Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացումն իրատեսական է
2019-06-11 17:58:52

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Պետությունն առաջիկայում մտադրվել է լուծել մի շարք առաջնային խնդիրներ, որոնք կապված են կենսաթոշակների հետ: Խոսքը միայն բարձրացման մասին չէ: Օրինակ՝ աշխատանքային միգրանտների կենսաթոշակի խնդիրը եւս մոտ ապագայում լուծում է ստանալու: ԵԱՏՄ տարածքում բանաձեւը գտնվել է եւ մինչեւ տարեվերջ հնարավոր է ստորագրվի վերջնական փաստաթուղթը:  

2020-ին իրատեսական է աշխատավարձերի եւ կենսաթոշակների բարձրացումը: «Իմ քայլը» խմբակցությունից երկու պատգամավոր արդեն մշակել են նախագիծ, որով առաջարկում են նվազագույն աշխատավարձը սահմանել 65 հազար դրամ գործող 55 հազարի փոխարեն:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում նախնական քննարկումներ արդեն եղել են: Միաժամանակ՝ գնահատվել է կենսաթոշակների բարձրացման հնարավորությունը:

«Նախատեսվում է բարձրացնել, թե նվազագույն կենսաթոշակի չափը, թե քայլեր ձեռնարկել, որպեսզի բարձրանա միջին կենսաթոշակի չափը: Բոլոր կենսաթոշակները 10 տոկոսով բարձրացնելու համար մեզ անհրաժեշտ է լինելու շուրջ 30 միլիարդ դրամ: Եթե առաջարկությունը ներկայացվել է, ուրեմն նախնական տեսել ենք դրա հնարավորությունը»,- ասաց փոխնախարար Սմբատ Սաիյանը:

Աննախադեպ մեկ այլ լուծում առաջիկայում տրվելու է ԵԱՏՄ տարածքում աշխատանքային միգրանտների ստաժի հաշվարկման եւ կենսաթոշակ տրամադրելու հարցին: Սմբատ Սաիյանը մասնակցել է համապատասխան միջպետական համաձայնագրի մշակմանը եւ հաստատում է՝ այս հարցում կողմերը հասել են վերջնական փուլի:

«ԵԱՏՄ շրջանակներում կենսաթոշակը կվճարի այն պետությունը, որին կատարել են վճարումները: Սա նշանակում է, որ եթե ՀՀ քաղաքացին, որն աշխատել է ՀՀ-ում եւ մշտական բնակության է տեղափոխվել ՌԴ, ապա ՀՀ-ից նրան նշանակված եւ վճարվող կենսաթոշակի գումարը կարող է ստանալ նաեւ Ռուսաստանի Դաշնությունում»:

Հայտարարությունները հաստատում է նաեւ ռուսական կողմը: ՌԲԿ-ն հայտնում է, որ ռուսական կողմը դրամական օգնություն է տրամադրելու աշխատելու նպատակով Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրներից դաշնության տարածք ժամանած անձանց:

 Հաշվարկվել է, եթե անձը այդ երկրում աշխատել է, ներդրում կատարել, ապա ապահովագրական կենսաթոշակի իրավունք է ստանում: Երկիրը նրան վճարելու է հայրենիք վերադառնալուց կամ ԵԱՏՄ այլ երկիր հեռանալուց հետո: Ձեւակերպումներից հասկանալի է, որ այս կարգավորումները գործելու են բացառապես գրանցված աշխատողների համար:

Նորարարությունը մշակվել է 2019 թվականի գարնանը: Հավանաբար, ԵԱՏՄ երկրներն այն կստորագրեն մինչեւ տարվա վերջ:

Իսկ ահա Հայաստանից «դուրս» գտնվող կենսաթոշակառուները մինչ այսօր այլ խնդիր եւս ունեին: 2018-ին մոտավորապես 3 500 կենսաթոշակառու որեւէ ամսվա ընթացքում կենսաթոշակ չի ստացել: Նրանց չվճարված կենսաթոշակի գումարի ընդհանուր չափը  կազմում է 3.5-4 միլիարդ դրամ:

«Եթե անձը տեւական ժամանակ գտնվում է ՀՀ-ից դուրս, նա իր կենսաթոշակը ստանալու համար ստիպված է վերադառնալ ՀՀ, որից հետո սահմանված կարգով նրան կվճարվի վերջին մեկ տարվա չվճարված կենսաթոշակի գումարը: Այս մոտեցումը պայմանավորված է եղել համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերով եւ չարաշահումներով: Ի՞նչ ենք նախապատրաստվում անել այս առումով՝ ըստ էության, որոշման խնդիր է: Եթե մենք որոշում ենք եւ գտնում ենք, որ մեր պետությունը պատրաստ է ֆինանսավորել նաեւ արտերկրում ապրող կենսաթոշակառուների կենսաթոշակը, ապա անհրաժեշտություն կառաջանա իրականացնել օրենսդրական փոփոխություն: Միջազգային պրակտիկայում այդ խնդիրը լուծվում է երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերի միջոցով»:  

Ժողովրդագրական խնդիրը շարունակում է հետապնդել Հայաստանին: Երկիրը սրընթաց «ծերացնում» է։ Կենսաթոշակառուների թիվը Հայաստանում շարունակում է աճել՝ այս տարվա հունվարի համեմատ կենսաթոշակառուների թիվը կրկին աճել է շուրջ 2 հազարով եւ հատել 460 հազարը:   

0:00
0:00