ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հարկերի մասին հիշելիս կարկուտից տուժածների զայրույթն ավելի է բորբոքվում
2018-11-27 12:31:25

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»

Ինչ կարգով են փոխհատուցվելու Արմավիրի մարզի տարերային աղետից տուժած գյուղացիների վնասները: Կառավարությունը նախատեսել է փոխհատուցել 50 տոկոսից բարձր վնասված գյուղացիական տնտեսություններին, իսկ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն առաջարկել է փոխհատուցման գումարն ավելի քիչ, բայց հավասարաչափ հատկացնել բոլոր տուժաներին:

0:00
0:00

Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունները հաճախ վնասվում են տարերային աղետից: Մասնագիտական հանձնաժողովները համայնքներում ուսումնասիրում և կազմում են արձանագրությունները, ըստ որի պարզ է դառնում բնության հասցրած վնասի չափը: Այս տարին բացառություն չէր, մարտ, ապրիլ, մայիս, հունիս և օգոստոս ամիսներին մարզի գյուղատնտեսությունը տուժեց ցրտահարությունից, կրկնակի ուժեղ կարկուտից և ջրհեղեղից: Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը նշեց, որ ընդհանուր առմամբ տարվա բնածին աղետից վնասվել է 4034.99 հա հողատարածք, տուժել՝ 6878 հողօգտագործող:

Սովորաբար կառավարությունը մասամբ է փոխհատուցում վնաս կրած գյուղացիների հողի հարկն ու ոռոգման ջրի վարձավճարը: Նախկինում 50 տոկոսով զեղչվել են 50-100 տոկոս վնասված հողերի հարկերն ու ոռոգման ջրի վճարը, իսկ մյուսներին՝կախված վնասի ցածր տոկոսից: Այս տարի կառավարությունը նախատեսել է մասնակի փոխհատուցել 50-ից բարձր տոկոսով վնասված գյուղացիական տնտեսություններին, սակայն Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այլ առաջարկ է ներկայացրել՝ ցանկանալով փոխհատուցման գումարը հավասարաչափ հատկացնել բոլոր տուժածներին՝ ավելի քիչ գումարով: Այս մասին առաջարկությունն ուղարկվել է կառավարություն, բայց որոշում դեռ չի կայացվել: Ամբերտ համայնքի ղեկավար Մանվել Բաբայանը նշեց, որ այդ դեպքում հողի հարկի գանձում չի ակնկալվի: Ամբերտում հողի հարկի գծով համայնքային բյուջե է մուտքագրվել նախատեսված գումարի 45 տոկոսը: Համայնքի ղեկավարն ասաց, որ տուժած գյուղացիները զայրույթն ավել է բորբոքվում հարկային պարտավորություների մասին հիշեցնելիս:

Արևիկ գյուղը հայտնի է խաղողի սեղանի սորտերով: Գյուղը նույնպես տուժել է կարկուտից: Համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը ասաց, որ հողի հարկի կատարողականը 34 տոկոս է:

Պետական բյուջեի միջոցները սուղ են և գյուղացիները տեղյակ են, որ երբևէ 100 տոկոսանոց փոխհատուցման խոստում չի տրվել: Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը համայնքների ղեկավարներին խորհուրդ տվեց գյուղացիների հետ բացատրական աշխատանքներ տանել և ցրել այն սին պատրանքները, որոնք կապված են պետության նկատմամբ ունեցած պարտքերը հանելու հետ:

Գյուղացիները հողը մշակելիս հաշվի են առնում նաև ռիսկերը: Դրանց լուծման լավագույն տարբերակը գյուղատնտեսական ապահովագրությունն է: Փոխհատուցման հետ կապված տարաբնույթ խոսակցություններից ու եզրակացությունից խուսափելու համար հաջորդ տարվանից նախատեսվում է ներդնել գյուղատնտեսական ապահովագրության համակարգը: Սկզբնական շրջանում այն կկիրառվի փոքրաթիվ համայնքներում, հետո ավելի ընդգրկուն կլինի: