ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դավիթ Բաբայանը հակադարձում է, Փաշինյանը՝ աջակցում
2018-11-26 17:56:52

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

«Սասնա ծռեր» կուսակցությունը գալիս է կանխելու տարածքները հանձնելու ցանկացած փորձ՝ լինի դա լեգիտիմ, թե ոչ լեգիտիմ իշխանություն՝ հայտարարում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ու վստահեցնում, որ իրենք դա թույլ չեն տա։

Ղարաբաղյան խնդրի ու Արցախում իշխանափոխություն իրականացնելու անհրաժեշտության մասին օրերս խոսել էր հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Սրան ի պատասխան Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հակադարձել է, որ դա մեկ-երկու մարդու անձնական կարծիքն է
, և չի արտահայտում Արցախի ժողովրդի կամքը:

0:00
0:00

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը անհեթեթություն է համարում Արցախում իշխանափոխություն անելու գաղափարը, որի հեղինակը՝ հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, մի քանի օր առաջ հայտարարել էր, թե իշխանափոխության հարցը Արցախում օրախնդիր է և պետք է հնարավորինս անցնցում իրականացնել այն:

Նրա այս ձևակերպումը ոչ միանշանակ է ընդունվում Արցախում։ Մասնավորապես՝ Դավիթ Բաբայանը վտանգավոր է համարում նման հայտարարությունները և ընդգծում, որ դա մեկ-երկու մարդու անձնական կարծիքն է և չի արտահայտում Արցախի ժողովրդի դիրքորոշումը.

«Արցախը պետություն է, և Արցախի ժողովուրդն է ընտրում իր իշխանություններին: Կա օրենքով սահմանված ժամկետ, երբ է տեղի ունենում իշխանափոխություն՝ ընտրությունների միջոցով, քաղաքակիրթ ձևով: Որևէ մեկը իրավունք չունի պարտադրել իր կարծիքը, որը հակաօրինական է և չի համապատասխանում մեր սահմանադրությանն ու օրենքներին: Կարծում եմ, որ այդ հայտարարությունը այդպես էլ կմնա նրանց կարծիքը՝ մեկ-երկու հոգու, իսկ Արցախի ժողովուրդը երբևիցե չի գնալու արկածախնդրության ինչ-ինչ մարդկանց նեղ, շատ նեղ անձնական շահերի պատճառով»,-ասում է Դավիթ Բաբայանը:

 Արցախցի քաղաքագետ Հրաչյա Արզումանյանը կարծում է, որ Բակո Սահակյանը Արցախի անցումային նախագահն է, և Ղարաբաղի բնակչության շրջանում իշխանափոխություն իրականացնելու պահանջ կա.

«Թավշյա հեղափոխությունը համահայկական պրոցես է, և ազդում է Սփյուռքի և Արցախի հայության վրա, դրա համար այդ պրոցեսները օբյեկտիվորեն կհասնեն Արցախ:  Ուղղակի մենք հնարավորություն ունենք հիմա Արցախում ոչ թե հեղափոխական ճանապարհով, ոչ թե ժողովրդին փողոցներ հանելու, այլ ավելի հանգիստ ճանապարհով: Պարզապես հարցը դրանում է, ինչ ճանապարհներով պետք է անցնեն այդ պրոցեսները Արցախում և ինչ  ժամանակաշրջանում դա պետք է տեղի ունենա»,-ասում է քաղաքագետը:

Հրաչյա Արզումանյանը կասկած չունի, որ Արցախը Հայաստանի մաս է կազմելու, դա ժամանակի հարց է, պարզապես պետք է գտնել «երբ» հարցի պատասխանն ու գտնել Արցախը Հայաստանին դե յուրե միացնելու ճանապարհը՝ ասաց:

Նա հիշեցրեց, որ արցախյան շարժումն ի սկզբանե սկսել է «Միացում» վանկարկումներով ու գաղափարով: «Սասնա ծռերի» նախընտրական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանն ասել էր, որ պետք է գտնել իշխանափոխությունը հնարավորինս անցնցում իրականացնելու ճանապարհը:

Խոսել էր արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրություններ անցկացնելու տարբերակով խնդրի լուծման մասին, ակնարկել էր նաև Արցախը Հայաստանին միացնելու մոտեցման մասին:


«Մենք հայտ ենք ներկայացրել գործող իշխանություններին՝ նստել բանակցությունների սեղանի շուրջ, գտնվի այն ճանապարհային քարտեզը, որը առանց ցնցումի կապահովի իշխանափոխությունը»:

Ի պատասխան Ժիրայր Սեֆիլյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փշինյանն արձագանքել էր, որ լիակատար աջակցություն է հայտնում Արցախի իշխանություններին ու  համոզված է, որ Արցախում տեղի կունենան հերթական ընտրություններ, որի միջոցով ժողովուրդը կձևավորի լեգիտիմ իշխանություն: Արցախում հերթական ընտրությունները 2020 թ-ին է

«Ես իմ լիարժեք  աջակցությունն եմ  հայտնում Արցախի իշխանություններին ու  համոզված եմ, որ Արցախում տեղի կունենան հերթական ընտրություններ, որի միջոցով ժողովուրդը կձևավորի լեգիտիմ իշխանություն»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը ևս կարծում է, որ Արցախում որոշիչ ուժը Արցախի ժողովուրդն է։