Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կարկուտը վնասել է այգիներ, հեղեղել թաղամասեր
2019-06-05 15:49:36

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Լոռիում երեկ տեղացած կարկուտը վնասել է 8 համայնքների այգիները, հեղեղել թաղամասեր: Վանաձորում շուրջ 30 րոպե տեղացած կարկուտի հետեւանքով հիմնականում վնասվել են ավտոմեքենաները: Ինչ վնաս է հասցրել կարկուտը և ինչ քայլեր են ձեռնարկվում:

Լոռու մարզում երեկ տեղացած կարկուտի ու հորդառատ անձրեւի հետեւանքով վնասվել են Շահումյան, Լոռի Բերդ խոշորացված համայնքի Յաղդան, Կողես, Լեջան եւ Ագարակ համայնքի գյուղատնտեսական հողերը, այգիներին ու բանջարաբոստանային կուլտուրաները:

Ինչպես «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Շահվերդյանը, կազմվել են համայնքային հանձնաժողովներ: Վնասների չափը դեռ ճշտվում է:

Զանգահարեցինք նաև համայնքապետերին: Պարզվեց Շահումյան համայնքում բավականին լուրջ վնասներ են գրանցվել: Համայնքապետ Էդիկ Մանուկյանը հստակ չի կարող ասել, թե ինչ չափի վնասների մասին է, բայց նշեց, որ 15 հողատարածքների պտուղբանջարեղենների շուրջ 30 տոկոսը վնասվել է:

Կարկուտից տուժել է նաև Լոռիբերդ խոշորացված համայնքը: Միայն թե ի տարբերություն Շահումյանի, այստեղ վնասները շատ չեն: Համայնքապետ Արայիկ Ներսիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց, որ հակակարկտային կայաններն են աշխատել:

Վանաձորում շուրջ 30 րոպե տեղացած կարկուտի հետեւանքով հիմնականում վնասվել են ավտոմեքենաները: Տեղացած կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են Վանաձոր քաղաքի Բուլղարական ավանի թիվ 44, թիվ 45 և թիվ 46, Սանկտ-Պետերբուրգ փողոցի թիվ 5/2/3/11 տնակները:

Ստացված բոլոր դեպքերի մասին տեղեկատվությունը փոխանցվել է Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժին:

Այս ամենի հետ մեկտեղ նաեւ սելավներ են արձանագրվել: Տեղացած կարկուտի եւ հորդառատ անձրեւի հետեւանքով անտառից հոսող սելավաջրերը հեղեղել են Խնձորուտ թաղամասի 6-րդ փողոցը: Բոլոր դեպքերով ահազանգերին արձագանքել է Լոռու մարզային փրկարարական վարչությունը։