Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Աշխարհի լավագույն մտքերը խոսում, պարում, ուտում-խմում են Հայաստանում
2019-06-10 19:27:13

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ն ավարտվեց: Դիլիջանում  եւ Երեւանում  երեք օր մեկ տանիքի  տակ հավաքվեցին աշխարհի առաջատար քաղաքական ու ռազմական գործիչներ, տնտեսագետներ ու գործարարներ, գիտնականներ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ դարձնելով Հայաստանը համաշխարհային վերլուծական մտքի կենտրոն: Գագաթնաժողովի պաշտոնական մասին արդեն ծանոթ են, Անի Մինասյանը պատմում է այն, ինչին մասին դեռ չի խոսվել:

Փակ դռներից ներս համաշխարհային «մտքերը» խոսեցին, բաց երկնքի տակ պարեցին, բնության գրկում վայելեցին դիլիջանյան հյուրասիրություն, իրենց հետ աշխարհի բոլոր անկյուններ տարան հայկական ամեն բան:

Դիլիջանը աշխարհի լավագույն մտքերին հունիսի 8-ի առավոտյան դիմավորեց մի քիչ ամպամած երկնքով, բայց մաքուր օդով: Վաղ առավոտից դեպի Կենտրոնական բանկի դիլիջանյան մասնաճյուղ տանող ճանապարհով անցնում էին տարբեր մասնագիտությունների, ոլորտների, երկրների լավագույն  մտքերը:

Ժամ առ ժամ ավելանում էին թե՛ ներսում գտնվողները, թե՛ դրսում հսկող ոստիկաններն ու անվտանգության աշխատակիցները: Համաշխարհային մտքերի մեջ ամենախիստը հսկում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին:


Նշանակված ժամից մի քանի րոպե ուշացումով՝ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիսավոր կերպով բացեց
«Մտքերի հայկական գագաթնաժողովը»:

«Ես շատ ուրախ եմ՝ ունենալու մոլորակի ապագայի մասին այս փոքր տապանն այստեղ` Հայաստանում»։

Նախագահի ձայնն այստեղ ցածրացավ, քանի որ բարձրախոսից շրջվելով թեքվեց դեպի Արարատը, ձեռքով ցույց տվեց սարի գագաթն ու ասաց՝  հույս ունի, որ  մի օր մենք հենց այնտեղ ենք լինելու:

Բուռն ծափահարություններով նախագահին ճանապարհեցին ու նույն բարձր ծափահարություններով դիմավորեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վարչապետն իր բոլոր շնորհակալություններից առանձնացրեց նախագահին ուղղվածը, շեշտեց՝ նա չլիներ, ֆրանսիական Շամոնիից այսքան միտք հայկական Դիլիջան չէր գա:

Գագաթնաժողովի այս հատվածում դռները դեռ բաց էին բոլորի առջև, հետո՝ Chatham House-ի օրենքով դռները  փակվեցին լրագրողների համար՝ դահլիճում թողնելով նոր գաղափարների քննարկումներ ու ծրագրեր:

Կեսօրից հետո «Մտքերի հայկական գագաթնաժողովի» ամենամեծ լոգոյի՝ Արարատի լուսանկարի մոտ հավաքվեցին  աշխարհի 200-ից ավելի տարբեր ազգի մտքեր, անմահացրին պահը ու ստեղծեցին ընտանեկան լուսանկար, որ հետո ու միշտ կպատմի Շամոնիից դուրս առաջին անգամ տեղի ունեցած գագաթնաժողովի մասին:

Ու մինչ բոլորը կհավաքվեին լուսանկարվելու համար, նախագահ Սարգսյանը հանեց փողկապն ու դիվանագիտական քայլով փակեց գագաթնաժողովի պաշտոնական մասը:

Տարբեր ֆորմատներով քննարկումներն ու հանդիպումները տևեցին մինչև երեկոյան 8-ը, դրանից հետո հյուրերին հայկական ընթրիք էր սպասվում:

Հայկական համերն անմոռանալի կլինեն հյուրերի համար, վստահեցրեց «Թռչող ջայլամ-Դոլմամա» ռեստորանի տնօրեն Ժիրայր Ավանյանը, որի տանիքի տակ էլ մտքերը վայելեցին հայկական խոհանոցը:

«Սեղանին կլինի տոլմայի օրինակ, հենց անտառի ծառի սունկ, գառան ու խոզի խորոված: Պատասխանատվության զգացողությունը մեծ է՝ երկրի, քաղաքի, իմ անվան ու նախագահի համար»:


Երեկոն հյուրերին դուր եկավ։ Օ
րինակ միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը հոնի օղու համից էր խոսում՝ վայելելով գառան խորոված:

Միխայիլ Շվիդկոյի ձայնն է, հայկական մտքի ու կանանց կենացի համար է առաջարկում բաժակ բարձրացնել: Սկզբում ամեն սեղանում մի կենաց էր, հետո կենացները միավորվեցին, բոլորը սկսեցին նույն կենացի համար բաժակ բարձրացնել:


Ու ստացվեց այնպես, որ կենացների ժամանակ տղամարդիկ ոտքի էին կանգնում՝ չթողնելով կանանց բարձրանալ՝ որպես մեծարման նշան:

Հետո հայկական երաժշտությունը սեղաններից հանեց գրեթե բոլորին՝ նախագահ Սարգսյանն էլ տան տիրոջ իրավունքով միացավ պարողներին, ցույց տվեց՝ ինչպես են պարում հայկական պարը:

Ու այսպես մինչև ուշ երեկո համաշխարհային մտքերը խոսեցին, պարեցին, կերան ու խմեցին, վայելեցին Հայաստանն ու խոստացան՝ աշխարհի ամենատարբեր անկյուններ տանել եռօրյա հրաշքը՝ հայկական մտքի, բնության, պատկերների, հյուրասիրության, հոտի, համի ու երաժշտության տեսքով:

0:00
0:00