Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Համանախագահները Ստեփանակերտից դրական արձագանքով են հեռացել
2019-05-29 18:13:35

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»-Ստեփանակերտ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երեկ Ստեփանակերտում էին: Նրանք հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն,  քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ու Ադրբեջանի սահմաններում տիրող իրավիճակին եւ վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

Լրագրողների հետ ճեպազրույցում համանախագահները նշել են, որ այս տարածաշրջանային այցի ընթացքում քննարկում են  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ապրիլին Վիեննայում կայացած առաջին պաշտոնական հանդիպման արդյունքներն ու դրանցից բխող  որոշումների իրականացման հնարավորությունները:

ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահները ինչպես Երեւանում,  Ստեփանակերտում եւս քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եւ համանախագահների մոսկովյան համատեղ հայտարարության իրականացման հնարավորությունները։

Ռուսաստանի մայրաքաղաքում ընդունված այդ հայտարարությունը նախատեսում է շփման գծում իրավիճակի կայունության պահպանում, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, կալանավորված անձանց մտերիմների այցելություններ, մարդկանց շփումների, լրագրողների փոխայցելությունների համար համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ գործնական աշխատանք:

«Այդ քայլերը հնարավորություն կտան ավելի խստացնել հրադադարի ռեժիմի պահպանումը: Մեր հանդիպումները և՛ Երևանում, և՛ այստեղ, շատ արդյունավետ էին։ Բնականաբար, այստեղ խոսքն այն միջոցառումների մասին է, որոնք նպաստում են բարենպաստ մթնոլորտի ստեղծմանն ու ամրապնդմանը, որովհետև առանց դրա ոչինչ հնարավոր չէ։ Ստեփանակերտում փոխըմբռնում կա, ուստի այստեղ կայացած բանավեճը համարում ենք արդյունավետ»,- ասաց Ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին:

Ռուսաստանը ներկայացնող Իգոր Պոպովը գործընկերոջը լրացրեց. «Այստեղ դրական արձագանք ենք ստացել՝ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ հրադադարի ռեժիմի պահպանման և գերիների հարազատների փոխայցելությունների  վերաբերյալ։ Հիմա մանրամասներն ենք մշակում: Ինչպես կարելի է դա անել, ինչ մեխանիզմով, որ միջազգային կառույցների ներգրավմամբ»

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանն ասում է, որ հանդիպման ընթացքում կոնկրետ քայլեր իրոք քննարկվել ենՍտեփանակերտը միշտ էլ կողմ է եղել մարդասիրական հարցերի լուծմանը, գերիների ու պատանդների հարազատների փոխայցելություններիին և փոխանակմանը:

Բայց տվյալ դեպքում համանախագահների հետ հանդիպմանը արցախյան կողմը ուշադրություն է  հրավիրել մի առանձնահատուկ հանգամանքի վրա:

«Այստեղ խոսք չի կարող գնալ հանցագործների մասին, հատկապես Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի մասին, այս կատեգորիայի մարդկանց համար չի կարող խոսք գնալ»:

Դավիթ Բաբայանը հիշեցնում է, որ  նախկինում միշտ Ադրբեջանը մերժել է Արցախի հետ փոխգործակցության ցանկացած հարց, այդ թվում նաև գյուղատնտեսության  ոլորտին վերաբերող. հիմա էլ ավելի շատ ապակառուցողական դիրքորոշման ակնկալիք ունի:

«Ադրբեջանի վերաբերմունքը մարդասիրական հարցերի նկատմամբ, որ քննարկվում են, հնարավորություն կտա հստակեցնել արցախյան կողմի դիրքորոշումը քաղաքական հարցերում»,- ասում է նա: