Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նոր «խաղացողներ»՝ Հայաստանի շնորհիվ
2019-06-10 18:22:19

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսն այսօր վավերացրել է ԵԱՏՄ-Իրան Ազատ առեւտրի համաձայնագիրը:

Եւս մի շարք պետություններ, որոնք ԵԱՏՄ անդամ չեն, այդ կառույցի հետ բանակցությունների փուլում են: Հատկանշական է, որ Իրանի հետ բանակցությունները վարել է ՀՀ-ն:

Նաեւ մեր պետությունն է այս պահին նախագահում ԵԱՏՄ-ում, եւ այսօր խորհրդարանում քննարկել են, թե էլ ինչ կարող է անել Հայաստանը, որ տարին աչքի ընկնի շոշափելի ձեռքբերումներով:  

Իրանի հետ բանակցություններ վարել է Հայաստանը եւ Հայաստանի շնորհիվ ԵԱՏՄ-ն  Մերձավոր Արեւելքի տարածաշրջան դուրս գալու հնարավորություն ստացավ: Այսօր Իրանի Մեջլիսում վավերացված Ազատ առեւտրի համաձայնագիրը լիարժեք կսկսի գործել 3 տարի հետո՝ մինչեւ վերջնական հստակեցվեն բոլոր պայմանավորվածությունները:

Ակնկալվում է, որ ազատ առեւտրի գոտին բազմաթիվ ապրանքների մաքսատուրքերի նվազեցման կամ զրոյականացման հնարավորություն կընձեռի, ինչն իր հերթին զգալիորեն կմեծացնի փոխադարձ առեւտրի ծավալները:

Իրանը, եթե կարելի է ասել, առաջին «ծիծեռնակն» է: ԵԱՏՄ գործընկեր-երկրների շրջանակը ընդլայնվելու է եւս մի քանի պետությունով, որոնք ԵԱՏՄ անդամներ չեն եւ չեն դառնալու: Որեւէ անակնկալ Հայաստանի համար չի պատրաստվում՝ անցանկալի պետություններ այդ շարքում չենք տեսնի: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյան.

«Չինաստանի հետ ստորագրված համաձայնագիրը տնտեսական համագործակցության վերաբերյալ եւս մեկ հնարավորություն է երկրների միջեւ առեւտուրը պարզեցնելու եւ ծավալներն ավելացնելու համար: Ավարտվել են աշխատանքները Սերբիայի հետ ազատ առեւտրի համաձայնագրի ուղղությամբ»:

Հայաստանի կապերը խթան՝ ԵԱՏՄ-ի արտաքին տնտեսական բաղադրիչի զարգացման համար

Իսրայել, Եգիպտոս եւ Հնդկաստան. սրանք հաջորդ ուղղություններն են, որոնցով այս տարվա ընթացքում կշարունակվեն աշխատանքները ԵԱՏՄ հետ համագործակցությունը խորացնելու համար: Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն արդեն հաշվարկել է, թե ինչ օգուտներ կարող ենք քաղել, ասենք, Չինաստանի հետ ազատ առեւտրի համաձայնագիրը վավերացնելու դեպքում:

«Լայն հնարավորություններ է ստեղծում, որպեսզի ինտեգրվենք «մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» խոշորագույն ծրագրին: Չինաստանի հետ ապրանքաշրջանառությունը 2018-ին 800 միլիոնն անցել է, եթե չեմ սխալվում, կարծում եմ այդ ուղղությունը կունենա նաեւ ավելի մեծ ընդլայնում»,- ասաց Մելքումյանը:

Հեռանկարներից բոլոր ոգեւորողներին տնտեսագետ Աշոտ Թավադյանը փորձեց վերադարձնել իրականության դաշտ:

« Առանց մեր երկաթուղու զարգացման, խոսքը Վրաստանով անցնող երկաթուղու մասին է, նաեւ հետագայում այդ հարցը պետք է բարձրացնել Իրանի հետ: Այստեղ ես ակնկալում եմ իր դերը կունենա եւ Ղազախստանը, եւ Բելառուսը, որոնք ունեն շատ լավ հարաբերություններ ոչ միայն Վրաստանի, այլ նաեւ Ռուսաստանի հետ: Այստեղ իրենք միջնորդի դեր կարող են ստանձնել եւ այս հարցում որոշակի դրական արդյունքների մենք կարող ենք հասնել»,- ասաց Թավադյանը:  

Իրական քաղաքականության մեջ խնդիրներ կարող է առաջացնել նաեւ աշխարհաքաղաքականությունը: Որքանո՞վ են այստեղ հաշվի առնվում Հայաստանի շահերը: Դիվանագիտական հատվածից պարզաբանում են արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ու փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը.  

«Մենք ունենք մեր ազգային շահերը եւ մենք ունենք այդ շահերը պաշտպանելու համար համապատասխան անվտանգության ճարտարապետություն: Հարաբերություններ կարգավորել մեկ ուղղությամբ ի վնաս մյուս ուղղության մեզ համար անընդունելի է»,- ասաց Մնացականյանը:

« Երբ ասում են «եւ, եւ», «կամ, կամ» տեսնում են սեւ ու սպիտակ՝ կամ սա, կամ սա: Դա այդպես չէ: Հայաստանի համար ձեռնտու է «եւ, եւ, եւ, եւ …»,- ասաց Քոչարյանը:  

Բազմաթիվ մասնագետներ այսօր հավաքվել էին՝ ԱԺ-ում քննարկելու Հայաստանի անելիքները ԵԱՏՄ-ում: Հայաստանի նախագահության տարին է ԵԱՏՄ-ում եւ այսօր փորձում էին հասկանալ, թե ինչ կարող է անել Հայաստանը, որ տարին աչքի ընկնի շոշափելի ձեռքբերումներով:

Այս պահի՝ գույքագրված խնդիրները հետեւյալն են՝ չկա միասնական շուկա՝ տարբեր ուղղություններով, մեր քաղաքացիների վարորդական իրավունքների խնդիրն այդպես էլ լուծված չէ, օրենքների ներդաշնակեցումը պետությունների միջեւ դանդաղ է ընթանում:

Սա չի նշանակում, որ միության մեջ դրական տեղաշարժեր չկան: ԵԱՏՄ գոյության 5 տարվա ընթացքում Հայաստանի եւ ԵԱՏՄ երկրների միջեւ տարեկան ապրանքաշրջանառությունն աճել է 34.5 տոկոսով: Արտահանման կառուցվածքում հիմնական տեղ են զբաղեցնում վերջնական սպառման ապրանքները, լեռնահանքային ոլորտի արտադրանքը արտահանման ծավալի միայն 1.1 տոկոսն է կազմում։ Մնացած 99 տոկոսը վերամշակվող եւ գյուղատնտեսական չմշակված արտադրանք են:

«Սրանք կարեւոր թվեր են, որոնք խոսում են այն մասին, որ հայաստանյան արտադրության ապրանքները մրցունակ եւ պահանջված են ԵԱՏՄ անդամ երկրների սպառողների համար: 2018-ին դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանվել են ալկոհոլային խմիչքներ, ադամանդ, թարմ եւ պաղեցված բանջարեղեն, մրգեր, ծխախոտ, ոսկերչական իրեր, դեղագործական արտադրանք, շինարարական քարեր: Այս ցանկը սպառիչ չէ»,-ասաց Էկոնոմիկայի նախարարը:

Հայաստանի Հանրապետության համար 2019 թ. ավարտվում է ԵԱՏՄ-ի պայմանագրի շրջանակում մեքենաների մաքսատուրքի դրույքաչափերի անցումային ժամանակաշրջանը, և սկսած 2020թ.՝ ԵԱՏՄ երկրներ չհամարվող երկրներից մեքենաներ ներմուծելու դեպքում մաքսազերծումը կիրականացվի բարձր դրույքաչափերով:

Անկախ անցումային որեւէ արտոնյալ վիճակից, նախարարի պարզաբանմամբ, սկզբունքն այն է, որ պետք է տեղի ունենա միասնականացում, դրան այլընտրանք չկա:

0:00
0:00