ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչպես լուծել Արցախի հիմնախնդիրը. քարոզարշավը շարունակվում է
2018-11-28 11:16:11

Աննա Նազարյան 

«Ռադիլուր»

Ի՞նչպես են պատկերացնում ղարաբաղյան խնդրի կարգավորումը խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները: Առաջադրված բոլոր քաղաքական ուժերի տրամադրություններն ու մոտեցումները ճշտել է «Ռադիլուրը»:

0:00
0:00

«Հայաստանի համար Արցախը պարզապես հողատարածք չէ, ինչպես եւ Արցախի հարցը տարածքային վեճ չէ»,- նշված է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում: Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը բանակցային գործող ձեւաչափում նախատեսում են ընդամենը մեկ, բայց սկզբունքային փոփոխություն.

«Ապահովելու ենք խնդրի խաղաղ կարգավորման շարունակականությունը, Արցախի մասնակցությունը բանակցություններում»։

«Քաղաքացու որոշում» սոցիալ- դեմոկրատական կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը համոզված է՝ խաղաղ կարգավորում հնարավոր է, եթե հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի ու միջնորդ երկրների համար գտնվի ընդունելի լուծում։ Այն ընդունելի պետք է լինի նաև ժողովուրդների համար՝ ասում է ու վստահեցնում, որ անողոք են լինելու հանձնառությունները դրժող հակառակորդի նկատմամբ:

«Ազգային առաջընթաց» կուսակցության մամուլի խոսնակ Հայկ Գրիգորյանի համար անընդունելի են մադրիդյան սկզբունքները։ Մինչ խնդրի կարգավորման մասին խոսելը՝ նախ հրատապ է համարում վերաբնակեցման խնդիրը։ Այդ հարցում, ըստ նրա, օգտակար կարող են լինել Սփյուռքի հայերը.

«Օրինակի համար ստեղծվի վերաբնակեցման ֆոնդ, Քաշաթաղի վերաբնակեցման համար պետք կլինի 10-20 մլն դոլար, որը հնարավոր է հավաքել թիրախային մոտեցումով»:

Բանակցային գործընթացը պետք է ընթանա բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում. «Մենք» դաշինքից պատգամավորության թեկնածու Թեհմինա Վարդանյանի կարծիքն է: Դաշինքի ծրագրային կարևոր դրույթներն են Արցախի միջազգային ճանաչումը, ինտեգրումն ու անվտանգության ապահովումը

«Հակամարտության հետևանքների վերացումը լինի սիստեմատիկ ու փաթեթային սկզբունքով, ուստի Արցախի ժողովուրդը պետք է ամեն կերպ ներգրավված և հիմնական որոշումը կայացնողը լինի»:

«Սասնա ծռեր» կուսակցության ցուցակով առաջադրված քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ուժեղ խորհրդարան ունենալու և բանակցությունների ճանապարհով խնդրի կարգավորման կողմնակից է.

«Ղարաբաղը ոչ ոքի չենք տա, զգուշացնում եմ բոլորին: Հիմա հրատապ է Նախիջևանի հարցը, բայց ուժեղ խորհրդարան ունենալու դեպքում պարտադիր չէ գնալ կռվել։ Ես դիվանագետ եմ ու կողմակից եմ բանակցությունների ճանապարհով խնդրի կարգավորմանը»:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորող Լևոն Շիրինյանը պնդում է՝ արցախյան խնդիրը լուծված է վաղուց, իսկ հակառակորդի ոտնձգությունների դեմ պայքարելու մի տարբերակ կա՝ ըստ նրա.

«Օլիգարխների դղյակները վաճառեք, գնեք զենքեր ու առաջ շարժվեք»:

Գրեթե նույն տրամաբանությամբ է հարցի լուծումը պատկերացնում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի համապետական ցուցակի 4-րդ տեղը զբաղեցնող Գևորգ Գորգիսյանը հիմնահարցի լուծման գլխավոր երաշխիք համարում է Հայաստանի հզոր տնտեսությունը:

«Արցախի խնդիրը պետք է ունենա խաղաղ լուծում, բայց խաղաղ լուծման համար պետք է երկու կողմերն էլ պատրաստ լինեն բանակցությունների: Քանի դեռ Ադրբեջանը խոսում է Երևանը գրավելու մասին, մենք ունենք մեկ տարբերակ՝ հզորացնել մեր տնտեսությունը, զարգացնել ռազմարդյունաբերությունը և առնվազն հասնել ստեղծված ռազմական դիսբալանսի վերականգնմանը: Միայն այդ պարագայում կարող ենք ունենալ հայանպաստ լուծում»:

«Փոխզիջումներ կարգավիճակի դիմաց» բանաձևը, ըստ նրա, «Լուսավոր Հայաստանի» համար ընդունելի չէ ի սկզբանե:

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը լուրջ վտանգներ է տեսնում ղարաբաղյան խնդրում։ Դա պայմանավորված է նախիջևանյան սահմանին հակառակորդի ակտիվությամբ, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի երևանյան հայտարարություններով:

«Թույլ չենք տալու, որ Ղարաբաղով գին վճարվի քաղաքական ուղղություն փոխելու համար: Թույլ չեն տալու որ գունավոր հեղափոխության համար ինչպես Ուկրաինան վճարեց Ղրիմը, Վրաստանը՝ Աբխազիան, մենք էլ վճարենք Ղարաբաղով, որովհետև մեզ համար Ղարաբաղի հարցը շատ ավելի կարևոր է։ Դա մեր լինելիության հարցն է:

Արցախին ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը առաջնահերթ է համարում «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Մհեր Շահգելդյանը, սակայն հաշվի առնելով հակառակորդի ռազմատենչ հայտարարություններն ու քայլերը առաջարկում է.

«Այսօր տեսնում ենք ագրեսիվ մոտեցումները և հրատապ ենք համարում ՀՀ կողմից նոր ռազմավարության ստրատեգիայի մշակումը»:

ՀՀԿ-ն ղարաբաղյան խնդրի կարգավորման մոտեցումը չի փոխել։ Ի սկզբանե ասել ենք, որ կարևորը կարգավիճակի հարցն է, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումը: