Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նախկին պաշտոնյաները՝ վիրտուալ տարածքի նորեկներ
2019-06-08 18:25:50

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Այն մասին, որ հունիսի 1-ից հանրապետության երրորդ նախագահն արդեն ֆեյսբուքի հայաստանյան մեկ ու կես միլիոնանոց բանակի օգտատերերից մեկն է, Սամվել Մարտիրոսյանն իմացավ մեր զրույցի ընթացքում: Սկսեց ծանոթանալ էջին՝ հընթացս ներկայացնելով տպավորությունները:

«Զուտ վիզուալ տեսանկյունից լավ է սարքված՝ ոչ օֆիցիալ ոճի մեջ, առանց փողկապի, թոռների հետ նկարներով: Բովանդակային տեսանկյունից էջը ոչինչ չի ասում ու դեռ ոչ մի բանի մասին է: Դեռ կաշխատի մտերիմների համար, ինչ-որ պահից հնարավոր է տրամաբանությունը փոխվի ու ավելի լայն շրջանակներին ուղղվի»:

Սերժ Սարգսյանի ֆեյսբուքյան էջը գործարկվել է վերջերս՝ հունիսի 1-ին , պաշտոնական կայքի հետ միաժամանակ: Երրորդ նախագահի մուտքը ինտերնետ տիրույթ լայն հնչեղություն առանձնապես չստացավ, բայց լրատվամիջոցներից մի քանիսին «Սերժ Սարգսյանը վերադառնում է», «ՀՀԿ-ն «քեմ բեք» է անում» վերնագրերով հրապարակումների առիթ դարձավ:

Իշխանավորները ընդդիմադիր դառնալուց հետո սկսում են գնահատել օնլայն հարթակները

Ոլորտի գիտակների կարծիքով՝ «քեմ բեքն» արդեն ուրվագծվող տրամաբանության մեջ է՝ եթե նախկին պաշտոնյաները նպատակ չունեն վերջնականապես հեռանալ քաղաքական ասպարեզից և ուզում են ժամանակ առ ժամանակ հիշեցնել իրենց մասին, ապա տարբեր ձևաչափերով պետք է ապահովեն իրենց ներկայությունն օնլայն տիրույթում:

«Վստահ եմ, որ հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանն իր էջն անձամբ չի վարելու, բայց ներկայությունն անխուսափելի, պարտադիր ատրիբուտ է քաղաքական որևէ նպատակ հետապնդող ուժի, ցանկացած մակարդակի գործչի համար»:

«Ռեգիոն » հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասրայանի գնահատմամբ՝ ինտերնետ տիրույթը դարձել է քաղաքական գործունեություն ծավալելու լուրջ գործիք, խոսքը հատկապես սոցիալական հարթակների, իսկ մեր դեպքում՝ մասնավորապես ֆեյսբուքի մասին է: Ու այդ թրենդը հանրության հետ ինֆորմացիոն ուղերձներով ստիպում է աշխատել անգամ նրանց, ովքեր ժամանակին այդ գործիքին լուրջ չեն վերաբերվել:

«Օրինակ, հանրապետականը, որը երկար տարիներ իշխանության էր, ֆեյսբուքին մեծ ուշադրություն չէր դարձնում և կուսակցության ուղեգիծը առաջ էին տանում առանձին գործիչներ՝ Արմեն Աշոտյան, Կարեն Ավագյան: Համենայն դեպս, կուսակցական էջ, որը որպես այդպիսին ակտիվ գործում էր, ուղերձներ է հղում, նրանք չունեին: Ընդհանրապես ֆեյսբուքը մինչև վերջերս , մինչև հեղափոխությունը ավելի շատ քաղաքացիական ուժերի հարթակ էր: Քաղաքական ուժերը ֆեյսբուքում ակտիվանում էին ընտրական գործընթացների ժամանակ, հետո կրպակը փակում էին ու գնում off line հարթակներում իրենց գործերին: Հեղափոխությունից հետո, նաև այն պատճառով, որ քաղաքական շատ ուժեր դուրս մնացին ակտիվ բեմահարթակից ու դարձան ընդդիմադիր, սկսեցին ավելի լրջորեն վերաբերվել ֆեյսբուքին՝ որպես մի հարթակի, որտեղ կա 1.5 մլն օգտատեր Հայաստանից և որտեղ կա բազմազանություն»:

Օնլայն հարթակներում գնահատվում է ոչ պաշտոնական շփումը

Քաղաքական գործիչները փորձում են սոցցանցերի միջոցով տեղ հասցնել իրենց ուղերձները, բայց կարևոր նախապայման կա. հանրային դառնալու շատ ավելի մեծ շանսեր ունեն այն էջերը, որոնք օգտատերերն իրենք են վարում: Սամվել Մարտիրոսյանի ձևակերպած մյուս հիմնական թրենդը՝ մարդիկ ոչ պաշտոնական շփումը գերադասում են պաշտոնականից:

«Այս էջերը, որոնց օգտատերերն իրենք չեն վարում, առանձնապես պոպուլյար չեն դառնում: Օրինակ Սերժ Սարգսյանի էջը: Սա ավելի շատ ներկայացուցչական տեսք ունի, ավելի շատ պաշտոնական էջ է հիշեցնում, առավել ևս, որ դեպի պաշտոնական էջ էլ տանում է:

Արհեստականորեն նման բովանդակությունը, իհարկե, կարելի է պտտել, որովհետև վերջ ի վերջո կուսակիցներ կան, համակիրներ կան, բայց հանրությունը հիմնականում, և ոչ միայն Հայաստանում, դա աշխարհում է թրենդ, հիմա ոչ պաշտոնական բովանդակություն է ուզում»:

Գործող վարչապետի օրինակը, ըստ Սամվել Մարտիրոսյանի, ապացուցում է, որ ֆեյսբուքում առավել ընկալելի է այն, ինչն ավելի մարդկային է ու անմիջական, և ուղիղ շփում ու հետադարձ կապ է ենթադրում:

50/50. լայվերի նկատմամբ վերաբերմունքը

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը վերջերս սոցիոլոգիական հարցում է իրականացրել՝ փորձելով հասկանալ Հայաստանում մեդիա սպառման առանձնահատկությունները և բնակչության ինֆորմացիոն նախասիրությունները:

Սևով սպիտակի վրա ստացել են հիմնական պատասխանը. ընթացիկ նորությունների մասին տեղեկանալու մարդկանց առաջնային աղբյուրը ինտերնետն է: Ամենօրյա օգտագործման առումով սոցիալական ցանցերն առաջ են անցել տեղեկատվության մնացած աղբյուրներից: Բնակչության 77.7%-ը սոցցանցերի օգտատերեր են, մեծ մասամբ արդեն տեւական օգտատիրական փորձով՝ 4- 10 տարվա: Ըստ տարածվածության՝ առաջին տեղում Ֆեյսբուքն է:

Հետաքրքրվել են նաև վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր գործիչների ֆեյսբուքյան ուղիղ եթերների կամ լայվերի օգտակարությամբ: Պարզվել է՝ վերաբերմունքը 50/50 է. կեսից քիչ ավելին համարում է, որ դրանք օգտակար են, իսկ կեսից քիչ պակասը սկեպտիկ գնահատական է տվել ուղիղ միացումներին:

«Միանգամայն սպասելի, ինչպես ցանկացած նոր բան՝ վերաբերմունքը դրա նկատմամբ անվիվալենտ է՝ ոչ միանշանակ դրական, ոչ միանշանակ բացասական: Մարդիկ դեռ սովորում են դրան, ուզում են հասկանալ»:

Ֆեյսբուքում գերակտիվ վիճակ է. պիկը անցե՞լ ենք, թե՞ ոչ

Մասնագետներն ասում են ՝ ֆեյսբուքում գերակտիվ վիճակ է, ու դեռ ակտիվության գագաթնակետին ենք: Լաուրա Բաղդասարյանը կարծում է՝ այդ փուլը չենք անցի, քանի դեռ ներքաղաքական պայքարն ավելի կայուն փուլ չի մտել: Սամվել Մարտիրոսյանը, մինչդեռ, խոսում է նրբությունների մասին և բացահայտում ֆեյսբուքյան ակտիվության «մեխանիկան»:

«Ամեն քաղաքական հայտարարություն հարյուրավոր, եթե որ հազարավոր լայքեր է հավաքում: Բայց եթե այդ լայքերն ուշադիր նայեք, կնկատեք, որ նույն շրջանակն է: Այսինքն, ֆեյսբուքն ուղղակի հասկանում է, թե ով ում համակիրն է և սկսում է այդ մարդկանց իրար ցույց տալ, ուրիշներից թաքցնել: Այնպես որ, եթե դու ֆբ-ում կաս, դա դեռ չի նշանակում, որ քեզ տեսնում են: Խոսքը ոչ թե քո այսօրվա , այլ՝ պոտենցիալ լսարանի մասին է: Որովհետև քաղաքական գործունեության մեջ ավելի կարևոր են չկողմնորոշված մարդիկ, քան համակիրները: Իսկ ՖԲ-ում հասնել այդ չկողմնորոշվածներին, այդքան էլ հեշտ չէ»:

Սամվել Մարտիրոսյանը մեկ այլ խորհուրդ էլ ունի ՝շատ լուրջ չվերաբերվել այն ամենին, ինչ տեսնում եք ֆեյսբուքում, նույնիսկ՝ քանակական առումով:

«Տպավորություն է, որ բոլորը գրում են ՖԲ-ում, մեկնաբանում են, ինչ-որ շատ խառն է: Բայց դա պատրանք է: Հայաստանյան ՖԲ-ում 1.5 մլն օգտատեր կա: Բայց իրենց 90 տոկոսը ոչ գրում է, ոչ մեկնաբանում: Այդ մարդիկ մեսինջերով իրար հետ են շփվում: Հին օրենք կա ՝ 10 հոգուց 1-ը գրում է, 9 մեկնաբանում, 90-ը կարդում են: Եվս 9 հազար հոգի ոչ տեսնում է, ոչ հետաքրքրվում է այդ ամեն ինչով:

Ֆեյսբուքյան իրականությունը կարելի է ներկայացնել նաև միջինացված թվերով:

«Եթե բաժանենք բոլոր լայքերն ու քոմենթենրը, որոնք բաժին ընկնում են բոլոր հայաստանցի օգտատերերին , ապա ամսական 1 հայստանցին գրում է 2-3 մեկնաբանություն, դնում է 15 լայք: Այսինքն ,մոտ 20 հազար հոգի օրական գժի պես լայքում ու մեկնաբանում է, մնացածի մոտ տպավորություն է ստեղծվում, որ բոլորն ինչ-որ բանի մասին են խոսում, բոլորն ինչ-որ մեկ կարծիք ունեն, բայց դա այդպես չէ»:

Այնպես որ, ՖԲ-ի հիման վրա հասարակական կարծիքի և առողջության մասին կարծիք մի կազմեք ՝ ասում է Սամվել Մարտիրոսյանը ու հորդորում միշտ հիշել, որ վիրտուալ տարածքի կանոնները իրականից շատ տարբեր են:

0:00
0:00