ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայտնի է կոկորդիլոսի անկման պատճառը
2018-11-27 18:54:19

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Երեկ Երևանի կենդանաբանական այգում անկած կոկորդիլոսի հերձումը տեղի ունեցավ այսօր, որին բացառիկ իրավունքով ներկա էր նաև «Ռադիոլուր»-ը: Ի՞նչ են ասում հերձման նախնական արդյունքները կենդանու անկման մասին, «Ռադիոլուրն» է պարզել:

0:00
0:00

Երևանի կենդանաբանական այգում երեկ առավոտյան անկած վիճակում գտած նեղոսյան կոկորդիլոսին այսօր հերձեցին: Մոտ 2 ժամ տևած հերձմանը բացառիկ իրավունքով ներկա էր նաև «Ռադիոլուր»-ը: Հերձումից անմիջապես հետո կենդանու անկման պատճառի մասին  խիստ նախնական տվյալներ է հաղորդում  անասնաբուժական գիտությունների թեկնածու Աննա Աղաջանյանը:

«Ախտաբանական փոփոխություններ տեսանք, թե դրանցից որն է առաջնային, որը երկրորդային, որը կարող էր լինել մահվան պատճառը հիմա ասել չենք կարող: Ամբողջ պրոցեսը նկարել են, պետք է նորից, մանրամասն նայենք: Բայց փաստը մնում է փաստ, որ կենդանին լուրջ քրոնիկ հիվանդ է եղել»:

Մինչև բուն գործողություններին անցնելը՝ կենդանուն կշռեցին ու չափեցին. 2 մետր 95 սանտիմետր երկարություն ունի, 140 կգ քաշով: Իր տեսակի համար կարող էր ավելի մեծ չափերի լինել, քննարկում էին մասնագետները:

Հերձումը սկսելուց առաջ մի քանի անգամ որոշեցին՝ ինչպես սկսել աշխատանքը, որ կոկորդիլոսի կմախքը հնարավորինս ամբողջական մնա:

«Սրանք կոչվում են երկկողմանի համաչափ օրգանիզմներ, այսինքն մի կողմը ինչպես հայելու անդրադարձը, նման է իր մյուս կողմին: Կարերով ու գծերով ենք կատարում հերձումը, որ հետագայում պահպանենք որպես թանգարանային նմուշ»:

Հերձման ողջ ընթացքում սենյակում ամենալուռն ու ամենահեռվում կանգնած էր Աշոտ Հայրապետյանը՝ 10-ը տարի ամեն օր ինքն է տեսել ու խնամել կենդանուն: Կապվել էր: Հարցնում եմ՝ երևի ձեզ համար է ամենադժվարը ներկա գտնվել այս սենյակում, լուռ համաձայնության նշան է տալիս:


Կոկորդիլոսին վերջին անգամ ողջ վիճակում տեսել է կիրակի երեկոյան:

«Վերջին անգամ կենդանուն ողջ տեսել եմ դրա առաջին օրը, իսկ դրանից առաջ փոխտնօրենի հետ ենք մտել կենդանու մոտ՝ առույգ էր, շարժվում էր: Երբեք չի հիվանդացել, նախանշաններ չեն եղել»:

Վերջին 13 օրում կենդանաբանական այգում սա կենդանու անկման երկրորդ դեպքն էր։ Նոյեմբերի 13-ին անկած զեբրի թունավորման կասկածները հաստատվել էին փորձաքննության արդյունքներով. կենդանուն թունավորել էին մկնդեղով։


Կոկորդիլոսի անկման պատճառն ու հանգամանքների մասին կենդանաբանական այգին պաշտոնապես կխոսի, երբ ձեռքի տակ լինեն փորձաքննության
վերջնական արդյունքները։