Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ավիատոմսերի գների նվազումը՝ տուրիզմի զարգացման կարեւոր նախապայման
2019-06-04 16:23:03

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Երեւանում այսօր մեկնարկել է «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթաժողովը», որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի կառավարությունն ու «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը համաքայլ են շարժվում՝ արձանագրել է  վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ակնկալում է, որ դա կնպաստի Հայաստանի տնտեսական իմիջի փոփոխությանը: Ընկերության ղեկավարները կարծում են, որ գագաթաժողովը նոր ներարկում է իրենց համար՝ Հայաստանում աշխատելու եւ նոր նախագծեր կյանքի կոչելու առումով:

Երեւանում մեկնարկած «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների ղեկավարության գագաթաժողովը» կընթանա մինչեւ հունիսի 6-ը: Գագաթաժողովին մասնակցում է արգենտինահայ գործարար Էռնեկյան ընտանիքին պատկանող կորպորացիայի մեջ մտնող օդանավակայանների մոտ 120 ներկայացուցիչ՝ 7 երկրից: Բրազիլիայի, Պերուի, Էկվադորի, Արգենտինայի, Ուրուգվայի, Իտալիայի եւ Հայաստանի օդանավակայանների ներկայացուցիչները այս անգամ Հայաստանում են համախմբվել՝ կիսվելու ավիացիոն ոլորտի իրենց լավագույն փորձով:

«Սա հատուկ առիթ է մեզ համար՝ ցույց տալու, թե որքան կարեւոր է Հայաստանը մեր թիմի համար»,- ասաց «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանը: Էռնեկյան ընտանիքի գործունեությամբ Հայաստանը հպարտ է: Վարչապետ Փաշինյանը վստահեցնում է, որ ապագայի նկատմամբ էլ ձեւավորված է միասնական տեսլական-օրակարգ:

«Այդ օրակարգում ես կուզեի ընդգծել մի քանի կարեւոր առանձնահատկություն: Շատ կարեւոր է, որ մենք, ի վերջո, հնարավորինս արագ ամբողջ ծավալով գործարկենք Գյումրիի օդանավակայանը, որն իր հերթին, հույս ունենք, կնպաստի մեկ այլ կարեւոր խնդրի լուծմանը: Դա ավիատոմսերի գների նվազումն է, որը շատ կարեւոր է նաեւ Հայաստանում ռազմավարական նշանակություն ունեցող մեկ այլ ոլորտի՝ տուրիզմի զարգացման համար: Այս հարցերում մենք իհարկե տրամադրված ենք ակտիվորեն համագործակցելու մեր գործընկերների հետ»:     

Օրակարգի խնդիրներից է նաեւ  տեղական ավիափոխադրողների հարցը: Դրանց գործունեության ծավալն այնպիսին չէ, ինչպիսին պետք է: Վարչապետն ակնկալում է, որ համագործակցությունը արդյունք կտա նաեւ այդ ուղղությամբ: 


«Ստեղծել այնպիսի պայմաններ, որ հնարավոր լինի հայկական ավիափոխադրողի, կամ՝ ավիափոխադրողների ի հայտ գալը եւ նրանց մրցունակությունը ապահովելը»:  

Այդ եւ հարակից բոլոր խնդիրները լինելու են գագաթաժողովի քննարկման թեմա: Նաեւ՝  դրանց խոչընդոտող մարտահրավերներն ու լուծման ուղիները: Չէի ասի, թե Հայաստանում մենք մեծ խոչընդոտների ու խնդիրների ենք հանդիպում՝ ասաց Մարտին Էռնեկյանը, ապա գոհունակություն հայտնեց, որ Հայաստանի նոր կառավարության հետ նույնպես շատ ամուր համագործակցություն կա:


«Հայաստանում հաջողությունները ակնհայտ են եւ ընկերությունը, օգտվելով առիթից, վերանայելու է նաեւ իր մյուս նախագծերը ու առաջարկելու է նոր նախագծեր Հայաստանում: Նոր կառավարության հետ մենք աշխատելու ենք, որպեսզի սահմանենք նոր ներդրումների համար առաջնահերթությունները», -շեշտեց Մարտին Էռնեկյանը:

Այժմ ընկերությունը համագործակցում է ճարտարապետների հետ եւ գրեթե պատրաստ են «Շիրակ» օդանավակայանի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը սկսելուն՝ տեղեկացրեց «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործադիր տնօրենը: Ի դեպ, Հայաստանում ընկերության գործունեության ոլորտը ներառում է ոչ միայն ավիացիան, այլ նաեւ գյուղատնտեսությունը եւ բանկային ոլորտը:

0:00
0:00