Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-06-11 10:03:53
  • «Առավոտ». Աբովյանում հաղթեց հին համակարգը
  • «Հայկական ժամանակ».Միքայելյանը չի աջակցել մեր թեկնածուին
  • «Ժողովուրդ». ՍԴ դատավորի թեկնածուի հետ հանդիպումը՝ հունիսի 13-ին
  • «Փաստ». Չմոտիվացված հրաժարականների ավանդույթը
  • «Ժամանակ». Նոր ՀԴՄ-ի «սև շուկա»

Աբովյանում հաղթեց հին համակարգը

Իշխող կուսակցության ներկայացուցիչ, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կիրակի օրը, երբ Աբովյան քաղաքի ընտրությունների արդյունքները դեռեւս հայտնի չէին, ակնարկել էր, որ եթե հաղթի գործող քաղաքապետը, ԲՀԿ-ի աջակցությունն ունեցող Վահագն Գեւորգյանը, ապա դա «կնշանակի, որ Աբովյանի քաղաքացին նախընտրում է այն համակարգը, ինչով ապրել է 20 տարի»:

«Առավոտ»-ը զուտ քաղաքական առումով Ռոմանոս Պետրոսյանի գնահատականի մեջ ճշմարտության հատիկ է տեսնում. «Չնայած երկրում հեղափոխություն է տեղի ունեցել, աբովյանցիների 60 տոկոսն ընդհանրապես չգնաց քաղաքապետի ընտրություններին, իսկ գնացածների մեծամասնությունը գերադասեց հին՝ ֆեոդալական, «հաստավիզ-ախրաննիկական», կլանային, օլիգարխիկ, «բարեգործական» համակարգը»:

Ըստ թերթի՝ երբ ՔՊ-ն ասում է՝ «20 եւ ավելի տարիներ իշխանությունը կեղծում էր ընտրությունները, լցոնում էր, ջարդում-փշրում էր, ահաբեկում էր, ընտրակաշառք էր բաժանում, իսկ մենք դա չենք անում»՝ դա ճիշտ է: Նաև շատ գովելի է, որ ներկայիս իշխանությունը հակված չէ հանցագործությունների, այդ թվում՝ ընտրական:

Բայց հիմա, թերթի համոզմամբ, մեր առջեւ ավելի կարեւոր հարց է կանգնած՝ արդյո՞ք այս իշխանությունը հակված է եւ ընդունակ է բարեփոխումներ անցկացնելու: Իսկ խնդիրների խնդիրն է՝ արդյո՞ք մեր հասարակությունը պատրաստ է նման բարեփոխումների:

«Առավոտ»-ն այնքան էլ վստահ չէ, որ հասարակությունը մերժել է այն համակարգը, այն մտածողությունը, որը ձեւավորվել էր տասնամյակների ընթացքում՝ մոտավորապես 1970-ական թվականներից:

«Եթե կարճ ձեւակերպենք, ապա դա համոզմունք է, որ «թագավորն» ինչ-որ հրաշքով իրենց բարեկեցիկ կյանք կպարգեւի: Երբ դա տեղի չի ունենում, մարդիկ բավարարվում են այն կրճոններով, որոնք ավելի փոքր մասշտաբի «թագավորներն» իրենց ժամանակ առ ժամանակ հատկացնում են: Նախ՝ պետք է արձանագրել, որ այդ խնդիրը կա՝ չընկնելով «հպարտ քաղաքացու» վերաբերյալ պատրանքների մեջ: Երկրորդ՝ կոտրել այդ մտածելակերպը՝ դրսեւորելով «զրո պոպուլիզմ»: Իշխանությունն ունի՞ դրա վճռականությունը»,- հարցնում է թերթը:

«Եթե կարճ ձեւակերպենք, ապա դա համոզմունք է, որ «թագավորն» ինչ-որ հրաշքով իրենց բարեկեցիկ կյանք կպարգեւի: Երբ դա տեղի չի ունենում, մարդիկ բավարարվում են այն կրճոններով, որոնք ավելի փոքր մասշտաբի «թագավորներն» իրենց ժամանակ առ ժամանակ հատկացնում են: Նախ՝ պետք է արձանագրել, որ այդ խնդիրը կա՝ չընկնելով «հպարտ քաղաքացու» վերաբերյալ պատրանքների մեջ: Երկրորդ՝ կոտրել այդ մտածելակերպը՝ դրսեւորելով «զրո պոպուլիզմ»: Իշխանությունն ունի՞ դրա վճռականությունը»,- հարցնում է թերթը:

«Հայկական ժամանակ». Միքայելյանը չի աջակցել մեր թեկնածուին

«Հայկական ժամանակ»-ը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Մելիքյանից հետաքրքրվել է, թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ Կոտայքի մարզում «Իմ քայլը» դաշինքից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները, որոնք Աբովյանից ձայներ էին բերել, աջակցել են Աբովյանի քաղաքապետի ընտրություններում:

«Աբովյանի քաղաքապետի ընտրությունների հիմնական քաղաքական պատասխանատվությունը ես էի ստանձնել՝ կամովին: «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներից մեր քարոզարշավին մասնակցել է պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Ինչպես նաեւ 1-2 անգամ այցելությամբ սոլիդարության ժեստ են արել Լիլիթ Ստեփանյանն ու Վաղարշակ Հակոբյանը: Ավելին ասեմ՝ Աբովյանում միայն քաղաքականությամբ չէր պայմանավորված այս ընտրությունների ելքը, այս ընտրությունների ելքը նաեւ պայմանավորված էր որոշակի ներանձնային շահերի, կլանային հարաբերությունների, միջկլանային հարաբերությունների ստատուս քվոյով, որը չէր կարող կանխորոշել, բայց արդյունքում անդրադարձավ Աբովյանի ընտրությունների վերջնարդյունքի վրա»,-պատասխանել է մարզպետը:

Թերթը նաև հարցրել է՝ Սասուն Միքայելյանն աջակցություն ցույց տվե՞լ է ՔՊ-ի թեկնածուին: Պատասխանը բացասական է եղել՝ Սասուն Միքայելյանը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում որեւէ աջակցություն իրենց թեկնածուին չի ցուցաբերել:

ՍԴ դատավորի թեկնածուի հետ հանդիպումը՝ հունիսի 13-ին

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հունիսի 13-ին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը հանդիպում է ունենալու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Գրիգորյանի հետ հանդիպումից հետո արդեն պետք է իշխանական պատգամավորները որոշում կայացնեն` արդյոք պատրաստվում են կողմ քվեարկել նրան, թե ոչ: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանի հետ` պարզելու համար, թե ինչ դիրքորոշում կա խմբակցությունում:

Նա ասել է, որ խմբակցությունը ունի պատկերացում ընդհանուր դատական համակարգի վերաբերյալ. կհանդիպեն թեկնածուի հետ, իրենց հարցերը անպայման կուղղեն: Եթե թեկնածուն բավարարի պահանջներին, կլինի իրենց թեկնածուն, եթե ոչ, ուրեմն չի լինի:

«Ես կարծում եմ, որ մեր խմբակցության հարցերին պատասխանելուց հետո, մեր պատկերացումներին բավարար պատասխանելուց հետ պարոն Գրիգորյանը կարող է լինել մեր թեկնածուն»,- նշել է պատգամավորը:

«Ես կարծում եմ, որ մեր խմբակցության հարցերին պատասխանելուց հետո, մեր պատկերացումներին բավարար պատասխանելուց հետ պարոն Գրիգորյանը կարող է լինել մեր թեկնածուն»,- նշել է պատգամավորը:

Թերթը նաև հիշեցրել է, որ երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը հայտարարել է, թե Վահե Գրիգորյանի թեկնածությունը ներկայացնելու ժամանակ նշվել են նաեւ դրդապատճառները. «Հստակ նշված է, որ այս երկրում չկան շատ անհատ իրավաբաններ, որ կարող են հավակնել այդ պաշտոնին, հետեւաբար եղած շրջանակից ներկայացվել է Վահե Գրիգորյանը»:

Չմոտիվացված հրաժարականների ավանդույթը

Մինչհեղափոխական Հայաստանում ընդդիմությունն արդարացիորեն քննադատում էր իշխանություններին՝ ոչ թափանցիկ կառավարման, նրա համար, որ ընդունված որոշումները կամ իրականացվող կադրային քաղաքականությունը մոտիվացված չէ, համենայն դեպս՝ հասարակության համար։

Սակայն «Փաստ» թերթն այժմ էլ, մասնավորապես, կադրային քաղաքականության հարցերում նախկին իներցիան է նկատում՝ մարդիկ պաշտոնների են նշանակվում՝ առանց հիմնավորման, հրաժարականներից հետո էլ չկա որևէ բանական բացատրություն։

«Օրինակ՝ խորհրդարանական ընտրություններում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թիմը պարտություն կրեց, ինչին անմիջապես պետք է հետևեր նրա հրաժարականը։ Սակայն քաղաքականության դասական կանոնը չգործեց, ու Զեյնալ յանը պահպանեց նախարարական պորտֆելը, ընդ որում՝ առանց լուրջ քաղաքական հիմնավորումների։ Մի քանի օր առաջ նախարարը հրաժարական է տվել։ Ֆեյսբուքյան էջում նա հանդես է եկել գեղեցիկ, պերճախոս հայտարարությամբ, որը սակայն բացարձակապես քաղաքական ուղերձ չէ, ու հասարակությանն ու փորձագիտական շրջանակներին մնում է ենթադրել, թե ինչ պատճառով է տեղի ունեցել Զեյնալյանի հրաժարականը։ Սա դրական երևույթ չէ ու գալիս է փաստելու այն ակնհայտ իրողությունը, որ իշխանությունն ինքը քաղաքական մշակույթի կրող չէ, ու դարձյալ գործ ունենք տարբեր ինտրիգների, ներիշխանական հակադրությունների, «ֆիլտրումների» հետ»,- գրում է թերթը։

Նույնը, ըստ թերթի, վերաբերում է ԲԴԽ նախագահի ու նրա տեղակալի հրաժարականներին, նոր իշխանությունների մի շարք ներկայացուցիչների՝ որոշ պարբերականությամբ հրաժարականներին.

«Առերևույթ այս հրաժարականների պատճառները պարզ են ու կապված են դատական համակարգի շուրջ տեղի ունեցող սկանդալային գործընթացների հետ։ Սակայն միևնույն է՝ հասարակության համար մութ են մնում հրաժարականների բուն պատճառները, ինչը հաճախ դավադրական վարկածների տեղիք է տալիս, մանավանդ, որ, օրինակ՝ Գագիկ Հարությունյանի պարագայում, նրա հրաժարականից ժամեր անց պաշտոնից հեռացավ նաև նրա եղբայրը՝ ԱԱԾ երկարամյա փոխտնօրեն Արզուման Հարությունյանը»։

Նոր ՀԴՄ-ի «սև շուկա»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում տնտեսվարողները դժգոհում են, որ չեն կարողանում ձեռք բերել 60 հազար դրամ արժողությամբ նոր սերնդի ՀԴՄ սարքեր։

ՊՈԱԿ-ից տնտեսվարողներին պատասխանում են, որ ՀԴՄ սարք չկա, մինչդեռ նույն մարդկանց խոսքով՝ «սև շուկան» լիքն է նոր սերնդի ՀԴՄ սարքերով։ Տարբեր անձինք «ձեռքի վրա» վաճառում են այդ սարքերը։

Թե դրանք ինչպե՞ս են հայտնվել «սև շուկայում» կամ ինչո՞ւ տնտեսվարողները չեն կարողանում հեշտությամբ ձեռք բերել այդ սարքերը՝ հարցերին թերևս պետք է պատասխանի ՊԵԿ-ը»։