Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱԱԾ-ն գաղտնալսումներից կպաշտպանվի հայկական հավելվածով
2019-06-05 19:20:32

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանում սկսվել են նախորդ տարվա բյուջեի կատարման հաշվետվության հանձնաժողովային  քննարկումները: Թե ինչպես են կատարվել  նախորդ տարվա համար ծրագրված ցուցանիշները, ոլորտ առ ոլորտ կքննարկեն մշտական հանձնաժողովներում, դրանից հետո՝ ԱԺ լիագումար նիստերում:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի կարգավիճակում բյուջեի կատարողական ներկայացնում է արդեն երկրորդ անգամ: Առաջինը, սակայն, նախորդ տարվա այս ժամանակահատվածում էր, երբ Փաշինյանը նոր-նոր էր ստանձնել գործադիրի ղեկավարի պաշտոնը և հաշվետվություն էր ներկայացնում մի փաստաթղթի վերաբերյալ, որի կազմմանն ու իրագործմանը առնչություն չէր ունեցել:

Այս անգամ ներկայացվում է 2018-ի կատարողականը, պատասխանատվությունը կրկին մասնակի է՝ մայիսից այս կողմ ընկած, բայց աննախադեպ  ժամանակահատվածի համար:

«2018-ին տեղի են ունեցել նախագահական մեկ ընտրություններ, վարչապետի 5 ընտրություն, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, Երևանի քաղաքապետի մեկ արտահերթ ընտրություն, և վերջապես երկրում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն»:

Այս պայմաններում  կառավարությունը կարողացել է լուծել ամենակարևոր խնդիրը՝ պահպանել մակրոտնտեսական կայունությունը և նախատեսվածից ավելի տնտեսական աճ ապահովել՝ ծրագրված 4.5 տոկոսի փոխարեն՝ 5.2:

«Այսինքն, 2018 թվականին ահա այսպիսի գլոբալ քաղաքական վայրիվերումների պայմաններում կառավարությանը հաջողվել է գերակատարել այն պլանը, որը 2018 թվականի բյուջեի հիմքում դրել էր նախորդ կառավարությունը՝ ելնելով բոլորովին այլ կանխատեսումներից: Եվ այս առումով ուզում եմ ընդգծել հետևյալը, որ 2018 թվականի պետական բյուջեն կատարվել է: 2018 թվականի բյուջեի կատարման արդյունքներով Հայաստանի կառավարությունը չունի չկատարված պարտավորություններ»:

Արդեն ֆինանսների նախարարի ճշգրտված տվյալներով՝ բյուջեի եկամուտների փաստացի ցուցանիշը նախորդ տարի կազմել է մոտ 1 տրիլիոն 342 մլրդ դրամ կամ արձանագրվել է ծրագրի 98.3 տոկոս կատարողական: Իսկ ծախսերի համար 1 տրիլիոն 447 մլրդ դրամ փաստացի ցուցանիշ է արձանագրվել կամ կատարվել է 94.7 տոկոսով:  5,2 տոկոս տնտեսական աճի 4,8 տոկոսը պայմանավորված է ծառայությունների ոլորտով `ֆինանսների նախարարն ասում է  տնտեսության այս կառուցվածքը կառավարության չի բավարարում:

Ընդդիմությանն էլ չեն բավարարում այն ցուցանիշները, որոնցից գոհ է իշխանությունը:  Տնտեսական միանիշ աճը մարդկանց կյանքի որակը  չի փոխում՝ ասում է «Լուսավոր Հայաստանից» Մանե Թանդիլյանը, այս տեմպերը տնտեսական հեղափոխության նախադրյալներ չեն ստեղծում՝ հավելում է ԲՀԿ-ից Միքայել  Մելքումյանը:


Այս բյուջետային քննարկումների առանձնահատկությունը կլինի այն, որ բոլոր ոլորտների քննարկումներին  կմասնակցեն առաջին դեմքերը: Արտոնյալ պաշտոնյաներ չեն լինեի՝ այսօր խոստացավ վարչապետը՝ հիշելով, որ պատգամավոր եղած տարիներին ինքն ամենահետևողականն էր այս հարցում ու պարբերաբար հարց էր բարձրացնում ՝ ուր է քաղաքապետը  կամ  ԱԱԾ-ի ղեկավարը:

Արթուր Վանեցյանն այսօր եկել էր խորհրդարան:  Հաշվետվությունից տեղեկացանք, որ  կառույցն իր պահպանման ծախսերից տնտեսած 472. 5 մլն դրամը վերադարձրել է պետական բյուջե: Պատգամավորներին սակայն այլ հարց էր հետաքրքրում՝  վերացված է արդյոք գաղտնալսման վտանգը: Թե ինչ է բացահայտվել  հայտնի գաղտնալսման գործով՝ Վանեցյանը հորդորեց պարզել Քննչական կոմիտեից, բայց հետաքրքիր տեղեկություն հայտնեց:

«Մշակվել է մի հավելված, որը զերծ կպահի գաղտնալսումներից: Այն ամբողջությամբ հայկական արտադրանք է, սերվերը գտնվում է ԱԱԾ շենքում: Շատ մասնագետներ արդեն պնդում են, որ անհնար է այդ ծրագիրը շրջանցել և գաղտնալսում իրականացնել։ Նույնիսկ եթե մենք ուզենանք գաղտնալսել մեզ, չենք կարող»:

ԱԱԾ-ից անհետացած նյութերի կապակցությամբ, ինչի մասին խոսել էր վարչապետ Փաշինյանը, քրեական գործ դեռ չի հարուցվել, բայց կառույցում աշխատում են այդ ուղղությամբ: Ըստ Արթուր Վանեցյանի՝ խոսքը յուրահատուկ գործի մասին է, որը ծավալուն աշխատանք է ենթադրում:   

0:00
0:00