ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2018-11-29 09:53:03
  • «Հայկական Ժամանակ». Մտահոգությունների 5-րդ շարասյունը
  • «Փաստ». Քարոզարշավ՝ հիմնված լրահոսի վրա
  • «Հայոց Աշխարհ». Ընդդիմություն պարզապես չի կարող չլինել
  • «168 Ժամ». Ինչպիսի՞ քաղաքականություն է լինելու, ո՞ր ուղղությամբ՝ հայտնի չէ

Մտահոգությունների 5-րդ շարասյունը

«Հայկական Ժամանակ»-ը կանխատեսում էր, որ քարոզարշավը նախորդներից տարբերվելու է և՛ կոշտությամբ, և՛ անհանդուրժողականության բարձր «դոզայով», բայց չէր պատկերացնում, որ մեղադրանքներ կհնչեն՝ ուղղված պատերազմական վիճակում գտնվող երկրի գերագույն գլխավոր հրամանատարին, պետական դավաճանության «քաղաքական ծրագիր իրականացնելու» մեջ: Թերթը երևակայունից դուրս է համարում Դավիթ Շահնազարյանի փաստերով հիմնավորելու խոստումը, թե Նիկոլ Փաշինյանն իրականացնում է «իշխանություն Արցախի փոխարեն» ծրագիրը:

«Հայկական Ժամանակ»-ը գրում է.

«Դավիթ Շահնազարյանը չգիտի՞, որ մեծագույն ցանկությամ դեպքում անգամ Հայաստանի որևէ իշխանություն չի կարող հանձնել Արցախը: Անգամ՝ տեսականորեն: Ինչպե՞ս պիտի հանձնի, պիտի փաստաթո՞ւղթ ստորագրի, ասենք առաջին փուլում ազատագրված տարածքները վերադարձնելու մասին: Բայց դա թղթի վրա էլ կմնա, որովհետև Արցախի իշխանություններն այդ քայլին չեն գնա, և վերջ: Հայաստանի իշխանությունները պիտի է թույլ չտա՞ն, որ զորակոչիկները ծառայեն Արցախում, պիտի հրաժարվե՞ն Արցախի անվտանգության երաշխավոր կարգավիճակից: Բայց քա՞նի օր կպահպանի իշխանությունը այդպիսի կառավարությունը: Կամ գուցե պիտի «Պայմանավորված պատերազմո՞վ» հանձնեն տարածքները: Բայց դա նույնպես բացառված է: Սերժ Սարգսյանը 800 հեկտարը չմարսեց, որևէ մեկը մարսելո՞ւ է 1.2 միլիոն հեկտարը»:

Քարոզարշավ՝ հիմնված լրահոսի վրա

Նախընտրական քարոզարշավի երեք օրերը «Փաստ»-ի վրա տպավորություն են թողնում, թե ֆեյսբուքյան հարթակին բնորոշ քննարկումները պարզապես տեղափոխվել են նախընտրական ելույթների մակարդակ: Մասնակից ուժերի գերակշիռ մասը զբաղված է օրվա լրահոսին արձագանքելով, փոխադարձ հնչած հայտարարությունները հերքելով, դրանց պատասխանելով:

«Կարծես թե գործ ունենք ոչ թե քարոզարշավի հետ, որի նպատակը պետք է լիներ առավել համակարգված խոսակցությունը քաղաքացիների հետ, այլ արագ արձագանքման ռեժիմում ինֆորմացիոն մինի պատերազմի, որտեղ մասնակից ուժերը՝ հետևելով օրվա ինֆորմացիային, արձագանքում, հակադարձում ու քննադատում են միմյանց: Քաղաքական ուժերը կարծես թե, նախընտրական հանդիպումներն օգտագործում են որպես բեմահարթակ միմյանց պատասխանելու համար, ինչի արդյունքում խաղից դուրս է մնում քարոզարշավի հիմնական շահառուն՝ հասարակությունը»,-գրում է թերթը:

Իսկ հասարակության խնդիրները, թերթը տեսնում է ամենօրյա, ընթացիկ ինֆորմացիոն հոսքերից դուրս, կարծում է, որ դրանք ավելի խորքային են, հետևաբար, սպասում են խորքային լուծումների, խնդիրների մասին խորքային խոսակցության: Միաժամանակ ցավով նկատում է, որ այժմ գործ ունենք լրիվ հակառակի հետ:

«Այս իմաստով պատահական չէ ֆեյսբուքյան հարթակի հետ համեմատությունը, որովհետև ֆեյսբուքյան հարթակն էլ վերջին տարիներին կարծես դարձել է ոչ թե քննարկումների, այլ արագ արձագանքման, հերքման, հաստատման կամ ուղղակի բամբասանքի ու մրոտելու դաշտ»,- նշում է թերթը:

Ընդդիմություն պարզապես չի կարող չլինել

«Հայոց Աշխարհ»-ին զարմացնում է, երբ ասում են, թե այս ընտրություններում խորհրդարանական ընդդիմություն լինելու համար պայքարում Հանրապետականի գլխավոր մրցակիցն է «Բարգավաճ Հայաստանը»։

«Նախ՝ ի՞նչ ընդդիմություն ԲՀԿ-ից, եթե այդ քաղաքական ուժ բոլոր հարցերում սատարում է իշխանությանը։ Չի եղել այս յոթ ամիսների ընթացքում եւ ոչ մի դեպք (բացառությամբ հոկտեմբերի 2-ի մի քանի ժամվա), որ այս կուսակցությունը հակառակվի Փաշինյանի կառավարությանը։ Ավելին՝ Հանրապետականի վրա հարձակվելու առումով ԲՀԿ-ն հաճախ գերազանցում էր նույնիսկ «Ելքին», -գրում է թերթը։

Բացի այդ, ըստ թերթի, ԲՀԿ-ն «չարաչար» սխալվում է, եթե հուսով է, որ իշխանափոխությունից հետո Հանրապետականի կորցրած ձայներն ինքնաբերաբար կանցնեն իրեն: Նույնիսկ եթե հնարավոր համարվի, թե «վստահության ներուժը մշտական է եւ հոսելով անցնում է որոշ քաղաքական ուժերից մյուսներին», ապա ոչ մի բանից չի հետեւում, թե Հանրապետականի կորցրածը կհոսի դեպի ԲՀԿ։ «Հայոց Աշխարհ»-ը շատ ավելի հավանական է համարում, որ հոսքը կընթանա միանգամայն այլ ուղղությամբ։

Կարծում է պետք է հրաժարվել էժանագին պոպուլիզմից, ամեն մի իշխանությանը հարմարվելու փորձերից, ունենալ հստակ ծրագրեր ու մարտավարություն, դառնալ քննադատորեն մտածող մարդկանց ներգրավման գործիք, իրականացնել լուրջ սերնդափոխություն, չլինել մեկ մարդու ցանկություններից կախված կուսակցություն։

Ինչպիսի՞ քաղաքականություն է լինելու, ո՞ր ուղղությամբ՝ հայտնի չէ

«168 Ժամ»-ում գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախի կարծիք է հայտնել, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ընտրություններից հետո չի փոխելու ԱԳ և Պաշտպանության նախարարներին՝ ուղերձ էր արտաքին աշխարհին՝ փորձելով աշխարհաքաղաքական կենտրոններին վստահեցնել, որ այս ուղղություններում ոչինչ չի փոխվելու:

Բայց այս առումով, կարծում է, որ այդքան էլ հասկանալի իրավիճակ չէ, քանի որ նշվում է, որ փոփոխություններ չեն լինելու, կտրուկ շրջադարձեր չկան, նախարարը չի փոխվելու, բայց թե ինչպիսի՞ քաղաքականություն է լինելու, ո՞ր ուղղությամբ՝ հայտնի չէ կամ հստակ չէ:

«Նշվում է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը կրկին խորն է, սերտ, բայց խնդիրներ են առաջանում, խնդիրներ են ի հայտ գալիս նաև ՀԱՊԿ-ում: ԵՄ-ի հետ համագործակցության հարցում ինձ ոչինչ հասկանալի չէ, այն, թե ինչ փուլում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացումը, արդյո՞ք այդ համաձայնագիրը կփոփոխվի, թե՞ ոչ, արտաքին քաղաքական ի՞նչ այլ առաջնահերթություններ կան… Այս հարցերը, ըստ ամենայնի, ՀՀ իշխանությունները չեն հասցնում հստակեցնել: Սակայն նախընտրական քարոզարշավն այդ հարցերին անդրադառնալու լավ առիթ է»,- ասել է Հալբախը: