Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հող ծախելու հարցը քննարկման ենթակա չէ. ՀՀ ԱԳ նախարար
2019-06-06 19:53:38

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Մոտենում է այն պահը, երբ կհայտարարվի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախագահների հանդիպման մասին։ Զոհրաբ Մնացականյանն ավելին  չի հրապարակում, պետք է հարգել համաձայնությունները՝ ասում է: Տեղեկացնում է, որ երկու երկրների առաջնորդների հանդիպում առաջիկայում նախատեսված չէ:

Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվելու առաջիկա հանդիպման ընթացքում գուցե հասկացվի հանդիպումից հետո։ Մինչ այդ՝ բուռն քննարկվում են Հայաստանի ու Արցախի առաջնորդների՝ իրար ուղղված հայտարարությունները:

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը փակագծեր բացեց, ասելով, որ նախորդ իշխանությունների ժամանակ Արցախի ղեկավարությունը տեղյակ չի եղել բանակցային գործընթացի մանրամասներին:

Հողեր ծախելու մասին Արցախից հնչող ձևակերպումները վարչապետի մոտ մի քանի անկեղծ հարց էր առաջացրել. «Մի քանի անգամ հանդիպել եմ ՀՀ և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպել եմ, ներկայացրել եմ իմ տեսլականը ու ինքն ընդունել է»: Արցախի առաջնորդ Բակո Սահակյանի արձագանքը այս բացահայտմանը չուշացավ.

«Գիտեք, երբ Նիկոլ Փաշինյանն ստանձնեց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, բանակցային գործընթացն այն առաջնային հարցերից էր, որոնց շուրջ քննարկումներ են եղել մեր միջեւ: Դրանք ես կարող եմ որակել որպես ազնիվ եւ սկզբունքային, ինչի մասին բազմիցս հրապարակայնորեն հայտարարել եմ: Վերջերս Հայաստանի վարչապետը տրամադրել է մեզ որոշ փաստաթղթեր բանակցային գործընթացի մասին: Մենք էլ մեր հերթին Հայաստանի վարչապետին ենք փոխանցել բանակցային գործընթացին առնչվող մեզ մոտ առկա փաստաթղթերի փաթեթը»,- ասել է Բակո Սահակյանը:

Բակո Սահակյանն ընդգծել է, որ շահարկումներ թույլ չտալու լավագույն եւ գուցե միակ հնարավորությունը բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնումն է՝ Արցախի անմիջական մասնակցությամբ: Եթե որևէ մեկին հայտնի են կոնկրետ անձինք եւ նրանց դավադրության ապացուցված փաստեր, ապա ներկայացնելու դեպքում պատրաստ է պատժել նրանց

 Զոհրաբ Մնացականյանն ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ  որոշ բացատրություններ տվեց։ Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հետ հանդիպումների, քննարկումների ժամանակ իհարկե լինում են սուր ձևակերպումներ, սակայն դա միասնականության վրա որևէ կերպ չի անդրադառնում՝ ասում է:

«Արցախը սուբյեկտ է, առանց նրա հնարավոր չէ: Արցախն ունի դիրքորոշումներ, որ հստակ արտահայտվում են Բակո Սահակյանի ու Մասիս Մայիլյանի հետ: Մենք քննարկում ենքՃիշտն ասած, ուշադիր պետք է նայեմ: Ինչ վերաբերվում է հողեր ծախելուն՝ ինչպե՞ս եք պատկերացնում: Հող ծախելու հարցը ընդհանրապես քննարկման ենթակա չէ»:

Հայաստանի ու Արցախի առաջնորդների փոխադարձ հայտարարությունները ձնագնդիի էֆեկտով տարածվում են ու նորանոր քայլեր ձեռնարկելու հիմք դառնում: «Այլընտրանք» նորաստեղծ հ/կ- ն ի զորակցություն Արցախի իշխանությունների ակցիա  էր նախաձեռնել Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ: «Մեկ ազգ երկու պետություն», «Արցախը մեր հայրենիքն է» գրառմամբ պաստառներով կազմակերպության ակտիվիստները հայտարարություն էին պատրաստել:

ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչության ղեկավարը հորդորեց  «Այլընտրանքին» կենտրոնանալ միավորող գաղափարների վրա:

0:00
0:00