Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Աննախադեպ շոգը վերաբերում է միայն հունիսի սկզբին. Սուրենյան
2019-06-03 17:41:16

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հունիսի առաջին տասնօրյակի աննախադեպ շոգի վերաբերյալ Գագիկ Սուրենյանի գրառումը փոքր-ինչ խուճապ է առաջացրել։ Նրա ներկայացրած կանխատեսումների համաձայն, հունիսի սկզբին ջերմաստիճանը կհասնի մինչև 39 աստիճանի։

Հիդրոօդերևութաբանը, սակայն, այսօր Ռադիոլուրի հետ զրույցում ասել է«Ընդհանուր առմամբ նորմալ ամառ ենք ունենալու, աննախադեպ շոգը կլինի միայն առաջիկա օրերին»,-ասել է Սուրենյանը։

Այդուհանդերձ, նորմալ ասվածն էլ, հատկապես վերջին տարիներին, Երևանի համար ամառային  անտանելի շոգն է, ինչպես պաշտպանվել դրանից։  

«Հունիսի 5-6-ին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +38․․․+39 աստիճանի։ Մեր ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում, հունիսի առաջին տասնօրյակում Արարատյան դաշտում և Երևանում նման ջերմաստիճան երբևէ չի գրանցվել։ Հունիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից 1-2 աստիճանով բարձր, իսկ տեղումների քանակը նորմայի սահմաններում»։

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան գրառումը մեկ անգամ ևս հիշեցնում է  շոգի դեմ պայքարի անհրաժեշտ միջոցառումների մասին։

Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Նունե Բակունցի խոսքով՝ շոգ ամառը Հայաստանի համար այլևս նորություն չէ, ուստի շոգն  ավելի թեթև տանելու համար նա առաջարկում է հետևել գործնական ամենապարզ խորհուրդներին

«Նախ՝ պետք է շատ ջուր խմել։ Խոսքը վերաբերում է ոչ գազավորված, սովորական ջրին»,- ասաց Բակունցը։

Տապի դեմ արդյունավետ ու վստահելի միջոց է հայկական ավանդական թանը։ Շոգ եղանակին պետք է պաշտպանվել արևի ուղիղ ճառագայթներից։


Խորհուրդներին հետևելը պարտադիր  է հատկապես հղի կանանց, երեխաների ու քրոնիկ հիվանդների համար։

«Վերջինները պետք է ուշադիր լինեն և ժամանակին խմեն իրենց դեղերը։ Ցանկալի է, որպեսզի օրվա ամենաշոգ ժամերին քրոնիկ հիվանդները, ինչպես նաև երեխաները լինեն տանը, հատկապես պառկած վիճակում»,-հիշեցնում է մասնագետը։

«Պետք է ուշադիր լինել հատկապես երեխաների նկատմամբ, չթողնել նրանց վատ օդափոխվող փակ տարածքներում»,- նշում է մասնագետը։

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 153 հոդվածը ևս շոգի դեմ պայքարի յուրօրինակ միջոց է։

«Հետխորհրդային տարիներին աշխատողի  իրավունքն ամրագրող այս հոդվածի մասին գրեթե ոչ ոք չի հիշում և այն անտեսվում  է, ինչպես գործատուների, այնպես էլ հենց իրենց՝ աշխատողների կողմից, բայց փաստ է, որ այն կա և պետք է գործի»,-ասում է ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը։

«Աշխատանքային օրենսգիրքը նախատեսում է լրացուցիչ ընդմիջում, երբ ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը»:

Միքայել Փիլիպոսյանի տեղեկացմամբ, ընդմիջումը ներառվում է աշխատաժամի մեջ և աշխատողը  պետք է վճարվի այդ ժամանակահատվածի համար։

Ընդմիջման տևողությունը չի կարող պակաս լինել կես ժամից։ «Եթե գործատուն օրենքը չի պահպանում, աշխատողը կարող է դիմել համապատասխան մարմիններին։ Նման դեպքում պետք է միջամտի արհմիությունը»,- ասում է իրավաբանը։

Խոսելով շոգի դեմ պայքարի գործնական ու իրավական միջոցների մասին, այդուհանդերձ, ուզում ենք հանգստացնել ձեզ՝ փոխանցելով երկրի թիվ մեկ օդերեւութաբանի՝ Գագիկ Սուրենյանի հավաստիացումները աննախադեպ շոգի մասին տեղեկատվությունը  վերաբերում է միայն հունիսի առաջիկա օրերին.

«Վախենալու կարիք չկա։ Կանխատեսված ջերմային ֆոնը կտևի մինչև հունիսի 7-ը։ Հունիսի 8-ից սառը օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը կսկսի նվազել»։

Գրառման պատճառն այն է, որ հունիսի առաջին տասնօրյակում նման ջերմաստիճան երբևէ չենք ունեցել՝ ասում է Սուրենյանը։ Նրա տեղեկություններով՝ Արարատյան դաշտում և Երևանում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1990 թվականին՝ հասնելով մինչև 37 աստիճանի։ Կանխատեսումների համաձայն՝ հունիսի առաջին տասնօրյակում ջերմաստիճանը կհասնի մինչև 39 աստիճանի։

0:00
0:00