Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մարտի 1-ի արյունոտ հետքերը. նոր բացահայտում
2019-06-05 18:59:18

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

2008-ի մարտի 1-ին կրակողներից առաջինը ձերբակալվել է երեկ: Ոստիկանության բարձրաստիճան նախկին պաշտոնյային կասկածում են ցուցարարներից հստակ մեկի սպանության մեջ:

Հատկանշական է, որ ժամանակին այդ պաշտոնյան հայտնվել է նաեւ Փաստահավաք խմբի ուշադրության կենտրոնում: Այսօր շատերը փորձում են հասկանալ՝ ինչ է նշանակում այս նոր ձերբակալությունը եւ մինչեւ ուր այն կարող է տանել:

Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում առաջին անգամ սպանության կասկածանքով բարձրաստիճան նախկին պաշտոնյա ձերբակալվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ վերջին 11 տարվա ընթացքում նոր շրջադարձային փուլ է սկսել:

«Բոլորս ենք չէ՞ հասկանում՝ վերջին 10 տարիների ընթացքում ամեն ինչ արվել է, որ բոլոր հնարավոր փաստերը կոծկվեն: Այն փաստը, որ պարկուճները փոխված են՝ նշանակում է ամեն ինչ է փոխված: Քանի որ խոսքը ձերբակալության մասին է, չգիտենք՝ մեղադրանք կառաջադրվի, չի առաջադրվի, գործը ոնց կընթանա: Մարտի 1-ի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն»:

Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանին կասկածում են հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու մեջ: Զաքար Հովհաննիսյանը ցուցարար էր, մարտի 1-ի 10-ը զոհերից մեկը: Որովայնի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել, անհայտ անձանց կողմից անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխվել եւ վիրահատության ժամանակ մահացել:

Զաքար Հովհաննիսյանի մարմնից հանվել էր 9 մմ տրամաչափի 1 գնդակ: Ձերբակալված բարձրաստիճան ոստիկանը ժամանակին հետաքրքրել է մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբին՝ հաստատում է Անդրանիկ Քոչարյանը:

«Գեղամ Պետրոսյանի բացատրություններն առաջին անգամ մեզ չեն բավարարել եւ մենք երկրորդ անգամ կանչել ենք՝ վերցնելով այլ բացատրություններ: Գործը կոծկողներից մեկը այսօր գտնվում է փախուստի մեջ եւ Աղվան Հովսեփյանը, որ գլխավոր դատախազն էր այն ժամանակ, պետք է տա բացատրություններ, եթե չի տվել: Եթե թույլ տային դատաքննությունը լիարժեք իր փուլը մտներ մեր հասարակությունը կտեսներ, թե ինչ հրեշավոր գործընթացներ են տեղի ունեցել»,-ասում է Անդրանիկ Քոչարյանը:

Փաստահավաք խմբի հասանելի տեսագրություններից  ակնհայտ երեւում է եւ լսվում՝  Պետրոսյանն այն ժամանակ չէր պատրաստվում խոսել:  

2008-ի դեպքերից հետո իշխանության մաս կազմած «Բարգավաճ Հայաստանում» արդյո՞ք ենթադրում էին, որ մարտիմեկյան դեպքերի ժամանակ իշխանությունը մարդ է սպանել ու կոծկում է:

Ի՞նչ էին մտածում այն ժամանակ՝ ուղիղ տեքստով այս հարցերն այսօր լրագրողներն ուղղեցին ԱԺ-ի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին եւ պատգամավոր Իվետա Տոնոյանին:  

«Օրենքի առջեւ բոլորը հավասար են: Մարտի 1-ի առնչությամբ գտնում են ամբողջությամբ գործը պետք է բացահայտվի, մեր հասարակության համար պետք է ընկալելի լինի թափանցիկության աստիճանը եւ պետք է լինեն գնահատականներ»,- ասում է  Վահե Էնֆիաջյանը:

«Քանի որ այս դեպքում մենք գործ ունենք ձերբակալված անձի հետ, բնականաբար, չմոռանանք նաեւ անմեղության կանխավարկածի մասին: Այդ օրերին բոլորի մոտ այնքան շոկային ու էմոցիոնալ ֆոն է եղել, որ տեղի ունեցածին գնահատականները բացառապես զգայական հարթության մեջ են եղել եւ դրանից հետո նոր միայն որոշակի մանրամասներ են հրապարակվել»,- ասում է Իվետա Տոնոյանը:

«Լուսավոր Հայաստան»-ից նույնպես չեն շտապում գնահատականներ տալ: Մի կողմից վստահում են իրավապահ համակարգին, մյուս կողմից՝ ոչ:

« Այն անձինք, ովքեր իրականում նման արարքներ կատարել են եւ առկա է բավարար ապացուցողական զանգված, որ նրանց մեղքը ինչ որ առումով ապացուցում է, այդ անձինք, բնականաբար, պետք է ներգրավվեն գործում որպես մեղադրյալ, հետագայում նաեւ ամբաստանյալ: Իսկ եթե դատարանը որոշի նաեւ, որ նրանք կատարել են այդպիսի հանցագործություն, ապա նրանք պետք է դատապարտվեն օրենքի տառին համապատասխան»,- պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Փաստահավաք խմբի նախկին անդամ, փորձագետ Անդրանիկ Քոչարյանը քրեական գործի նոր շրջադարձից արդեն համոզված է, որ մյուս սպանությունների առնչությամբ ապագայում  նույնպես նոր բացահայտումներ պետք է սպասել:

0:00
0:00