Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Ժե՞ստ», թե՝ իրական օգնություն. քաղաքականության թիրախում գյուղացիներն են
2019-06-03 18:13:28

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանական մեծամասնության հասցեին այսօր հնչեցին մեղադրանքներ՝ հին բարքերը շարունակելու համար: Ընդդիմադիրների նախագծերը մերժելու մասին մշտապես խոսել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Այսօր արդեն «Բարգավաճ Հայաստան»-ի անդամներն էին դժգոհում: Քննարկման մթնոլորտից ակնհայտ էր, որ մեծամասնությունը դեմ է ԲՀԿ ներկայացրած նախագծին:

Գյուղատնտեսությանն առնչվող նախաձեռնությամբ ԲՀԿ-ականները կոչ են անում կառավարությանը քաղաքական «ժեստ» անել: «Իմ քայլ»-ականներից, սակայն, արդեն հաշվարկել են՝ այդ «ժեստը» ընդամենը մի քանի հազար դրամի արժողություն ունի եւ գյուղացիների իրական խնդիրները չի լուծում:

«Բարգավաճ Հայաստան»-ը եւ նախագծի հեղինակ Վահե Էնֆիաջյանն առաջարկում են բնական աղետներից՝ կարկուտից, ցրտահարությունից եւ երաշտից բերքի 50 տոկոսի վնաս կրած գյուղացիներին հողահարկից պարզապես ազատել: Այդպիսի «ժեստի» կողմնակիցներ կառավարությունում չկան:

Գործադիրի դիրքորոշումը հիմնավորում է ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը.

«Սա եկամտի հարկ չէ, որ վճարվի միայն եկամտի պարագայում: Սա ունեցվածքի եւ գույքի հարկ է եւ այս պարագայում կախված չէ որեւէ ֆինանսական արդյունքից կամ որեւէ արտաքին գործոններից: Եթե կա սեփականության օբյեկտ եւ այդ օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունք, դա արդեն իսկ բավարար է, որպեսզի այդ հարկը օբյեկտիվորեն հաշվարկվի եւ վճարվի»:

ԱԺ  տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը մասնագիտական հաշվարկներով է մոտենում հարցին:

« Ժողովրդին բոլորն էլ ուզում են օգնել, բայց խնդիրն այն է, որ մենք այս նախագծով ավելի շատ վնաս ենք տալու ինքներս մեզ: Եկեք ազնիվ գտնվենք մեկս մյուսի նկատմամբ ու եթե ցանկանում ենք գյուղացիական ընկերություններին օգնել տվյալ իրավիճակներում, միասին աշխատենք լուծում գտնենք, որը իրոք օգտակար կլինի»:

Չինաստան, Նիդեռլանդներ եւ տարածաշրջանում՝ Վրաստան. գյուղատնտեսության ազատականացման լավագույն օրինակներն են՝ հիմնավորում է Վահե Էնֆիաջյանը:  

« Որտեղ ազատականացրել են գյուղատնտեսության հետ կապված հարկային մոտեցումները, հարկային բեռը, այդ երկրներում գյուղատնտեսությունը սրընթաց աճ է արձանագրել: Վրաստանում 50 տոկոս եւ ավելի վնասվելու դեպքում հատուցումն արդեն ազատականացվում է, գյուղատնտեսությունը զարգանում է: Ի վերջո, եթե առաջարկություններ ունեք, կարող ենք նախագծում ներառել»:

Այս նախագծով համագործակցելու փոխարեն կառավարությունը պատրաստվում է հանդես գալ իր սեփական նախաձեռնություններով: Կառավարությունն արդեն պատրաստ է գործարկել ապահովագրության համակարգը: Ծրագիրը նախնական կկիրառվի սահմանափակ տարածքում: «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Վարազդատ Կարապետյան.

«Այս տարի նախնական պիլոտային ծրագիրը կիրականացվի երկու մարզերում երեք մշակաբույսերի գծով հատկապես մի քանի ռիսկերից ապահովագրելու տեսանկյունից՝ ցրտահարություն, կարկուտ եւ երաշտ: Սա հենց Ձեր ասածի ավելի ինստիտուցիոնալ լուծում է»:

«Իմ քայլը» խմբակցության անդամներն այսօր արդեն հրապարակային խոսեցին  գյուղացիներին առնչվող մեկ այլ խնդրից: Խոսքը  աշխատանքային ստաժի մասին է, երբ գյուղացին ամբողջ կյանքը ներդնում է հող մշակելու եւ բերք ստանալու վրա, բայց այդ տարիները չեն հաշվարկվում իբրեւ աշխատանքային ստաժ: Խորհրդարանական մեծամասնության պատգամավորների կարծիքով՝ այս հարցը նույնպես առանձնակի ուշադրության եւ լուծման կարիք ունի:

0:00
0:00