Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հողերի 45% հարկադիր պարապուրդում
2019-05-31 18:01:10

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»


Փաստ է, որ Հայաստանում մեծ քանակությամբ հողեր չեն մշակվում: Ի՞նչն է պատճառը, ի՞նչ խոչընդոտներ կան եւ ի՞նչ է հարկավոր այդ վիճակը շտկելու համար: Այս խնդիրներն են հիմնականում այսօր դարձել Ֆերմերների կոնգրեսի քննարկումների թեմա: Ֆերմերները, պետական պատասխանատու կառույցների ներկայացուցիչներն ու փորձագետները ամենատարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ են նշում:

«Էսօր գյուղացու համար, բերք արտադրելուց բացի, գումարվում ա նաեւ իրացման խնդիրը, որը շատ կարեւոր է»:

Հողերը չմշակելու պատճառներից մեկը նշեց Վարդան Միրզախանյանը: Նա Արմավիրի մարզից է: Զբաղվում է հողագործությամբ եւ անասնապահությամբ:

Ինքնարժեքից ցածր գներով գյուղմթերքի արտադրությունն, իհարկե, ձեռնտու չէ եւ պարապ կթողնի հողերը՝ ասաց:

«Ֆերմերի համար կարեւորը իրացման խնդիրներն ա ու գնային քաղաքականությունը»:

Այս խնդիրները այլ ֆերմերներ նույնպես կարեւորեցին: Դրանց լուծում գտնելու համար պետք է համագործակցված աշխատեն թե՛ պետական կառույցները, թե՛ մասնավոր հատվածը՝ նշում էին նրանցից շատերը:

Հայաստանում ագրարային քաղաքականության բարելավմանն օժանդակում է նաեւ ԵՄ-ն: ԵՄ-ն իր ծրագրերն իրականացնում է Գյուղատնտեսական դաշինքի, ՕքսԵՋեն հիմնադրամի միջոցով:

Մեր հանրապետությունում չի օգտագործվում վարելահողերի շուրջ 45 տոկոսը, մնացած մասն էլ, մասամբ, արդյունավետ, մասամբ էլ՝ միջին արդյունավետությամբ են օգտագործվում: Նախկին գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի խոսքով՝ սա փոքր երկրի համար լրջագույն խնդիր է: Ի դեպ, կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում ինքը կշարունակի՞ աշխատել, թե՝ ո՞չ, Գառնիկ Պետրոսյանը չէր կարող ասել:

Վերադառնանք հողերի օգտագործման խնդրին: Ուսումնասիրություններ արվել են, առանձնացվել տասնյակ պատճառներ: Հասունացել է խնդիրներին համակարգային լուծումներ տալու անհրաժեշտությունը՝ ասաց Գառնիկ Պետրոսյանը. 

«Մշակվում է նախագիծ եւ, կարծում եմ, շահագրգիռ կողմերի հետ քննարկելուց հետո օրենսդրական փոփոխություններ կառաջարկվեն՝ չօգտագործված հողատարածքները կոնսոլիդացնելու: Մի շարք գաղափարներ, մոտեցումներ կան, որոնք հիմա քննարկումների փուլում են գտնվում»:       

«Ֆերմերների կոնգրեսը» հենց այն հարթակն է, որտեղ ակնկալվում է քննարկումների արդյունքում լուծումներ գտնել: Մեկ հանդիպմամբ, սակայն, լուծում գտնելուն չեն հավատում ֆերմերները, քանի որ յուրաքանչյուր համայնք նաեւ իրեն հատուկ խնդիրներ ունի՝ սկսած ոռոգման ջրի խնդրից, դրա գնի բարձր լինելուց, մինչեւ հողերի աղակալում, անարդյունավետություն ու գյուղատնտեսական կանոնների պահպանության տարրական գրագիտություն:

0:00
0:00