Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչով ավարտվեց «Հյուսիս-Հարավ»-ի բողոքի ակցիան
2019-05-30 18:36:26

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այսօր մի քանի ժամ շարունակ փակ էր «Հյուսիս-Հարավ» մայրուղու Աշտարակ-Ուջան հատվածը: Շինարարական ընկերության աշխատակիցներն այդ կերպ բողոքում էին սեպտեմբերից ի վեր չստացած աշխատավարձի համար։

Մի քանի ժամից ճանապարհը բացվեց այն պայմանով, որ վաղը աշխատակիցների հետ  հանդիպելու են տրանսպորտի նախարարն ու փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը:

«Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունն իրականացնող աշխատակիցներն այսօր փակել էին ճանապարհի Աշտարակ-Ուջան գյուղի հատվածը։ Աշխատակիցները պահանջում են, որպեսզի վճարեն իրենց ամիսներ շարունակ չվճարած աշխատավարձը։

Ենթակապալառու 19 կազմակերպություններ պնդում էին, որ 2018 թվականի օգոստոսից աշխատավարձ չեն ստացել: Գումարը, ըստ աշխատակիցների, 2 մլրդ դրամից ավելի է։

Ակցիայի մասնակիցներն ակնկալում են, որ տրանսպորտի նախարարությունը, ոլորտը վերահսկող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կհրավիրեն իրենց, խնդրին լուծում կտան։   Սակայն ցուցարարների  մոտ շտապել էր ԱԺ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը։ Հենց նա էր երեկ հարցը բարձրացրել ԱԺ- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:

Պատգամավորն ասում է՝ փոխվարչապետ Ավինյանին զգուշացրել է, որ մարդիկ ուզում են ծայրահեղ քայլերի գնալ, բայց կարծես թե դա այդքան էլ լուրջ չի ընկալվել:

«Այս պահի դրությամբ հիմնական կապալառուն չի վճարում, ու տևական ժամանակ է, որ  դադարեցված են  Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները»,- «Ռադիոլուրի»  հետ զրույցում ասել  է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը։

Անհամաձայնություն կա նախարարության և իսպանական կապալառու «Կորսան» ընկերության միջև՝ ասել է փոխնախարարը:

Բագրատ Բադալյանը հավաստիացրեց, որ խնդիրը  իրենց ուշադրության կենտրոնում է։  Տեղեկացրեց նաև, որ չնայած ընկերությունը սնանկության եզրին է, բայց  չեն ցանկանում խզել  պայմանագիրը, քանի որ  այս դեպքում  կանցնի բավականին երկար վեճի կամ արբիտրաժային փուլ, և նոր կազմակերպության ներգրավումը կտևի բավականին երկար ժամանակ:

Այսինքն՝ կունենանք մի իրավիճակ, որ հնարավոր է 2-3 տարի աշխատանքներ չիրականացվեն, ինչը կլինի ժամանակի կորուստ՝ նշեց։

Բողոքի գործողությունն այսօր դադարեցվեց ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ վաղը բողոքավորները կհանդիպեն փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի ու տրանսպորտի նախարարի հետ:

0:00
0:00