Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կիլիկիայի մանրանկարչությունը որպես զարդ
2019-06-12 12:54:57

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Սայաթ- Նովա 24 հասցեի մի փոքրիկ արվեստանոցում ստեղծվում են հայկական արտադրության զարդեր, որոնք պատմում են մանրանկարչության ու Կիլիկիայի մասին:

Կենսաբանից զարդագործ

«ՎԱՌ» բրենդի և «ՎԱՌ Մուլտիբրենդ» ընկերության հիմնադիր Արմեն Վարդապետյանը՝ Վառը, արդեն 11 տարի է ստեղծում է իր սեփական զարդերը: 10 տարի Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում դասախոսել է, բայց բախտի բերմամբ դարձել ՀՀ ժողովրդական վարպետ: Հիմա էլի աշխատում է երիտասարդների հետ, բայց սովորեցնում զարդեր պատրաստել:

Վերջին տարիներին եղել են մարդիկ, որոնք ցանկացել են մասնագիտանալ զարդագործի արվեստանոցում, սովորել են, դարձել վարպետի աշակերտները։ Արմենը սովորեցնում է անվճար՝ երիտասարդներն ունեն դրա կարիքը, ասում է, հնարավորություն է տալիս նաև մնալ ու աշխատել իր արվեստանոցում։

Ինչպես սկսվեց

«Զարդեր պատրաստելը եղել է հոբբի, ինձ գտել եմ այդ ոլորտում և սկսել աշխատել»,- իր պատմությունն այսպես է սկսում Արմեն Վարդապետյանը: 2008 թվականին սկսեց ուսումնասիրել զարդագործությունը, պատրաստել ու վաճառել իր աշխատանքները «ՎԱՌ» անվան տակ։ Արմենն աշխատում է տարբեր նյութերի հետ, աշխատում՝ հավաքածուներ ստեղծելու սկզբունքով։

«Մեկ օրում կարող եմ պատրաստել մի քանի զարդ, նայած պահանջվող աշխատանքի ծավալից։ Զարդ կա՝ մեկ տարվա ընթացքում եմ կամաց-կամաց հավաքում։ Սիրում եմ աշխատել նաև բնական չմշակված քարերով», - պատմում է Արմենը:

Զարդերում հայկական նախշերն են: Ամեն մի զարդ, որ դուրս է գալիս Հայաստանի սահմաններից, դեռ երկար պատմելու է մեր արվեստի մասին՝ ասում է Արմենն ու մեծ կարևորություն տալիս իր «ԿԻԼԻԿԻԱ» հավաքածուին։

Կիլիկիայի մանրանկարչությունը գրավիչ է՝ լի շատ գույներով, բայց դրան քիչ են անդրադարձել: Այս շրջանը հայկական արվեստի զարգացման ամենագեղեցիկ ու հարուստ շրջաններից մեկն է եղել:

Բոլոր մոտիվներին հնարավոր չէ անդրադառնալ, քանի որ հնարավոր չէ բոլորը զարդ դարձնել։ Երկար ուսումնասիրելուց հետո առանձնացնում, հանում է այն զարդանախշերը, որոնք կարող են դառնալ կրելի զարդ, որոնք պետք է լինեն նաև պրակտիկ:

Երկար ժամանակ թանգարաններում փնտրել է Կիլիկյան իրական զարդեր, սակայն չի գտել։ Կիլիկյան Հայաստանում զարդերը հավաքել են ժողովրդից, ձուլել ու որպես արծաթե տուրք մուծել։

Խնդիրների մասին, որ չեն ընկճում

Արմենը ստեղծել է նաև «ԱՐՈւՅՐ» բրենդը, որը արտացոլում է Հայաստանի պատմությունը զարդերի տեսքով, սկսած բրոնզե դարից, երբ դեռևս մ.թ.ա. 4-րդ դարում գործում էին արույրի ձուլակտորներ։

Սկզբում իր աշխատանքներից բաժանվելը դժվար է եղել, հետո ժամանակի ընթացքում սովորել է բաժանմանը: Ասում է՝ ինձ միշտ հետաքրքիր են զարդեր կրողները:

Վարպետը պլաններ ու երազանքներ ունի՝ ցանկանում է տարբեր բրենդներ շուկա հանել, այդպիսով նաև ստեղծել շատ աշխատատեղեր։

«Եթե կառավարությունը կարողանա աջակցել տարածքի հարցում, կարող եմ արտադրություն հիմնել և աշխատատեղ ստեղծել»,- հուսով է Արմենը:

Արվեստանոցում փոքրիկ թանգարանային մաս էլ կա, այստեղ են հայկական մետաղյա գեղարվեստական և պատմական նշանակության իրերի հավաքածուներ։ Դրանք մեծ հետաքրքրություն են առաջացնում զբոսաշրջիկների մոտ: Գնորդները ինչպես հայաստանիցներ են, այնպես էլ զբոսաշրջիկներ, սփյուռքահայեր։

«ՎԱՌ» բրենդի զարդեր կարելի է գնել հենց զարդագործի արվեստանոցից՝ Սայաթ-Նովա 24 հասցեից, Նկարիչների միությունում գործող սրահից և Մատենադարանի գլխավոր մուտքի ցուցափեղկից:

0:00
0:00