ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2018-11-28 09:58:36
  • «Հայկական Ժամանակ». Չորս նոր համակարգ՝ 100 կիլոմետր հեռահարությամբ
  • «Առավոտ». Թավշյա հեղափոխությունն ու Արցախը
  • «Ժողովուրդ». Դատախազի ներկայությունը՝ զգոնության վկայություն
  • «Հայոց Աշխարհ». Սպասվում է թանկացումների նոր ալիք

 

«Հայկական Ժամանակ». Չորս նոր համակարգ՝ 100 կիլոմետր հեռահարությամբ

«Հայկական Ժամանակ»-ը տեղեկացնում է, որ ժամանակակից ամենամահաբեր համակարգերից մեկի՝ «Տոչկայի» հերթական համազարկի վերաբերյալ ռեպորտաժ է պատրաստել «Զինուժ մեդիան»: Այն կհեռարձակվի դեկտեմբերի 1-ին՝ Հանրային հեռուստաընկերության եթերում:

Թերթը նշում է, որ ըստ հասանելի աղբյուրների, այս տարվա դրությամբ Հայաստանի զինված ուժերի կազմում կա թվով 4 այսպիսի համակարգ: Դրանց հեռահարությունը կազմում է մոտ 100 կիլոմետր:

Թավշյա հեղափոխությունն ու Արցախը

«Առավոտ» օրաթերթն իր խմբագրական մեկնաբանությունում կոչ է անում իսպառ վերացնել մեր բառապաշարից «դավաճան» բառը, որ հաճախ են իրար երեսի շպրտում քաղաքական գործիչները:

«Չեմ հավատում դավադրության հերթական տեսությանը, ըստ որի՝թավշյա հեղափոխությունն իրակաացվել է արևմտյան որոշակի շրջանակների աջակցությամբ, և նրա խնդիրներից մեկն էր Ղարաբաղյան հարցի ոչ հայանպաստ լուծումը: Նման բան չկա, չի կարող լինել: Ուրիշ հարց, որ փողոց փակող այսօրվա պատանիներին Արցախի հարցն ավելի քիչ է հետաքրքրում, քան մեր սերնդին: Այո ապրիլյան պատերազմի ժամանակ նրանց հասակակիցներն իրենց կյանքը տվեցին մեր սահմանը պաշտպանելու համար: Բայց դա չի բացառում այն, որ թավշյա հեղափոխության գլխավոր դերակատարների՝ երիտասարդների գլխավոր նպատակը նախորդ փտած, կոռումպացված համակարգը մերժելն էր: Եվ դրան միացավ մեր քաղաքացիների հսկայական ցասում այն առիթով, որ Սերժ Սարգսյանը երկու նախագահական ժամկետից հետո որոշեց վարչապես դառնալ: Այս ամենի մեջ ղարաբաղյան թեման չկար՝ մարդիկ ուզում են նորմալ, ժողովրդավարական, ժամանակակից կոռուպցիայից և ամենաթողությունից զերծ պետություն ունենալ»,-գրում է թերթի խմբագիրը:

Կարծում է, որ երիտասարդներին պետք է բացատրել «կորցնելով Արցախը՝ մենք ընդհանրապես ՈՐԵՎԷ պետություն չենք ունենա՝ ոչ լավը, ոչ վատը, ոչ զարգացածը, ոչ հետամնացը»:

Դատախազի ներկայությունը՝ զգոնության վկայություն

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում երեկ տեղի ունեցավ մարտի 1-ի գործի շրջանակներում սահմանադրական կարգը 2008թ. տապալելու մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերցնելու բողոքի քննությանը։ Երեկ այս կապակցությամբ դատարանը որեւէ որոշում չկայացրեց, այլ դատական նիստը երեկ ընդմիջվեց եւ կշարունակվի արդեն այսօր:

Դատաքննությունը, ինչպես թերթն է նկատում, բավական ուշագրավ պայմաններում է անցնում. դատարանում որպես մեղադրող կողմ ներկա է գտնվել անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ընդ որում, նա բավական ակտիվ է եղել՝ ներկայացնելով Քոչարյանին կրկին կալանավորելու որոշման օգտին փաստարկներ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իրավապահ համակարգի հնաբնակները դժվարացել են հիշել մի դեպք, երբ գլխավոր դատախազն անձամբ մասնակցի որեւէ մեղադրյալի խափանման միջոցի վերաբերյալ դատաքննությանը. անգամ հոկտեմբերի 27-ի գործով մեղադրյալների դեպքում այդպես չի եղել:

«Արթուր Դավթյանի ներկայությունը պատահական չէ. ի վերջո, Քոչարյանի գործը նաեւ քաղաքական ենթատեքստ ունի. գործ ունենք ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելու հարցի հետ, ընդ որում՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի շրջանակներում: Եւ հիմա իրավապահ ողջ համակարգը լծվել է գործին, իշխանությունները լրացուցիչ զգոնություն են դրսեւորում, որպեսզի որոշման հիմքերն առավել քան հիմնավորված լինեն, այլապես դա հնարավորություն կտա Քոչարյանի փաստաբաններին ՄԻԵԴ-ում բողոքարկելու` կատարվածը ներկայացնելով որպես քաղաքական հետապնդում»,- գրում է թերթը:

«Հայոց Աշխարհ». Սպասվում է թանկացումների նոր ալիք

Հարկային օրենսգրքի առաջարկվող փոփոխությունները` կապված ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման հետ՝ ըստ «Հայոց Աշխարհ»-ի կհանգեցնեն սպառողական ապրանքների թանկացումների նոր ալիքի։ Սակայն խնդիրը, ինչպես թերթն է նշում, միայն թանկացումները չեն։ Տուժելու է նաեւ տեղական արտադրողը՝ արտաքին շուկաներում կորցնելով մրցունակությունը, ինչը որեւէ կերպ չի տեղավորվում հայրենական արտադրությանն աջակցելու կառավարության ազդարարվող մտադրությունների մեջ։

Մասնավորապես, ակցիզային հարկի բեռի աճ է նախատեսվում սպիրտային խմիչքների դեպքում։ Ակնկալվում է առաջիկա տարվա համար այն միանգամից բարձրացնել գրեթե 68 տոկոսով։ Իսկ դա նշանակում է, որ այն կավելանա 485 դրամով։

Սպիրտային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափի աճ է առաջարկվում նաեւ հաջորդ տարիների համար։ Երեք տարվա ընթացքում այն կեռապատկվի՝ գերազանցելով լիտրի դիմաց 2 հազար դրամը։

Ակցիզային հարկով կհարկվեն նաեւ խմիչքի այլ տեսակներ։
Սպասվում է ոչ միայն սպիրտային խմիչքների, այլեւ ծխախոտի կտրուկ թանկացում։ Միայն հաջորդ տարվա համար յուրաքանչյուր տուփի ակցիզային հարկը կբարձրանա գրեթե 50 դրամով։ Իսկ երեք տարվա ընթացքում միայն ակցիզային հարկի ծանրացման հետեւանքով ծխախոտի յուրաքանչյուր տուփ կթանկանա միջին հաշվով 112 դրամով։

«Ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացումը կվնասի ինչպես ծխախոտի, այնպես էլ սպիրտային խմիչքների մրցունակությանը։ Նման քաղաքականությամբ, թե ինչպես է կառավարությունը խթանելու հայրենական արտադրությունը, դժվար չէ պատկերացնել։ Ակնհայտ է, որ դրանով նախապատվությունը տրվում է ոչ թե տնտեսությանը, այլ բյուջեին։ Որքան էլ ակցիզային հարկի բարձրացման հետեւանքով ակնկալվող հավելյալ գումարները վճարելու է սպառողը, միեւնույն է, դրա տնտեսական հետեւանքները կրելու է արտադրողը, ինչը արտահայտվելու է հատկապես արտաքին շուկաներում մրցունակության կորստով։ Մի բան, ինչը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության հիմնական խնդիրներից մեկը», - գրում է թերթը։