ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քաղաքական ուժերը տնտեսական ի՞նչ առաջնահերթություններ են կարևորում
2018-11-29 13:46:44

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Մրցունակ տնտեսություն, արտահանման խթանում, պայքար մենաշնորհների դեմ, աշխատատեղերի ստեղծում. արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը այսպիսի տնտեսություն են խոստանում առաջիկա տարիներին:

0:00
0:00

«Իմ քայլը» դաշինքում առաջնայինը քաղաքական հեղափոխության արդյունքներին ամրապնդմանը զուգահեռ տնտեսական հեղափոխություն իրականացնելն է: Սա հնարավոր է՝ ՀՀ տնտեսության կառուցվածքի փոփոխությամբ միայն: Դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ՝ ագրարային, պարզ հանքարդյունաբերող եւ խաղադրույքներ կատարող երկրից Հայաստանը պետք է վերածվի արդյունաբերական, բարձր տեխնոլոգիական երկրի:

Հավակնոտ տնտեսական ծրագրերը կյանքի կոչելու քայլը ներկայացնում են «Իմ քայլը» դաշինքից Նիկոլ Փաշինյանն ու Տիգրան Ավինյանը:

«Առաջին և ամենակարևոր քայլերից մեկն այն փոփոխություններն են, որոնք մենք պատրաստվում ենք անել հարկային օրենսդրությամբ: Տեխնոլոգիական ոլորտի համար առաջիկայում 13 տոկոսային կետով պատրաստվում ենք իջեցնել եկամտային հարկը: Մինչև 20 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողներն ուղղակիորեն ազատվելու են գրեթե բոլոր հարկերից: Փորձելու ենք հնարավորինս վերացնել բյուրոկրատական սահմանափակումները՝ բիզնեսի բացումը, զարգացումը և հետագա նույնիսկ լուծարումը պետք է լինի շատ դյուրին գործընթաց»:

Իշխող ուժից վստահեցնում են՝ այս պահին քննարկումների տարբեր փուլերում են գտնվում 500 միլիոն դոլարի հասնող ներդրումային ծրագրերը:

Ինչպես իշխանության տարիներին, այնպես էլ այժմ ՀՀԿ-ում կարևորում են ներառական տնտեսական աճը: Մենաշնորհներից ազատությունն այդ հնարավորությունների ստեղծման անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է՝ ասում է ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Գագիկ Մինասյանը:

«Որպեզի մենք ունենաք հզոր տնտեսություն, պետք է աշխատենք միայն արտահման վրա: Չեք կարող ապահովել այդ հզոր տնտեսությունը, եթե այն միտված է միայն ներքին շուկայի վրա: Եթե ուզում եք ձեր տնտեսությունը աշխատի միջազգային շուկայի վրա, այն պետք է լինի ժամանակակից, մրցունակ»:

«Բարգավաճ Հայաստանն այս ընտրություններում տնտեսական հեղափոխությունն է կարևորում՝ առաջնային համարում բիզնեսին հարկերից ազատելը, ներդրողների պաշտպանությունը, հարկերի թեթևացումը, սակագների և վարկերի տոկոսադրույքների նվազեցումը: ԲՀԿ-ի ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Միքայել Մելքումյանը կարևորում է բարեփոխումների կտրուկ և տեսանելի լինելը:

«Ոչ թե պետք է խոսենք 3-4 տոկոս տնտեսական աճի, այլ պետք է խոսենք, որ երկնիշ տնտեսական աճ ունենանք: Պատահական չէ, որ դրան հաջորդել է մեր կուսակցության ղեկավարի տարիներ շարունակ իրականացվող գործունեությունը՝ միտված երկիր մեծածավալ ներդրումներ ներգրավելուն»:

«Օրինաց երկիր» կուսակցությունում տնտեսության կառավարման գործընթացում կարևորում են պետական ակտիվ մասնակցությունը: Պետական մասնակցություն՝ տարբեր խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում: ՕԵԿ առաջնորդ, համամասնական ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանն ասում է.

«Մենք կարող ենք մեր երկրում ոչ թե օֆշորներում գրանցված թալանել Հայաստանի ընդերքը, այլ տեղում աշխատատեղ ստեղծվել, մարդը աշխատի և վերջնական արդյունքը տեղի ունենա այստեղ»:

«Մենք» դաշինքից նույնպես խոստումներ են հնչում. կստեղծեն օտարերկրյա ներդրումների երաշխավորման հիմնադրամ: Դաշինքում դեմ են կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչին: Համամասնական ցուցակի երկրորդ տեղում հանդես եկող Խաչատուր Քոքոբելյանն առաջարկում է.

«Հինգ ցանկացած տնտեսվարող Հայաստանում 10 մլն դոլարի ներդրում անելիս և 100 աշխատատեղ ստեղծելիս 5 տարով ազատել հարկերից»:

«Լուսավոր Հայաստան»-ում հիմնական շեշտադրումն ազատ մրցակցության ապահովումն է, գերփոքր բիզնեսին հարկերից ազատելը: «Բոլոր բարեփոխումների կենտրոնում պետք է լինի Հայաստանի քաղաքացին»,-նշվում է «Լուսավոր Հայաստանի» ծրագրում: Կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված Գևորգ Գորգիսյանը կարծում է, որ հնարավոր է եկամտային հարկը շատ իջեցնել, զուգահեռ կիրառել շքեղության հարկ.

«Հանքերով և այլնով ի վերջո պետությունը վերացնելու ենք: Գուցե հանքերը հիմա ինչ որ եկամուտ են բերում, բայց տասնյակ տարիների համար դրանք խնդիրներ են ստեղծում: Հետագայում դրանք լուծելու համար միլիոնավոր գումարներ ենք ծախսելու»:

«Սասնա ծռերը» ևս փոքր բիզնեսի համար հարկային արձակուրդի առաջարկ է անում, առաջարկում է նաև ստեղծել ազգային ներդրումային հիմնադրամ, զարգացնել այլընտրանքային էներգետիկան, փոխել գնումների գործընթացը: Սրանք մի փոքր մասն են կուսակցության առաջարկած տնտեսական ծրագրից: Ըստ «Սասնա ծռերի» նախընտրական ցուցակում ներառված Գարեգին Չուքասզյանի՝ հիմնական մարտահրավերը տնտեսության կառուցվածքը վերականգնելն է.

«Ամբողջովին ամեն ինչ կառուցված է ներմուծման վրա, դրան գումարվել է վաշխառուական կապիտալով բանկերը և այդ պարագայում հիմնական խնդիրը, որ կանգնած է երկրի առջև , դա մեր տնտեսության կառուցվածքը վերականգնելն է, որովհետև այսպես մենք ավերակ տնտեսություն ենք ունենալու:

ՀՅԴ- ում խոստանում են ներդնել արդար բաշխման սկզբունքը, կարևորում են գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, գյուղացիներին պետական աջակցություն տրամադրելը: Գյուղապահովագրությունը, ռիսկերի նվազեցման գործիքների կիրառումը նույնպես օրակարգում է: ՀՅԴ Գերագույն մարմնի և ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի փորձագիտական խմբի անդամ, Արարատի մարզի ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Արմեն Գրիգորյանին հիշեցնում եմ գյուղացիական տնտեսություններին այժմ էլ տրվող պետական աջակցության մասին.

«Դա ուղղակի ոնց որ նպաստ ստանան, պետք է տեխնիկապես էլ վերազինել, կայացնել իրական կոոպերացիաների ինստիտուտը: Մի քանի ամիս առաջ դեպքեր եղան, որ կաթ արտադրողները դուրս եկան, ճանապարհը փակեցին:Եթե ունենայինք կաթ արտադրողների կոոպերացիա, ոչ թե մթերող կազմակերպություններն իրենք կթելադրեին շուկայի գինը, այլ՝ արտադրողները:

«Ազգային առաջընթաց» կուսակցությունում տնտեսության զարգացման հիմնական շեշտը դնում են փոքր ու միջին բիզնեսի զարգացման վրա։ Օրակարգում նաև այլընտրանքային էներգիայի ու գյուղատնտեսության զարգացումն է:

Հայկ Փայտյանն ասում է.

«Արդյոք, Հայաստանում վերացնում ենք մոնոպոլիան, ինչը ՓՄՁ-ի զարգացման հիմնական հանգամանքն է: Այն փաստը, որ հիմա ով ինչ ուզում ներմուծում է, դա ամբողջովին մոնոպոլիան չի վերացնում: Այն ավելի բարդ կոմպլեքս է, ենթադրում է, համակարգային փոփոխություններ»:

«Քաղաքացու որոշում» կուսակցությունից Սուրեն Սահակյանը ՓՄՁ զարգացում է խոստանում, ուղիներն է մատնանշում.

«Մենք չենք ուզում նաև նախկին ԽՍՀՄ օրակարգը, որ համահարթեցնում են բոլորին: Վերևից, ներքևից կտրում էին, դասավորում էին նույն չափի արկղերի մեջ և ասում էին կգնաք, այսպես էլ կապրեք: Մարդը ամաչում էր, որ բիզնեսում մեծ հաջողություն ուներ»:

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունում տնտեսության զարգացման իրենց տեսլականն ունեն : Ցուցակում ընդգրկված Հայկ Սուքիասյան.

«Պետությունը պետք է կարողանա պրոտեկցիայի քաղաքականություն վարել: Մենք պետք է կարողանանք մեր ներքին արտադրողին պաշտպանել: Հիմնական նպատակը պետք է լինի Հայաստանի ներքին արտադրողական ուժերի զարգացումը: Վաշխառուական կապիտալը պետք է ներդրում անի Հայաստանի տնտեսության զարգացման գործում»:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերը քաղաքացու կյանքի որակի փոփոխություն ու բարելավում են խոստանում: