ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կենտրոնացված քննությունը՝ նաեւ վերահսկողություն
2018-11-26 18:04:50

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Հանրապետության 9-րդ դասարանի աշակերտներն այս տարի կհանձնեն կենտրոնական քննություն՝ «Հայոց լեզու» առարկայից: Ինչո՞ւ է կրթության և գիտության նախարարությունը նման որոշում կայացրել, ինչպիսի՞ քննական թեստեր է պատրաստել Գնահատման և թեստավորման կենտրոնը և ի՞նչ են կարծում փոփոխության մասին ծնողները:

0:00
0:00

Հայաստանի ավելի քան 31 հազար 9-րդ դասարանի աշակերտներն արդեն տեղյակ են, որ ուսումնական տարվա ավարտին «Հայոց լեզու» առարկայից կենտրոնական քննություն են հանձնելու: Կրթության և գիտության նախարարի առաջարկությամբ՝ նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են:

Նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանն ասում է՝ քննությունն այսպես անցկացնելը մոտիվացնող է, բազմաթիվ աշակերտներ հետաքրքրված են՝ ինչպե՞ս, որտե՞ղ և ե՞րբ են հանձնելու քննություն:

«Իմաստը վերահսկողությունն է, և ոչ միայն վերահսկողությունը, այլև անկողմնակալ գնահատականի վերհանումը: Շատ խնդիրներ մենք կվերհանենք  հենց  ուսումնական պրոցեսի, առարկայի ծրագրի հետ կապված»:


Գայանե Խաչատուրյանը 9-րդ դասարանի աշակերտի ծնող է: Ասում է՝ իսկապես, քննության անցկացման փոփոխության մասին տեղեկացված են եղել դեռ ուսումնական տարվա սկզբին:

Թեև իրենց դպրոցում գնահատում են անաչառ, բայց կենտրոնական քննության արդյունքն ավելի պարզ է ներկայացնում աշակերտի գիտելիքը: Այս մասով նախարարության հետ համաձայն է, ասում է՝ լավ կլիներ էլ ավելի շուտ տեղեկանային:

«Մեր դպրոցում, ենթադրում եմ՝ նաև մյուս դպրոցներում  էլ կան խոսակցություններ, որ հիմա երեխաներն ավելի ռեալ կտեսնեն իրենց գիտելիքները: Լավ տարբերակ է, պարզապես լավ կլիներ ավելի շուտ տեղեկացնեին, որ երեխաներն ավելի շատ ժամանակ ունենային պատրարստվելու համար»:

Գնահատման և թեստավորման կենտրոնից ասում են՝ իրենց կայքում արդեն հրապարակվել է ուղեցույցը, որտեղ առկա է քննական թեստի նմուշը, բացատրությունը, գնահատման սանդղակը: Աշակերտները պատրաստվելու ժամանակ ունեն:


Ստեղծվելու
է 250-ից ոչ պակաս քննական կենտրոն մայրաքաղաքում, մարզկենտրոններում, քաղաքներում, գյուղերում: Քննության կազմակերպիչները լինելու են ոչ տվյալ դպրոցի ուսուցիչները` ասում է Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը:

Թեստում դասագրքային հանձնարարություններ են, դրանք աշակերտները լուծելու են մի քանի եղանակով:

«Թեստը բաղկացած է լինելու 3 մասից՝ ընտրովի պատասխանով առաջադրանք, կարճ պատասխանով առաջադրանք, որտեղ աշակերտն ինքն է իր ձեռքով գրում պատասխանը և շարադրանքի մաս: Այստեղ ավանդական ազատ շարադրություն չի լինելու: Լինելու է տեքստ, և աշակերտն այդ տեքստի վերաբերյալ արտահայտելու է իր կարծիքը, գնահատելու է գործողությունները»:

Կենտրոնացված քննությունը նախատեսված է անցկացնել 2019 թվականի մայիսի կեսերին: Նախնական պայմանավորվածության համաձայն` կանցկացվի նաև վերաքննություն, ինչը նույնպես կենտրոնացված է լինելու: