Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Աբովյանում քաղաքապետ կընտրեն
2019-06-05 19:58:36

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

 

Հունիսի 9-ին Աբովյանում քաղաքապետ են ընտրելու: Գրանցված 6 թեկնածուից մեկն ինքնաբացարկ է ներկայացրել: 5-ը շարունակում են ընտրապայքարը:

 

Աբովյանի նախընտրական տրամադրություններին հետեւել եւ նախընտրական շտաբերի քարոզարշավի վերաբերյալ գնահատականներն է փորձել ի մի բերել Կարեն Ղազարյանը:     

 

Աբովյանցիները տեղյակ են, որ հունիսի 9-ին քաղաքապետ են ընտրելու: Արդեն 10-րդ օրն է քարոզարշավն ընթանում: Գրանցված 6 թեկնածուներից մեկը՝ Գրիգոր Գրիգորյանը ինքնաբացարկ է հայտնել: Ընտրապայքարը շարունակում են 5-ը:

Մեր թեկնածուն ընտրարշավը վարում է օրենքի շրջանակներում՝ ասաց ինքնաառաջադրված թեկնածուներից Մանուկ Մկրտչյանի նախընտրական շտաբի պետ Կարեն Գեղամյանը, ապա հավելեց. «Ինչ վերաբերվում է մնացած թեկնածուներին ու նրանց վարած ընտրարշավին… ժամանակը ցույց կտա, ընտրությունը ցույց կտա»:  

 

Աբովյանցիները, սակայն, բոլոր թեկնածուներին չէ, որ ճանաչում են:

 

«Ես մեկին գիտեմ, մեկին էլ պիտի ընտրեմ, մնացածին չեմ էլ ուզում իմանամ»:

 

«Քաղաքական հարցերով ես չեմ զբաղվում: Քաղաքականությունը ապականված ոլորտ է: Ընտրություններին, սակայն, կմասնակցեմ ու կընտրեմ ում որ համակրում եմ: Հաշվի եմ առնելու ինձ ձեւի մարդ ա, ինչ բարոյական հատկանիշներով, ժողովրդին ինչքանո՞վ է պիտանի, արդյո՞ք պիտանի ա եղել»:

   


Նախընտրական մթնոլորտը աբովյանցիները նորմալ են համարում: Ասացին, որ լարվածություն չեն զգում, չեն զգում նաեւ նախկին ընտրություններում նկատած լարված-աշխուժությունը:

 

«Մթնոլորտը նորմալ է: Ժողովուրդն իրար հետ լավ է, մնացածը՝ չգիտեմ»:

 

«Լավ ա: Լարված վիճակ չի: Մարդիկ հանգիստ են: Նախկինում ուրիշ բարքեր էին, մոտենում էին ուրիշ ձեւ: Արդեն պարզ է, որ լարվում էր»:  

 

Թեկնածուներից 4-ն ինքնաառաջադրվել են, այդ թվում գործող քաղաքապետ, անկուսակցական Վահագն Գեւորգյանը: Թեպետ ասվում է, որ նրա թեկնածությունը ԲՀԿ-ն է պաշտպանում: Գեւորգյանը, սակայն, նշում է, որ պաշտոնական նման հայտարարություն, համենայնդեպս, չի եղել:

 

«Համենայնդեպս, պաշտոնական հայտարարություն չի արվել: Տեղյակ չեմ: Հիմա քաղաքական որեւէ ուժի հետ, համենայնդեպս, քննարկումներ եւ պայմանավորվածություններ չունենք»:  

Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից մեկը նախընտրական շտաբ չունի: Նախընտրական շտաբներ ունեն 4-ը: Փակցված են նախընտրական պաստառներ:

 

Ակնառու են գործող քաղաքապետ Վահագն Գեւորգյանի եւ  իշխող ՔՊ կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի քարոզչական մեծադիր պաստառները:

Օրենքը դա չի արգելում: Մյուս թեկնածուները, սակայն, այս հանգամանքը մատնանշելով՝ խոսում են ռեսուրսների բիրտ օգտագործման մասին:

 

Ինքնաառաջադրված թեկնածուներից Սասուն Գրիգորյանը նշեց նաեւ, որ քարոզարշավն ընթանում է իր ակնկալածից շատ վատ.

 

«Որովհետեւ ռեսուրսները երկու կողմից՝ եւ՛ գործող քաղաքապետի, եւ՛ ՔՊ-ի, օգտագործվում է շատ բիրտ ու ոչ մի թեւից ազդեցություն այդ գործողությունների վրա չկա: Կա վախի մթնոլորտ, միանշանակ, այն, ինչից խուսափում էինք՝ չպետք ա լիներ, էսօր առկա ա ու ավելի բիրտ ձեւով»:  

 

Դա իրողությունն է, սակայան, մենք պայքարում ենք եւ հույս ունենք, որ կհաղթենք, քանի որ գնահատողը քաղաքացին է՝ հավելեց Սասուն Գրիգորյանը: Թեկնածուն նաեւ բացասական է գնահատում վարչապետի այսօրվա քայլերթը Աբովյանում:

 

«Հերթական ուղղորդում ա, այսինքն՝ փորձել ազդել մարդկանց ընտրության վրա: Մտածում էինք, որ այս փոփոխություններից հետո, նման բաներ չեն լինի: Է, նախկինում էլ ԲՀԿ-ն անում իր քայլերը՝ ուղղորդում էր: Եթե մեր քաղաքացիներին պիտի ուղղորդենք, էլ էն հիմնական մաքուր ընտրությունների մասին խոսելը… Երեւի պիտի սկսենք մտածել»:   

 

Աբովյանում վախի մթնոլորտի մասին գնահատականը, իշխող ՔՊ կուսակցության առաջադրած թեկնածու Գրիգոր Գուլյանի խոսքով, տիպիկ է եղել նախկինում: Այսօր այն չի բխում իրականությունից:

 

«Վախի մթնոլորտն այլեւս չկա: Մեր քաղաքացին գիտակից է ու այլեւս արժանապատիվ: Գնահատականը կտա ընտրության օրը»:

 

Գրիգոր Գուլյանը նաեւ ասաց, որ իրենց անունից պատասխանատու կերպով հայտարարում է՝ դեմ են, չեն կիրառել ու կոչ են անում, որ վարչական ռեսուրսը մաս չկազմի քարոզարշավին:

 

Հենց դա էլ նաեւ նկատի ունենալով ասում են, որ պայքարը գնալու է «հին քաղաքական մշակույթը» եւ «նոր քաղաքական մշակույթը» կրողների միջեւ. «Ինչու «հին մշակույթի կրողներ», որովհետեւ այն ծրագրերը, որոնք մենք ունենք ու կարող էինք իրականացնել մեր համայնքում՝ գործող քաղաքային իշխանության կողմից այդ իրականացնելու կամքը չդրսեւորվեց»:  

 

Այսպիսի գնահատականները գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վահագն Գեւորգյանը համարում է ընտրություններից առաջ իր վարկանիշի վրա ազդելու փորձեր:

«Ասել, որ նախկինում ինչ-որ քաղաքական ուժ եթե քեզ պաշտպանել ա, ուրեմն դու նախկին քաղաքական մշակույթի կրողն ես, դա ուղղակի աբսուրդ է: Որովհետև ես գոնե իմ անցած ճանապարհին աշխատել եմ բոլոր քաղաքական ուժերի հետ»:

Ինչ վերաբերում է սաբոտաժ անելու կամ ինչ որ ծրագրեր չիրականացնելու  մասին խոսակցություններին, ապա դա, Վահագն Գեւորգյանի ձեւակերպմամբ, ակնհայտ զրպարտանք է:

0:00
0:00