Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանը՝ դրախտ տաղանդների համար
2019-06-07 23:20:26

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստին, որն անցկացվում է «Ձևավորելով կայուն զարգացման օրակարգ» խորագրի ներքո:

Լիագումար նիստին մասնակցել են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը, Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը, Սլովակիայի Հանրապետության վարչապետ Պետեր Պելեգրինին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

ՀՀ վարչապետը նույնպես հանդես է եկել ելույթով։ Վարչապետն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի «նորագույն պատմության կարեւոր ժամանակաշրջանին», քաղաքական, պետական, տնտեսական հաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներին։

«Քաղաքական կայունության և իշխանությունների աննախադեպ բարձր լեգիտիմության ֆոնին երկրում տեղի են ունենում արմատական փոփոխություններ: Նրանց վերջնական նպատակն է ստեղծել մրցունակ ու տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն և ժամանակակից հասարակություն, որը հիմնված է հավասարության, արդարության և օրենքի գերակայության համընդհանուր սկզբունքների վրա»։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը մի երկիր է, որը չունի ելք դեպի ծով, ունի սահմանափակ տնտեսական և բնական ռեսուրսներ, լոգիստիկ միջանցքների և տարածաշրջանի աշխարհաքաղաքական հատկությունների առումով դժվար աշխարհագրական դիրք: «Այս բոլոր դժվարությունները որոշակի ձևով խթանում են մեզ մրցունակության և արդյունավետության բարձրացմանն ուղղված մշտական ​​գործողությունների: Ի՞նչ է դա նշանակում մեզ համար»,- ասել է Փաշինյանը:

Այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, շատ կարևոր է ինստիտուցիոնալ հասանելիությունը համաշխարհային տնտեսական կենտրոններին,- նշել է ՀՀ վարչապետը։

«Սա առաջին հերթին վերաբերում է Ռուսաստանի Դաշնության հետ մեր համագործակցությանը և Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությանը: Մենք հավատարիմ ենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հետագա կատարելագործմանը և ԵԱՏՄ առավել արդյունավետ մասնակցությանը: Այդ նպատակով մենք ամեն ջանք կգործադրենք համագործակցության մեխանիզմների բարելավման և մեր միության անդամների միջև ինտեգրացիան խորացնելու համար: Սա հավասարապես վերաբերում է նաև մեր անդամակցությանը ՀԱՊԿ-ին:

Ուզում եմ ընդգծել մեր հետաքրքրությունը Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական հարաբերությունների աշխարհագրության ընդլայնման հարցում: Այս առումով առանձնահատուկ նշանակություն ունի Չինաստանը: Ուրախ եմ նշել, որ վերջին ամսվա ընթացքում այս երկրի հետ մենք հասել ենք երկկողմ հարաբերությունների զարգացման բարձր դինամիկայի, որն առանցքային դեր է կատարում համաշխարհային տնտեսությունում»:

Ինչպես նշել է վարչապետ Փաշինյանը՝ Հայաստանը ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիր է կնքել, որը Հայաստանը մտադիր է առավելագույն արդյունավետությամբ օգտագործել մեր բարեփոխումների նախագծման և իրականացման համար: ԵՄ-ի հետ գործընկերությունը որևէ կերպ չի հակասում մեր անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը: Նրանք լրացնում են միմյանց՝ հարստացնելով մեր հնարավորությունները նոր համեմատական առավելություններով:

Երրորդը` ըստ Փաշինյանի,պետության մարդկային ներուժի առավել արդյունավետ օգտագործումն է:

«Մեր հիմնական կապիտալը մարդիկ են: Եվ մեր կառավարության գործողություններն ուղղված են մեր քաղաքացիների ստեղծագործական, մտավոր և գործարար ներուժի ազատ իրականացման համար պայմաններ ստեղծելուն: Եվ մենք մտադիր ենք Հայաստանը դարձնել դրախտ տաղանդների համար: Մենք տեսնում ենք Հայաստանի ապագան նորարարական տնտեսության զարգացման մեջ: Այն Հայաստանի նման պետության համար չունի այլընտրանք: Մեզ համար առաջնային է տեխնոլոգիական ոլորտը: Այս առումով մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի կրթությունը: Հայաստանը խորհրդային տարիներից ժառանգել է ֆիզիկայի և մաթեմատիկայի լավ դպրոց, և այսօր մենք ամեն ինչ անում ենք այդ ներուժը հնարավորինս համախմբելու և օգտագործելու համար:

Վերջին յոթ տարիների ընթացքում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն աճել է 5 անգամ: Այն դարձել է երկրի տնտեսական աճի շարժիչ ուժերից մեկը և նրա ամենախոստումնալից ոլորտը:

Կրթություն և նորարարություն, համագործակցություն և ինտեգրում, իրավունքի գերակայության հաստատում և լավ կառավարում՝ ահա այստեղ մենք տեսնում ենք մեր հնարավոր առավելությունը, որը թույլ կտա լիարժեքորեն օգտագործել մեր ռեսուրսները և հասնել կայուն տնտեսական զարգացում ապահովող պայմանների:

Մենք գտնում ենք, որ Հայաստանն արդեն այդ ուղու վրա է: Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի աճը կազմել է 7.1 տոկոս, իսկ ապրիլ ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը հասել է 9.2 տոկոսի: Մենք միջազգային բիզնեսին հրավիրում ենք ներդրումներ իրականացնել Հայաստանում։ Մենք նույնիսկ պոտենցիալ ներդրողների համար կարգախոս ունենք ` հարստացեք և հարստացրեք»,- ասել է վարճապետ Փաշինյանը:

Մինչ լիագումար նիստը Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսի տաղավարներով` ծանոթանալով մասնակից ընկերությունների գործունեությանը:

Շրջայցի ընթացքում վարչապետը հարցազրույցներ է տվել «Եվրոնյուզ» հեռուստաընկերությանը, «Ռիա-նովոստի» գործակալությանը և չինական CGTV հեռուստաընկերությանը: