ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մահացել է լուսանկարիչ Մարտին Շահբազյանը
2018-11-28 19:33:36

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, մահացել է ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի անձնական լուսանկարիչ Մարտին Շահբազյանը: Նրա մահվան մասին Facebook սոցիալական ցանցում գրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը։

Շահբազյանը մահացել է 78 տարեկանում։ Մահվան պատճառը հայտնի չէ։

Շահբազյանը ծնվել է 1940թ. հունիսի 25-ին Երևանում: 1958թ.-ին ավարտել է Նար-Դոսի անվան միջնակարգ դպրոցը:  6-րդ դասարանից հաճախել է Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների պալատի լուսանկարչական խմբակ:

Դպրոցն ավարտելուց հետո, որպես արտահաստիքային թղթակից, համագործակցել է Հայաստանի մի շարք լրատվամիջոցների հետ


1966
թ.-ից հաստիքային ֆոտոլրագրողի կարգավիճակով աշխատել է «Ռյա Թազա», «Հայրենիքի ձայն» և «Կոմունիստ» թերթերում: 1974-76թթ.-ին աշխատել է «Նովոստի» մամուլի գործակալության Հայաստանի մասնաճյուղում` որպես սեփական թղթակից:

1976-2001թթ.-ին աշխատել է «Արմենպրես» գործակալությունում:

2001-2018թթ. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի գրասենյակի ֆոտոթղթակիցն էր: Բազմիցս մասնակցել է միջազգային, միութենական ու հանրապետական ցուցահանդեսների, երեք անգամ ճանաչվել է ՏԱՍՍ-ի լավագույն լուսանկարիչ:

1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերին նվիրված լուսանկարը Reuters գործակալության կողմից արժանացել է «Տարվա լավագույն լուսանկար» մրցանակին: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի մի շարք երկրներում: