ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քարոզարշավի 3-րդ օրը հանդարտ է ընթացել
2018-11-28 19:10:13

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Երեկվա համեմատ նախընտրական քարոզարշավում այսօր արդեն համեմատաբար հանդարտ մթնոլորտ էր: Կարելի է ասել «հրադադարը» կնքվել է:

Փոխադարձ մեղադրանքներ չեղան, բայց ծրագրային դրույթների «գաղտնազերծման»  փորձ արվեց: Թեկնածուներից ոմանք ասմունքեցին իրենց բանաստեղծությունները, մյուսներն արդեն դիմեցին ԿԸՀ-ին եւ միջազգային դիտորդներին:


0:00
0:00

Պատգամավորի թեկնածուներից մեկը հրաժարվեց ընտրապայքարից, մյուսը՝ օրվա կեսն անցկացրեց Երեւանի քննչական վարչությունում: Հանրապետականի քարոզչության պատասխանատու Արմեն Աշոտյանը դեռեւս որպես վկա է անցնում քննվող գործերից մեկում:

«Անհեթեթ» գործ է համարում եւ կարծում, որ չարդարացված են իրեն կտրել կարճատեւ քարոզարշավից:  

Իսկ ահա քաղաքական պայքարից հրաժարվելու եւ մրցավազքից դուրս գալու որոշում կայացրել է Աշոտյանի ավագ գործընկեր, Հանրապետական կուսակցությունից ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա ինքնաբացարկի դիմում է գրել:

Հանրապետականի ցուցակում Նաղդալյանը 20-րդն էր եւ ռեյտինգայինով առաջադրված էր Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում: Ինքնաբացարկների ընդհանուր պատկերը պարզ կդառնա նոյեմբերի 29-ին երեկոյան ժամը 6-ից հետո: Ինքնաբացարկների համար ԿԸՀ-ում սահմանված է այդ վերջնաժամկետը:   

Հանրապետականից պայքարի մեջ մնացած Արփինե Հովհաննիսյանն այսօր հիշել էր իր ֆեյսուքյան առաջին «լայվը» եւ այն, որ նորամուտը դուր չէր եկել Նիկոլ Փաշինյանին, բայց հանրապետական պատգամավորն այսօր կրկին որոշեց օգտվել ֆեյսբուքյան «լայվի» հնարավորություններից.

«Խիզախել եմ: Ասֆալտին փռվելու, պատերին ծեփվելու վերահաս վտանգն աչքիս առաջ ունենալով միեւնույնն է որոշել եմ ներկայացնել իմ դիտարկումները որոշ հարցերի հետ կապված»:

Որոշ հարցերն առնչվում են գործող իշխանությունների նպատակներին՝ համահարթեցնել  եկամտահարկը եւ իջեցնել այն բոլորի համար՝ հասցնելով 23 տոկոսի: Այս քայլը հեռացող խորհրդարանի փոխնախագահը հերթական մանիպուլյացիա է համարում:

«Այսօրվա դրությամբ մենք ունենք մոտ 200 հազար քաղաքացի, ովքեր ստանում են մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ: Իրենց աշխատավարձը չի բարձրանալու նաեւ այդ փոփոխությունը կատարելուց հետո: Իրենք ինչպես վճարում էին այդ 23 տոկոսը, այդպես էլ շարունակելու են վճարել: Իրենց մոտ ոչ մի բարելավում տեղի չի ունենա: Իրականում, բարելավում տեղի է ունենալու 150 հազարից 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների մոտ, որոնք այսօր վճարում եմ 28 տոկոս եկամտահարկ: Իսկ էլ ավելի լավ վիճակում հայտնվելու են այն քաղաքացիները, ովքեր 2 միլիոն դրամից ավելի բարձր աշխատավարձ են ստանում: Նրանք հիմա վճարում են 36 տոկոս՝ կվճարեն 23 տոկոս»:  

Հանրապետականի պատճառով մի քանի օր է տարակուսանքի մեջ է փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Պատճառը՝ Դավիթ Շահնազարյանն է, ում անունը Միրզոյանն իր համար անակնկալ ձեւով հայտնաբերեց Հանրապետականի ցուցակում:

«Հիմա էլ շարունակում եմ տարակուսանք ապրել՝ տեսնելով, թե երբեմնի ընդդիմադիր, տասնամյակներ շարունակ քաղհալածյալի դրոշ ծածանած մարդը ինչ ջերմեռանդությամբ է ստանձնել հանցագործ ռեժիմի փաստաբանի դերը: Կարծում եմ ակնհայտ է, որ Դավիթ Շահնազարյանի արդեն որերորդ ձեւակերպումը աղերս չունի ճշմարտության եւ ազնվության հետ»:

Քարոզարշավին այսօր հատվեցին երկու մրցակիցների ճանապարհները:  Տավուշցիները եւ մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի ծննդավայրի՝ Իջեւանի բնակիչները նախ հանդիպեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, հետո՝ «Իմ քայլը» դաշինքի անդամների հետ: Հենց Իջեւանում Ծառուկյանը խոստովանեց՝ «կախարդական փայտիկ» չունի եւ խոսեց  նախանձից.

«Ուժեղ մարդը երբեք ու երբեք որեւէ մեկին թթու բառ չի ասի: Ես իմ թիմին զգուշացրել եմ՝ եթե իմանամ վարկանիշը բարձրացնելու համար որեւէ մեկի վրա ցեխ են շպրտել՝ կուսակցությունից կհեռացնեմ: մենք քիչ ենք՝ 2 միլիոն, մի կոլեկտիվ ենք: Միայն հարկավոր է չար չլինել, նախանձ չլինել: Նախանձ մարդը գիշերը հանգիստ չի քնում, հավատացեք ինձ»:

«Լուսավոր Հայաստան»-ի անդամներն այսօր Էջմիածնում էին: Համաձայն չեմ տեսակետի հետ, թե պայքարում են անցումային խորհրդարանում աշխատելու համար: Այս ուժի անդամները եւ ղեկավար Էդմոն Մարուքյանը կոշտ են արձագանքում նման կանխատեսումների հեղինակներին:

«Այն ուժերը, որոնք տեսնում են, որ հնարավոր է հայտնվեն խորհրդարանական ընտրությունների լուսանցքում, սկսում ենք հայտարարել, որ այս խորհրդարանը 1.5-2 տարվա կյանք ունի: Դուք ո՞վ եք: Դրանով նաեւ փորձում են ազդել մարդկանց տրամադրությունների վրա, թե ժամանակավոր է, կարող են չգնալ ընտրության, անիմաստ է: Չկա նման բան»:   

«Քաղաքացու որոշում» կուսակցությունն այսօր Երեւանում էր: Ավանդական բուկլետներն ու մանդարինները այսօր շատ էին Շենգավիթ համայնքում՝ երրորդ մասի հրապարակում: Այս քաղաքական ուժն աղմկոտ քարոզարշավի փոխարեն նախընտրում է դեմ առ դեմ հանդիպել ընտրողին: Անգամ ուշադրության կենտրոնում հայտնվելու հեռանկարը չի ստիպի այս քաղաքական ուժին «թիրախ» ընտրել մրցակիցներից որեւէ մեկին:

«Երբ ես քայլում եմ փողոցում եւ մանդարին եմ բաժանում՝ ավելի շատ քաղաքական թեմաների մասին ենք խոսում, քան ԶԼՄ-ներով եւ այս քաղաքական դաշտի իրար հետ հարաբերվելու հարթակներով: Այս սեւ PR-ի աղմուկի տակ խլացվում է այն ձայնը, որ երեկ, երեկ չէ առաջին օրը ես լսել եմ փողոցում՝ մարդկանց խնդիրների մասին, գործազրկության, նրանց առողջության խնդիրների մասին»,- ասում է նախընտրական ցուցակը գլխավորող Արեգ Թադեւոսյանը:

Արթիկում «Մենք» դաշինքը խոսեց ծրագրերից եւ ուշադրություն հրավիրեց կատարված հանցագործության վրա:

«Այս վերջին 20 տարվա ընթացքում առնվազն 10 միլիարդ դոլար գողացվել է ժողովրդից եւ հանվել դուրս: Այդ թվերը ես չէ, որ ասում եմ: Դա միջազգային բոլոր ֆինանսական պատկան ատյանները ամրագրել են որպես անհերքելի փաստ: Այդ գումարները պետք է վերչադարձվի եւ այդտեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- Խաչատուր Քոքոբելյանն է ասում:  
 

«Մենք» դաշինքն այսօր պաշտոնական  հաղորդագրությամբ հրավիրեց միջազգային դիտորդների, ԿԸՀ եւ պատկան այլ մարմինների ուշադրությունը: Այս փուլում արդեն դժգոհում են, որ տարբեր սոցիոլոգիական հարցումներով փորձ է արվում մանիպուլիացիայի ենթարկել հասարակությանը: