Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ադրբեջանի ձախողված «ֆուտբոլային դիվանագիտությունը»
2019-05-29 18:31:29

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

«Արսենալ»-«Չելսի» ֆուտբոլային խաղի՝ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչը խոստանում է թեժ լինել: Թե որ թիմի հաղթանակի համար կհնչեն Բաքվի մարզահրապարակում վուվուզելաներն ու ծափերը և թե որ թիմի հաղթանակը կազդարարի մրցավարը կիմանանք Երևանի ժամանակով կեսգիշերն անց:

«Արսենալի» ֆուտբոլիստներ Սոկրատիս Պապաստատոպուլոսը և Գրանիտ Ջական խոստանում են հաղթանակ:

Խաղից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ֆուտբոլիստներն ասել են, որ փորձելու են հաղթել Հենրիխի համար:

«Մխիթարյանի հետ ընդհանուր 5-6 տարի ենք խաղացել: Մենք լավ ընկերներ ենք: Պետք է խաղանք հանուն նրա և վնասվածք ունեցող ֆուտբոլիստների: Եթե հաղթենք, այդ հաղթանակը նրանցը կլինի: Հարգում ենք «Չելսիին»: Ուժեղագույն թիմի դեմ ենք խաղալու, սակայն լավ ենք պատրաստվել: Ցանկանում ենք հաղթել և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել»,- ասել է Սոկրատիսը:

«Արսենալի» խաղացող Ջական էլ է ընդգծել, որ հաղթելու են Հենրիխի համար.

«Հիասթափված ենք, որ Մխիթարյանն այստեղ չէ: Ցանկանում ենք հաղթել Հենրիխի համար: Մեր մարզիչն այս մրցաշարում մեծ փորձ ունի, չէ՞ որ նա 3 անգամ հաղթել է Եվրոպա լիգայում: Կփորձենք նրան պարգևել չորրորդ հաղթանակը: Բացի այդ, արդեն ժամանակն է, որ մենք խաղանք Չեմպիոնների լիգայում»:

Ադրբեջանն այդպես էլ հայկական ծագմամբ որևէ երկրի քաղաքացու իր երկիր մուտք գործելու արտոնագիր չտվեց։ Բաքու չմեկնեց նաև «Արսենալի» կիսապաշտպան մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը: Ու թեև Բաքուն ամեն ջանք գործադրեց հայկական նշույլն անգամ իր երկրում արգելելու համար, սակայն Հայաստանի ու հայկական ծագման մասին հիշատակումների պակաս Ադրբեջանում այս օրերին չկա:

Մխիթարյանի երկրպագուները Բաքու ժամանելուն պես հայկական շունչը տարածեցին Ադրբեջանում: Նրանք Մխիթարյանի մարզաշապիկով շրջում են Բաքվի փողոցներում: Ոստիկանությունը, ինչպես ցույց են տալիս կադրերը, մոտենում է նրանց։ Կարծես շշնջում են, որ չանեն նման բան: Մեկ այլ դրվագ էլ ֆիքսել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան.

«Գնացողները ասում են՝ պատրաստվում են ակցիաներ անել: Թիմակիցները քոչարի էին պարում մարզադաշտում: Ֆոտոյի վրայի գրությունը, որ դա Մխիթարյանի պատվին է, էլ չկա, բայց նկարը կա»:

Պաշտոնական Բաքուն անգամ ֆուտբոլային խաղին է քաղաքական երանգ հաղորդում, ինչը, Անժելա Էլիբեգովայի կարծիքով, բացասաբար կանդրադառնա Բաքվի հեղինակության վրա: Այս քայլը Ադրբեջանի վարքագծի վրա կենտրոնացրեց միջազգային մամուլի ուշադրությունը, աշխարհի բոլոր հեղինակավոր պարբերականները գրեցին սրա մասին.

«Սկանդալային իրավիճակ ստեղծվեց, երկրպագուները տոմսերը մասսայաբար հանձնեցին և դա ազդեց Բաքվի իմիջի վրա»:

Բաքվի այս մոտեցումը պայմանավորված է այն քաղաքականությամբ, հայատյացության քարոզի այն բարձր մակարդակովոր Ալիևի վարչակարգը մատուցում է իր քաղաքացիներին:

Ադրբեջանագետը կարծում է, որ սա պայամանավորված է նաև Ադրբեջանի իշխանությունների այն մտավախությամբ, որ տեղի ոստիկանությունը ի զորու չի լինի ապահովելու հայկական ծագմամբ քաղաքացիների անվտանգությունը՝ այդ երկրում թևածող ռասիզմի առկայության պայմաններում: Հետևաբար, այս ամենից հետևություններ պետք է անի ՈՒԵՖԱ-ն ու ողջ միջազգային հանրությունը.

«Չանցկացնել նման միջոցառում, թեև այդ գայթակղությունից հրաժարվել դժվար է, քանի որ Բաքուն պատրաստ է դրա համար վճարել: Մարզաշխարհում, սակայն, այս հարցը պետք է սուր դրվի: Հայկական կողմը ևս այս հարցը պետք  բարձրացնի»:

Մի քանի օր առաջ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը  կատարվածին արձագանքեց՝ նշելով, որ Բաքվի այս մոտեցումն ընդհանրապես կասկածի տակ է դնում այդ երկրում նման կարգի որևէ միջոցառման կազմակերպման արդարացիությունը:

Եվ վերջում, Անգլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Գարի Լինեկերը Twitter-ի իր էջում գրել է, որ Եվրոպա լիգայի եզրափակչում հաղթելու դեպքում հաճելի կլինի, որ «Արսենալի» ֆուտբոլիստները մրցանակաբաշխությանը ներկայանան Մխիթարյանի խաղաշապիկով։  

0:00
0:00