակախաղերի վրա:

Վիճակախաղերի մասին օրենքում փոփոխությունները սահմանում են, որ խաղասրահի միջոցով տոտալիզատոր եւ սարքավորումների միջոցով ավտոմատացված վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Ծաղկաձորում, Սեւանում, Զերմուկում եւ Մեղրիում։

Նախագծի հեղինակները կարծում են, որ ներկայումս գործող կարգը բացասական ազդեցություն է թողնում հասարակության վրա՝ վիճակախաղերով հրապուրվելու վտանգ ստեղծելով: Այս նախաձեռնությանը, պարզվում է,  շատերն էին սպասում: Հոգեբան Սամվել Խուդոյանը նույնիսկ փոքր- ինչ ուշացած է այն համարում:

Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ այս նախաձեռնությունը մենաշնորհի է տանում: Եթե կառավարությունը գտնում է, որ մեր երկրում խաղատներ չպետք է լինեն, ապա թող բոլոր ընկերությունների գործունեությունը դադարեցնեն, այդ թվում՝ առցանց խաղերը, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասացին ակցիայի մասնակիցները:


Ավելի ուշ՝ ցուցարարներից մի քանի հոգի բարձրացան ԱԺ`տեղում ներկայացնելու իրենց բողոքը:

«Ցուցարարների պահանջները լսելուց հետո ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը խոստացավ, որ առաջիկա օրակարգում այդ հարցը կրկին կքննարկվի, բայց թե ինչ որոշում կընդունվի, դժվարացավ պատասխանել»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց բուքմեյքերական ընկերություններից մեկի տնօրեն Սարգիս Միքայելյանը:

0:00
0:00