Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործով նիստը հետաձգվեց
2019-06-04 18:10:40

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ Մանվել Գրիգորյանը նիստին ներկա չէր։

Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը դատարանում հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանը չի ներկայացել դատարան «քրեակատարողական հիմնարկի անօրինականությունների պատճառով»։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրում  այսօր  ընթացել է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը:

ԱԺ նախկին պատգամավոր, մեղադրյալ Մանվել Գրիգորյանն այսօրվա դատական նիստին չի ներկայացել: Պաշտպանները բանավոր կարգով դատարանին տեղեկացրեցին, որ Մանվել Գրիգորյանը դատական նիստին չի ներկայացել առողջական խնդիրների պատճառով: Դատարանի նախաձեռնությամբ դատական նիստն ընդմիջվեց  մեկ ժամով: Արդեն ընդմիջումից հետո դատավորը հայտարարեց, որ
հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 11-ին։

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին  փաստաբան Լևոն Բաղդասարյանը արդեն նիստից հետո հրավիրված ասուլիսում ասաց, որ վերջինս  անօրինական կարգով է պահվում Դատապարտյալների հիվանդանոցում։  Նշենք, որ   երեկ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ դատապարտյալների հիվանդանոց:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար:

Ըստ մեղադրանքի` Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր:

Գրիգորյանը կալանքի տակ  է  հունվար ամսից, իսկ  Նազիկ  Ամիրյանի խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին։  Ի դեպ, այսօր Նազիկ Ամիրյանը մասնակցում էր դատական նիստին, նիստի ավարտից հետո «Ռադիոլուրը»  մի քանի հարց ուղղեց  Ամիրյանին՝  էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի կատարած հայտարարությունների հետ կապված:

Երկու օր առաջ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հանդես էր եկել  ուղերձով, ասելով որ փորձ է արվում վարկաբեկել քաղաքապետարանի գործունեությունը և անհիմն մեղադրանքներ են հնչեցվում իր և տեղական ինքնակառավարման մարմնի հասցեին։

Քաղաքապետը էջմիածնի բնակիչներին կոչ էր  արել Մանվել Գրիգորյանին պատկանող սրճարանը բոյկոտել, այնտեղից   նույնիսկ ջուր չգնել, որպեսզի այդ սրճարանը սնանկանա, տուրքը չկարողանա վճարել ու փակվի։

«Անգրագետ բան է ասել, միթե քաղաքապետը այդպիսի կոչ է անում իր տարածքում: Այս պահին չեմ ուզում քննարկեմ, քանի որ քաղաքապետը առանց  մտածելու հայտարարություն է արել: Այ հիմա, որ խելքը գլխին նստի մտածի…, ասում է իրավաբան եմ, մի քիչ էլ իրավաբանություն ուսումնասիրի, հաստատ կտեսնի որ ինքը շատ անմիտ արտահայտություն է արել»,-ասաց Նազիկ Ամիրյանը:


Էջմիածնի քաղաքապետն ասել էր նաև, որ այդ սրճարանը, որը գտնվում է քաղաքապետարանի դիմաց, տրվել էր վարձակալության 2003 թվականին՝ 25 տարով, այսինքն՝ մինչեւ 2028 թվականը՝ տարեկան մոտ 23 հազար դրամ վարձավճարով։ Ըստ Դիանա Գասպարյանի՝ պայմանագիրը կնքված է այնպես, որ ժամկետից վաղ լուծելու որևէ իրավական հնարավորություն չի նախատեսվում, քաղաքապետարանը հնարավորություն ունի միայն փոփոխել վարձավճարի չափը, և եթե վարձակալը անհամաձայնություն հայտնի, ապա այդ դեպքում՝ միակողմանի լուծել պայմանագիրը։

«Այդ նպատակով Էջմիածնի քաղաքապետարանը որոշել է սահմանել նոր վարձավճար՝ տարեկան մոտ 7 միլիոն դրամ, եւ այս մասին արդեն ծանուցվել են սրճարանի վարձակալները»։

Հարցին՝ մի՞թե  այդքան ցածր գներով եք վարձակալել տարածքը՝  Նազիկ Ամիրյանը  նշեց, որ քաղաքապետը պարզապես ինֆորմացիային չի տիրապետում:

0:00
0:00