Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սևազգեստներին ճանապարհել վառ ծաղկավոր «բաբոչկայով» 
2019-06-06 18:35:12

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
    

Հայաստանում բռնության կոչ անող ցանկացած մարդ պետք է կոշտ հակահարված ստանա՝ այսօր կառավարության նիստում  հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հստակեցրել՝ խոսքը  քաղաքական գործունեության, քննադատության կամ սուր քննադատության  մասին չէ, որը երաշխավորված է ՀՀ-ում։

Բռնության կոչեր անողները կստանան ոչ թե թավշյա, այլ՝ երկաթյա հակահարված։ «Տասը անգամ մտածել՝ բռնության կոչերից առաջ»,- վարչապետ Փաշինյանի հորդորն է:

Իսկ բռնության կոչեր անում են քաղաքական լուսանցքում հայտնված մարդիկ։ Մեր երկրի բարձրագույն իշխանությունը օպերատիվ տեղեկատվություն է ստացել.

«Մենք օպերատիվ տեղեկատվություն ունենք, որ այդ շրջանակների որոշ հատված որոշել է սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն, որոշակի տրամադրություն կստեղծեն։ Այդ սևազգեստ խմբերին  պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր, հնարավորինս վառ ծաղիկներով «բաբոչկան» կապել և ճանապարհել բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանքի»:

Իրավապահ համակարգի առջև դրված խնդիրը հստակ է՝ այս պայմաններում  իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա և այս պայմաններում իրավապահ համակարգը պետք է շատ կոշտ հակահարված տա բոլոր նման երևույթներին.

«Սկսած այն երևույթից, որ օրինակ Երևանի Ազատության հրապարակը ինչ-որ մարդիկ ինչ-որ ժամի փորձում են դարձնել երթևեկելի գոտի, ավտոմեքենաներով մտնել այսպես ասած «ճռռիկներ» անել, ավտոմեքենաներ վարել մայթերով և սա, ըստ էության, որոշակի նպատակով է արվում՝ ցույց տալու համար, որ երկրում իբր հաստատված է անիշխանություն և երկրում չկա իրավակարգ, կամ երկրում իրավակարգը թույլ է»:

«Բացահայտ արհամարհանք հանրության, պետական կարգի ու օրինականության նկատմամբ»,-ասաց վարչապետը։ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կառավարության նիստից հետո փակագծերը չբացեց՝ չասաց, թե տեղեկությունն իրենցն է, թե՞ ԱԱԾ-ինը, փոխարենը վստահեցրեց.

«Որեւէ վախենալու խնդիր չկա, Հայաստանը ապահով երկրներից մեկն է»,- ասաց Օսիպյանը:

 «Սա հանրային և ազգային անվտանգության խնդիր է, և այս հարցերին մոտենալ ուղղակի քրեական օրենսգրքի մի հոդվածի շրջանակներում, կարծում եմ, այդքան էլ արդարացված չէ: Եթե նույնիսկ կա անհրաժեշտություն՝ պետք է նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ և բռնության քարոզը, ատելության քարոզը պետք է շատ խիստ հակազդեցության արժանանա»,- ասաց Փաշինյանը:

«Բացարձակապես կապ չունի, թե այդ բռնության քարոզը իրականացնողները հանդես են գալիս որպես իշխանության համակիր, հանդես են գալիս որպես ընդդիմության համակիր, բացարձակ կապ չունի: Հայաստանում բռնության քարոզ իրականացնող ցանկացած մարդ պետք է ստանա կոշտ հակահարված։ Հաջորդ անգամ բռնության քարոզի համար բերանը բացելուց առաջ, ես ուզում եմ ճիշտ հասկանաք, խոսքը քաղաքական գործունեության, քննադատության, սուր քննադատության մասին չէ, որը Հայաստանի Հանրապետությունում երաշխավարոված է անշրջելիորեն»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հիշեցրեց՝ դեռ երկու տարի առաջ դատախազությունը քրեական հանցագործություն կատարելու կոչերը քրեականացնող նախագիծ էր ներկայացրել։

Երկարատև քննարկումներից հետո, ի վերջո, կառավարությունից Ազգային ժողով գնաց միայն ահաբեկչության կոչերը: ՄԻՊ Արման Թաթոյանը որպես անկախ պաշտոնատար անձ, պատրաստ է   համագործակցության։

Արդեն կառավարության նիստից հետո ֆեյսբուք սոցիալական ցանցում սևազգեստ  հագուստներով լուսանկարների ֆլեշմոբ էր սկսվել։

0:00
0:00