Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ովքեր են Հենրիխ Մխիթարյանի հետ լուսանկարված երեխաները
2019-06-01 17:30:10

Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Հաշմանդամություն ունեցող երեխաները հասարակության ամենախոցելի և անտեսված խմբերից են: Հասարկության կողմից ցանկացած բացասական վերաբերմունք խոցելի է դարձնում հաշմանդամություն ունեցող երեխային եւ նրա ընտանիքին:

Հայաստանում մի քանի տարի է ներդրվել է ներառական կրթության ծրագիրը, որը հնարավորութուն է ընձեռում առավելագույնս բացահայտել յուրաքանչյուր երեխայի ֆիզիկական, ճանաչողական, հուզական և սոցիալական զարգացման լիարժեք ներուժը, սակայն սա առավել արդյունավետ է այն դեպքում, երբ երեխան ստանում է ընտանեկան խնամք և ակտիվ շփվում է իր հասակակիցների հետ:

Այսօրվա մեր հերոսները 10-ամյա Մարիամիկն ու Գրիգորն են: Մարիամիկը քայլելու ամենօրյա պայքար է տանում, իսկ Գրիգորն օգնում է նրան՝ չսայթաքել:

Հավասար հնարավորութուններ՝ յուրաքանչյուր երեխայի համար: Այս սկզբունքից ելնելով` UNICEF-ի հայաստանյան գրասենյակի կողմից նկարահանվեց եւ տարածվեց տեսահոլովակ՝  կազմակերպության բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանի եւ մի խումբ երեխաների մասնակցությամբ:

Տեսահոլովակը համացանցում ակտիվ տարածվեց, ավելի ուշ մայրաքաղաքի փողոցներում տեղադրվեցին Ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ նրա հետ տեսահոլովակում նկարված երկու երեխաների ցուցապաստառները: Ովքե՞ր են այդ երեխաները:   

Տեսահոլովակի գլխավոր հերոսը՝ 10-ամյա Մարիամիկն է։ Իր պայքարող բնավորության շնորհիվ  5 տարի անկողնում գամված լինելուց հետո այսօր քայլում է, կրթություն ստանում, պայքարում իր նպատակներին հասնելու համար եւ դժվարին այդ ճանապարհին չի հուսալքվում:

Մարիամիկը Հենրիխ Մխիթարյանի հետ նկարահանվելու առաջարկը ստացել է պատահական, եւ ինչպես ինքն է ուրախ ու ոգեւորված աչքերով պատմում՝ առանց մտածելու է համաձայնել մասնակցել նախագծին, որպեսզի ինքը եւս օգնի եւ ոգեւորի հաշմանդամություն ունեցող բոլոր երեխաներին: 

«Հայտնի դառնալու համար չէ, որ ես ուրախացա, այլ, որ իմ մասնակցությամբ կկարողանամ օգնել խնդիրներ ունեցող երեխաներին: Ես ցանկանում եմ օրինակ ծառայել եւ ասել, որ մի հուսահատվեք եւ սովորեք, քանի որ սովորելն ամենակարեւորն է:  Ես ընտրել եմ երկու մասնագիտություն՝ բժշկի եւ երգչուհու, եւ երկուսն էլ դառնալու եմ: Բժշկուհի եմ ցանկանում դառնալ, որ մարդկանց բուժեմ: Մարդիկ չեն կարող միշտ մնալ այդպես հիվանդ: Եվ, երբ բժշկուհի դառնամ, եւ այն մարդիկ, որոնք չեն կարող վիրահատության համար գումար վճարել, ես դա կանեմ իմ հիվանդանոցի հաշվին: Իսկ երգչուհի ուզում եմ դառնալ, որ ուրախացնեմ հանրությանը, բալիկներին իմ երգերով»:

Թեեւ նկարահանումները բավականին դժվար էին, բայց Մարիամիկը միայն ուրախ պահերն է վերհիշում՝ թե ինչպե՞ս են իրեն օգնել անծանոթ ընկերները, հոգ տարել իր մասին, եւ նկարահանման սցենարով նախատեսված արագ վազելու դրվագի ժամանակ ինչ զգուշությամբ են իրեն տեղաշարժել: Ես շատ ընկերասեր եմ, սիրում եմ բոլորին՝ ասում է: Նույն ոգեւորությամբ է Մարիամիկի եւ նկարահանումների մասին պատմում Հենրիխ Մխիթարյանի հետ լուսանկարված մյուս բալիկը՝ 10-ամյա Գրիգորը:

«Սկզբում մեզ ասեցին, որ ինչ-որ մեկը մեր հետ գալու է, մտածեցինք կամ Նիկոլն է, կամ էլ Հենրիխ Մխիթարյանը: Սեւ շորով մի հատ տղա եկավ, ու մեր հետ կանգնեց, ու հենց ինքը շրջվեց, մեր բոլորի բերանները բացվեցին։ Երբ սկսեցին տեսախցիկները նկարել, մենք բոլորս արագ վազեցինք: Մեր հետ նկարահանման ժամանակ կար մի աղջիկ, անունը Մարիամիկ էր: Ինքը մի քիչ դժվար էր քայլում, բայց մենք իրեն շատ էինք օգնում: Պետք է հոգատար լինենք իրար նկատմամբ։ Փառք Աստծո, մեզ տրված է քայլելու հնարավորություն, նրա ոտքերը մի քիչ թերանում են, եւ պետք է օգնենք: Կար մի կադր, որ երեխաները պետք է գնային Հենրիխի մոտ։ Ես ու ընկերս չգնացինք։ Եթե գնայինք՝ Մարիամիկը դուրս կմնար կադրից: Նկարները իմ կյանքում բան չփոխեցին, բայց դպրոցում փոխեցին: Ինձ բոլորը ճանաչում են»:

Նկարահանումներից հետո Հենրիխ Մխիթարյանի ստորագրությամբ մասնակիցները ստացել են ֆուտբոլի գնդակներ: Օրինակ Մարիամիկի համար գնդակը դարձել է հուշանվեր եւ զբաղեցրել տան ամենակարեւոր անկյունը: Իսկ Գրիգորի եւ եղբոր համար, որը նույնպես մասնակցել է նկարահանումներին, Հենրիխի ստորագրությամբ գնդակը դարձել է «կռվի առարկա»:

«Վիճում ենք, որովհետեւ այն մեզ համար շատ թանկ է: Հիմա, այդ գնդակը գտնվում է իմ եղբոր գրասեղանին: Մինչ այդ իմ սեղանին էր: Լավ սովորելու արդյունքով պայմանավորված չէ, թե գնդակը ո՞ւմ սեղանին կտեղադրվի: Մի քիչ դա կռվային հարց է՝ թե ո՞ւմ գրասեղանին կլինի: Երբ, որ գիշերը պառկած եմ լինում, տեսնում եմ, որ (եղբայրս) գալիս վերցնում է»:

Գրիգորը դպրոցում բարձր առաջադիմություն ունի, հաճախում է շախմատի եւ բասկետբոլի պարապմունքների: Որոշել եւ նպատակադրվել է դառնալ շախմատի աշխարհի չեմպիոն: Գրիգորի հետ զրույցի ընթացքում համոզվեցի, որ մեր ապագան ամուր ձեռքերում է, մեծանում է խելացի ու նպատակասլաց մի սերունդ, որին պետք է չէ ստիպել ձեռք բերել ծնողի չիրականացած մասնագիտությունը: Գրիգորը խաղատախտակը տեսնում է անգամ երազում, մտքով խնդիրներ լուծում եւ վերլուծում շախմատի ասպարեզում առաջատարների պարտիաները:

«Չգիտեմ, ուրիշները երեւի սպիտակներով են սիրում խաղալ, որովհետեւ սպիտակը մի տեմպ ավելի է, իսկ ես՝ սեւով:  Առաջին քայլը կատարելուց երկար չեմ մտածում, քանի որ մինչ խաղին մասնակցելը արդեն շախմատիստները մտածած են խաղի գնում: Իսկ ընթացքում, եթե երկար հաշվարկ է պահանջում, ամենաշատը մտածում եմ 15 րոպե: Սիրում եմ ձի խաղաքարը, քանի որ մի քանի կարեւորագույն պարտիաներ են եղել, եւ ես խաղացել եմ բարձր վարկանիշ ունեցող խաղացողի հետ եւ ձին ինձ հաղթանակ է բերել: Նաեւ  ձին նման չի ուրիշ խաղաքարերի: Եթե նավակը եւ փիղը գնում են թագուհու պես, ոչ մի խաղաքար չի կարող նմանակի ձիուն: Ձին, եթե արքային շախ տա, իրեն կամ պետք է վերցնեն, կամ արքան պետք է փախնի, իրանով չեն կարող ծածկվել»:

Քայլելու համար ամեն օր պայքարող Մարիամիկը դպրոցում նույնպես լավ է սովորում։ Վստահ է, որ իր պայքարող բնավորությունը կօգնի ավարտին հասցնել ֆիզիոթերապիայի դժվար պարապմունքները եւ լիարժեք քայլել: Նա հոգնել է հիվանդանոցների ճանապարհներից, միայն տան ճանապարհն է սիրում:

«Երբ պարապմունքից հետ եմ վերադառնում, իմ ոտքերը շատ հոգնած են  լինում, քանի որ իմ հետ շատ են պարապում, որ կարողանամ ուղիղ դիմել: Առաջ ոտքս դնում էի այ այսպես, եւ մայրիկը վախենում էր, որ ոտքս կկոտրեմ: Հիմա արդյունք կա»:

Արդյունք, որը եւս մեկ քայլ է դեպի երազանքների կատարումը։

0:00
0:00