Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչպե՞ս  և ե՞րբ է Ալեն Սիմոնյանը ձեռք բերել իր RANGE ROVER-ը
2019-06-03 19:21:02

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանի հեռակա բանավեճը տեղափոխվում է փոխադարձ մեղադրանքների փուլ:

Երկու կողմերն էլ վստահեցնում են, որ կարող են ապացուցել իրենց ճշմարտացիությունը, երկուսն էլ կարծում են, որ խնդրով պետք է զբաղվեն իրավապահները:

ԱԺ փոխնախագահը, պարզապես, իրավիճակում սուտ մատնության ու զրպարտության հատկանիշներ է տեսնում: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» կարծում է՝ գործ ունենք ապօրինի հարստացման հետ:

Կազմակերպությունը հայտարարել է, որ կեղծ տվյալներ է բացահայտել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում, ենթադրել է նաև, որ դա արվել է ապօրինի հարստացումը թաքցնելու նպատակով։

Անգամ նշել է ապօրինի հարստացման չափը՝ 7 մլն դրամ: Քրեական օրենսգրքի 310.1 հոդվածով, հարստացումը հանցագործություն է, եթե գույքի չհիմնավորվող ավելացումը գերազանցում է 5 մլն դրամի շեմը:

Ալեն Սիմոնյանը խոսել է իր դեմ ուղղված մեղադրանքների մասին

Կազմակերպությանը կասկածելի է թվացել Ալեն Սիմոնյանի հայտարարագրած ավտոմեքենայի ձեռք բերման ժամանակագրությունը:

Փաստերի ստուգման հարթակը կամ fip.am կայքը պարզել է, որ Ազգային ժողովի փոխնախագահը 2018 թ. հունիսի 15-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում նշել է RANGE ROVER մակնիշի մի ավտոմեքենա, որն այդ ժամանակ չի ունեցել և որը ձեռք է բերել ավելի ուշ՝ ԱԺ պատգամավորի պաշտոնը ստանձնելուց հետո:

Ըստ կազմակերպության՝ պաշտոնատար անձինք պաշտոնը ստանձնելիս փորձում են ավելի շատ կամ ավելի թանկ ունեցվածք հայտարարագրել, որպեսզի հետագայում ապօրինի կերպով հարստանալիս ներկայացնեն դա որպես «նախկինում արդեն իսկ առկա ունեցվածք» (ապօրինի հարստացումը քրեորեն պատժելի է, եթե այն տեղի է ունեցել պաշտոնավարման ժամանակ):

Ալեն Սիմոնյանը կարծում է, որ fit.am կայքը, որը նախկինում sut.am էր կոչվում, պետք է չփոխեր իր անվանումը: ԱԺ փոխնախագահն այսօր ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ անդրադարձել է մեղադրանքներին, փաստաթղթեր ներկայացրել, մանրամասնել, թե ինչպես է ձեռք բերել ավտոմեքենան:

 «Ես իմ մեքենան գնել եմ վարկային գիծ բացելով և իմ նախորդ մեքենայի վաճառքից գոյացած գումարով: Ընդամենը պետք էր ինձ զանգել ու հարցնել: Ես հանգիստ կբացատրեի, և դուք չէիք հայտնվի նման ծիծաղելի իրավիճակում, երբ լուրջ դեմքով տարբեր տեղերում պատմում եք, թե ես ինչպես եմ 1 ամսում հանրապետականներով լցված պառլամենտում հարստացել: Ամոթ է և անընդունելի»:

Դանիել Իոաննիսյանին, մինչդեռ, Ալեն Սիմոնյանի այսօրվա պարզաբանումը չի համոզել: Ավելին՝ նոր հարցեր է առաջացրել ու նոր կասկածների տեղիք տվել:

«Այո, Ալեն Սիմոնյանի հրապարակած փաստաթուղթը նոր հարցեր է առաջացնում, որովհետև հիմա էլ ստացվում է, որ ԱԺ փոխնախագահը հայտարարագրում չի նշել այդ վարկը: Միակ վարկը, որ նշել է, բնակարանի ձեռք բերման համար ստացված 14 մլն դրամն է»:

Ալեն Սիմոնյանը նաև քաղաքական ենթատեքստ է տեսնում այս ամենում, հայտարարագրի շուրջ աղմուկը կապում է բուքմեյքերական ընկերություններին վերաբերող նախագծի հետ, որի հեղինակն է: Դանիել Իոաննիսյանն իրենց հետաքննության մեջ քաղաքական խարդավանքներ փնտրելն ու տեսնելը անհեթեթ է որակում:

Երկու կողմերն էլ հայտարարում են, որ սպասում են իրավապահների արձագանքին: Եթե իրավապահները ուսումնասիրություն չսկսեն, մենք վաղը կդիմենք՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց Դանիել Իոաննիսյանը: Իրավապահներին դիմելու մասին հայտարարել է նաև Ալեն Սիմնոյանը:

Նա չի բացառել, որ Գլխավոր դատախազություն և ՀՔԾ դիմում կներկայացնի Իրազեկ քաղաքացիների միավորման նախագահ Դանիել Իոաննիսյանի դեմ՝ սուտ մատնության ու զրպարտության հատկանիշներով։

0:00
0:00

Հատված Ռադիոլուրի 18.00-ի եթերից